Բորիս Բախշիյանը պայթեցրել է փուչիկը. Դավիթ Արղամանյանը՝ անելանելի վիճակում
Երբ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով մրցույթի օրը հայտարարվեց, 168.am-ն անդրադարձավ դատավորների հնարավոր թեկնածուներից մի քանիսին:
Խոսքն արդեն հայտնի «կալանք տվող» դատավորների մրցույթի մասին է:
Մենք տեղեկացրել էինք, որ դատավորներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է՝ Դավիթ Արղամանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման:
Դավիթ Արղամանյանը նաև մեծ եռանդով թմբուկ է խփում՝ Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելով, ու «դըմփ-դըմփ-հու» կանչում:
Այսօր ժամը 18։00-ին Դավիթ Արղամանյանը կորոշի՝ իր գործընկեր Բորիս Բախշիյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ:
Բայց, օրինակ, ԲԴԽ-ում վստահ են, որ Դավիթ Արղամանյանը բացարձակապես քաղաքականապես չեզոք է ու կկարողանա արդարացի դատական ակտ կայացնել Բորիս Բախշիյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) միաձայն թույլ տվեց քրեական հետապնդման ենթարկել ու կալանավորել:
Դատավորը մեղադրվում է, որ կալանավորել է չարամտորեն դատական նիստերն արհամարհող, դրանց չներկայացող ամբաստանյալին, ով, պարզվում է, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է:
Ուշագրավ է, որ մինչև հայտնի դառնալը, թե ով է քննելու Բախշիյանի գործը, իրավաբանական համայնքում շատերը վստահ էին, որ դա լինելու է հենց Դավիթ Արղամանյանը:
Մենք, իհարկե, չենք կարող վստահ ասել՝ ինչ քաղաքական հայացքներ ունի Դավիթ Արղամանյանը հիմա, բայց որ դատավորների այս ընտանիքում դրանք կարող են փոփոխվել՝ կախված քաղաքական իրավիճակից, ապացուցվում է փաստերով:
Մասնավորապես, Դավիթ Արղամանյանի հայրը՝ Մհեր Արղամանյանը, ով հիմա հանդես է գալիս հեղափոխական դիրքերից, ժամանակին փաստորեն հակահեղափոխական է եղել նիկոլփաշինյանական տրամաբանությամբ:
2008թ. ցույցերի ժամանակ՝ փետրվարի 23-ին, նախկին զինդատախազ, ներկայում ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին ձերբակալվում է նաև վերջինիս եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը:
Եվ ահա պարզվում է, որ Վարդան Ջհանգիրյանի գործով քննության ժամանակ Վերաքննիչ դատարանի կազմում եղել է նաև Մհեր Արղամանյանը ու դատել Վարդան Ջհանգիրյանին:
Արդեն իշխանափոխությունից հետո Վճռաբեկ դատարանն էլ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ (ՄԻԵԴ) հակառակ վճիռներն են կայացրել՝ ՀՀ կառավարությունից ապացույցների տոտալ չներկայացման, ՄԻԵԴ-ի հարցումներին պատասխանների բացակայության պայմաններում:
Ի դեպ, շատ ծանր իրավիճակում է հայտնվել Դավիթ Արղամանյանը:
Երկու օր շարունակ Բորիս Բախշիյանի գործով դատական նիստ չնշանակելուց հետո այսօր վերջապես հայտնի դարձավ, որ նիստը կկայանա ժամը 18։00-ին:
Լուրը տարածվելուց քիչ անց, 168.am-ի տեղեկություններով, անակնկալ կերպով ու առանց բացատրությունների Բախշիյանի ներկայացուցիչներին տեղեկացնում են, որ դատական նիստի օրը փոխվել է. այն կկայանա վաղը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ Դավիթ Արղամանյանը չի համաձայնում կալանավորել Բորիս Բախշիյանին, որովհետև դատավոր Բախշիյանը պայթեցրել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) փչած փուչիկը Բախշիյանի մեղսակցության առնչությամբ:
Պարզվում է՝ դատավորն ԱԱԾ-ում հատ-հատ ապացույցներով հերքել է իր առնչությունն իրեն վերագրվող արարքին, որի մանրամասներն այս պահին չենք հայտնում, և դատավորը հայտնվել է անհասկանալի վիճակում՝ կալանավորել չի կարող, չկալանավորել, ըստ էության՝ նույնպես:
Այստեղ հետաքրքիր է հասկանալ՝ ինչ են զգում ԲԴԽ անդամները, հատկապես նրանց՝ դատավոր ներկայացուցիչները, ովքեր ԱԱԾ-ի «կուտն ուտելով», «փուռը տվեցին» իրենց գործընկերոջը, և այն էլ՝ ինչպիսի ջանասիրությամբ: