2023թ․ ՀՀ պետբյուջեով Արցախին նախատեսված է տրամադրել 144 մլրդ դրամ՝ բյուջետային վարկ
Հայաստանում 2023 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական բյուջեն ավելացնել 160 մլրդ դրամով, այսպիսով` այն կկազմի շուրջ 505 մլրդ դրամ: Պետբյուջեով նախանշված է նաև, որ դրամային արտահայտությամբ պետական պարտքը կնվազի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի մանրամասներն է ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:
«Սա կառավարության 2022-2026 թթ ծրագրի երկրորդ բյուջեն է: Մենք հետևողական ենք կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ: Որդեգրել ենք գործողությունների որոշակի հաջորդականություն»,-ասաց Հովհաննիսյանը:
Հաջորդ տարվա պետբյուջեով ծախսերը կկազմեն շուրջ 2 տրլն 590 մլրդ 147 մլն դրամ: Որպես կանոն սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերն ամենամեծն են:
Խոսելով ծախսերի ավելացումներից՝ փոխնախարարն ընդգծեց, որ մյուս տարի պետք է փորձեն բարելավել երկրի անվտանգային միջավայրը՝ կայուն հիմքեր ստեղծելու հետագա զարգացման համար: Այսպիսով՝ ամենամեծ ավելացումը վերաբերելու է պաշտպանության ոլորտում իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը: «Պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը տոկոսային հարաբերությամբ հիմա ավելի են մեծացել, քան նախկինում: Պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի համար 2023 թվականին նախատեսվել է շուրջ 505 մլրդ դրամ, որը 2022-ի համեմատ ավել է 160 մլրդ դրամով: Որևէ այլ ուղղությամբ նման աճ նախատեսված չէ»,-նշեց փոխնախարարը:
Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսվում են ավելացումներ գրեթե բոլոր ոլորտներում: Հովհաննիսյանի խոսքով՝ ավելացնելու են թոշակները: Սա պետական բյուջեի ծախսային հոդվածներում ամենամեծ ավելացումներից է: Շարունակվելու են ենթակառուցվածքների գծով իրականացվող ներդրումները: Փոխնախարարի վստահեցմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը շարունակում է լինել կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը:
Հովհաննիսյանի խոսքով՝ 2023-ի պետբյուջեով Արցախի Հանրապետությանը նախատեսված է տրամադրել 144 մլրդ դրամ (բյուջետային վարկ)` նույն չափով, ինչ նախատեսված էր տրամադրել 2022 թվականին: Բացի այդ 2023-ին նախատեսվում է իրականացնել «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը» նոր միջոցառումը, որը հնարավորություն կտա տեղահանված 1283 ընտանիքների ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։
2023-ի պետբյուջեի նախագծի հիմքում դրվել է նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «7 տոկոս տնտեսական աճը նախատեսված էր կառավարության ծրագրով: Միջինում կանխատեսվում էր 7-9 տոկոս տնտեսական աճ առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,-նշեց Հովհաննիսյանը:
Իսկ թե հիմնականում ո՞ր ոլորտների աճի հաշվին պետք է ապահովվի այդ 7 տոկոս տնտեսական աճը՝ փոխնախարարը ներկայացրեց նախատեսվող ցուցանիշները: Աճ է նախատեսվում գրեթե բոլոր ոլորտներում. արդյունաբերության ոլորտում՝ 5.1 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 3, շինարարությունում՝ 9.6, ծառայությունների ոլորտում՝ 8.2 տոկոս:
Կառավարության նպատակներից է նաև արտադրողականության աճի բարձրացումը: Այդ ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարությունը աջակցություն է տրամադրում ձեռնարկություններին, որոնք ցանկություն ունեն նոր սարքավորումներ, նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել, որոնք պետք է բերեն արտադրողականության աճին:
Անդրադառնալով հարցին, թե ՀՆԱ-ի աճի այդ ցուցանիշը նախանշելիս արդյոք հաշվի առե՞լ են այն հնարավոր ռիսկերը, որոնք տարվա ընթացքում կարող են ի հայտ գալ՝ փոխնախարարը վստահեցրեց, որ հաշվի են առնում բոլոր ռիսկերը, որոնք կան այդ ցուցանիշին հասնելու համար և միջոցներ ձեռնարկում՝ մեղմելու դրանք: «Բնականաբար ամբողջ աշխարհը հիմա գտնվում է բավականին անկայուն ժամանակաշրջանում, որտեղ առկա են բազմաթիվ ռիսկեր՝ ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական: Ամբողջ աշխարհում խաթարված են արժեշղթաներն ու լոգիստիկ շղթաները: Եվ դա մեծ խնդիր է առաջացնում մանավանդ Հայաստանի նման երկրի համար, որը ելք չունի դեպի ծով: Դրա համար կառավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ օգնելու ՀՀ տնտեսավարողներին իրենց արտահանումների և ներմուծումների գործընթացն ավելի պարզեցնելու համար: Ռիսկերը բավականին մեծ են, բայց մեր խնդիրն է, որ մենք հմտորեն կարողանանք կառավարել այդ ռիսկերը, ի հայտ գալու դեպքում էլ չեզոքացնենք, որպեսզի կարողանք իրականացնել քաղաքացիներին տրված խոստումները»,-ասաց նա:
Իսկ պետբյուջեով նախանշված եկամուտները կազմում են 2 տրլն 301 մլրդ 291 մլն դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 203 մլրդ դրամ: Ընդ որում 2022 թվականի պետբյուջեով եկամուտները կազմում էին 1 տրլն 947 մլրդ դրամ:
«2022 թվականի տնտեսական աճը, որը, հավանաբար, կկազմի 12 տոկոս, շատ լավ հիմքեր է ստեղծում նրա համար, որ մենք կարողանանք հաջորդ տարի բարելավել մեր եկամուտները: Սա տեղի է ունենում տնտեսական աճի պոտենցիալի մեծացման, նաև վարչարարության բարելավման շնորհիվ: Մենք այս պահին ունենք մոտ 23 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն, որը պատրաստվում ենք բարելավել 0.5 տոկոսային կետով»,-նշեց փոխնախարարը:
Փոխնախարարն անդրադարձավ նաև պետական պարտքին՝ նշելով, որ դրամային արտահայտությամբ պարտքը նվազելու է, պարտքի 70 տոկոսն արտարժույթով է, իսկ դրամն արժևորվել է: «Եթե 2022-ի բյուջեն պլանավորելիս նախատեսում էինք ունենալ 4 տրլն 740 մլրդ դրամ պարտք, ապա 2023-ի ավարտին պլանավորում ենք ունենալ 4 տրլն 627 մլրդ դրամ պարտք»,-նշեց Հովհաննիսյանը:
Սակայն դա չի նշանակում, որ նոր պարտքային միջոցներ չեն ներգրավվելու:
«Բնականաբար, մենք նոր պարտքային միջոցներ ներգրավելու ենք, քանի որ բազմաթիվ ծրագրեր ունենք՝ այդ թվում ենթակառուցվածքային, որոնք իրականացվում են արտաքին ֆինանսավորմամբ՝ այսինքն վարկային միջոցներով: Մենք նաև քաղաքականությունների բարելավման ուղղությամբ բյուջետային աջակցության վարկային ծրագրեր ենք իրականացնում: Եվ բնականաբար նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք»,-եզրափակեց փոխնախարարը:
Պետական բյուջեի նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում, ապա՝ լիագումար նիստում: