«Զատուլինի՝ ՀՀ մուտքի արգելքն աչքալուսանք էր Ադրբեջանին և Թուրքիային». Ագնեսա Խամոյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի կայքում հրապարակված հոդվածին, որտեղ նշվում է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
«Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան թերթով գաղտագողի, անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրը» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Մարդու, ով միշտ աչքի է ընկել բացառապես իր հայամետ դիրքորոշումներով, մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել է Ադրբեջան՝ Արցախ այցելելու և ղարաբաղյան հակամարտությունում հայանպաստ դիրքորոշումներով հանդես գալու համար։
Սա աչքալուսանք էր Ադրբեջանին և Թուրքիային, որոնց քաղաքացիներն անարգել մուտք են գործում Հայաստան, պղծում ցեղասպանության հուշահամալիրը, որոնց պաշտոնյաները, որ բազմիցս հանդես են եկել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններով, բայց Հայաստանի օրվա իշխանությունների կողմից չե՛ն հռչակվել անցանկալի անձ, այլ ճիշտ հակառակը՝ արժանացել են նրանց բարեհաճությանը և բաց դռների քաղաքականությանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ Կոնստանտին Զատուլինն է հեղինակել ՌԴ Պետդումայի 1995 թվականի որոշումը, որից հետո Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Հետևողականորեն հայ-ռուսական հարաբերությունները փչացնող օրվա իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում դաշնակից Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի խոսքերը և անտեսում նրա հայամետ դիրքորոշումը։ Քանզի «հավաստի աղբյուրին» բացառապես սեփական աթոռն է հետաքրքրում, այլ ոչ երկրի շահը։
Ի գիտություն Ձեզ, պարոն Զատուլինն արդեն հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների հիստերիկ որոշումները չե՛ն ազդելու իր հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա»,- եզրափակեց Ագնեսա Խամոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում