«Ադրբեջանը փորձելու է Տավուշի ուղղությամբ որոշակի լարվածություն ապահովել». Վիտալի Մանգասարյան
Մոտ մեկ ամիս առաջ The Economic Times-ը տեղեկություն տարածեց, որ Հնդկաստանը Հայաստանին զինամթերք կմատակարարի:
The Economic Times-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանը Հայաստան կարտահանի Pianka հրթիռային համակարգեր, որոնք արդեն իսկ ծառայում են հնդկական բանակին, և, որ Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ, ինչպես նաև այլ զինամթերքներ, նախատեսված է նաև Swathi ռադարների մատակարարում:
Ըստ աղբյուրի՝ մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 244 միլիոն դոլար:
Ավելի ուշ այս տեղեկության մասին սկսեցին խոսել ՀՀ իշխանական շրջանակները, իսկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը չհերքեց այդ լուրի իսկությունը:
Հոկտեմբերի 18-ին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնեց Հնդկաստան:
Այս այցի համատեքստում հնդկական ThePrint առցանց թերթը գրեց, որ Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։
«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել»,- մանրամասնել էր ThePrint-ը։
Իշխանությունները, նրանց մերձակա փորձագետները չափազանց ոգևորված են Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ձեռքբերման և վերը նշված սպառազինության ընտրության փաստով, մինչդեռ ոչ իշխանական ճամբարում գտնվող որոշ փորձագետներ որոշ վերապահումներ ունեն:
Ի դեպ, իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս ԱԺ պաշտպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, հայտարարում են, որ Հայաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ևս քննարկում են սպառազինության ձեռքբերման հարցեր, անգամ՝ Իսրայելից որոշակի սպասումներ կան այս առումով, մասնավորապես, պաշտպանական զենքերի առնչությամբ:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ:
– 44-օրյա պատերազմից արդյունքում, հայտնի է, որ մեր զինված ուժերը սպառազինության իմաստով բավականին մեծ կորուստներ է կրել, և այդ բացը լրացնելու և մեր հնարավորությունները մեծացնելու գործում չափազանց մեծ անելիքներ կան:
Հնդկաստանի հետ վերջին ռազմական գնումների վերաբերյալ կասեմ, որ սպառազինության կարիքները լրացնելու և զինված ուժերի հնարավորությունները որոշակի բարձրացնելու գործում մի փոքր քայլ է, այդ ամենը պետք է շարունակական լինի: Մենք բոլոր երկրների հետ պետք է փորձենք համագործակցել, և, հատկապես, զինված ուժերը բարձր տեխնոլոգիական ուղղություններ ունեցող զենք-զինամթերքով համալրենք, սրան զուգահեռ անձնակազմը պատրաստել նշված զենքին տիրապետելուն:
Բայց միջազգային պրակտիկայում, երբ որևէ երկիր հայտարարում է, որ այս կամ այն երկրից պատրաստվում է զենք-զինամթերք գնել, առնվազն այդ զենքի մի մասը գտնվում է տվյալ կամ գնորդ երկրում: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյոք մենք, երբ խոսում ենք Հնդկաստանից ռազմական տեխնիկայի գնումից, արդեն ստացե՞լ ենք որոշակի տեխնիկա, թե՞ նոր պետք է ստանանք:
Եթե նոր պետք է ստանանք, ապա ռիսկեր եմ տեսնում՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ գումարը վճարել ենք և ինչ-որ երկրից պիտի ստանայինք սպառազինություն, բայց ինչ-ինչ պատճառներով այն տեղ չի հասել, և, որ այստեղ նաև թշնամական երկրների ազդեցության հարցը կա: Այո, բացառված չէ, որ թշնամական երկրներն են ինչ-որ գործողություններ իրականացրել, ազդեցություն գործել տվյալ երկրի վրա, և այդ զենքը մեզ չի հասել:
Ըստ այդմ՝ ինչ երաշխիք, որ Հնդկաստանի վրա էլ տարբեր խողովակներով թշնամական պետությունները չեն փորձելու ազդել, այս գործարքը խոչընդոտել, որ մատակարարվելիք սպառազինությունը իր ժամանակին և անվնաս հասնի Հայաստան: Մենք պետք է հաշվի առնենք այդ բոլոր ռիսկերը: Եվ եթե որոշում ունենք ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու այս կամ այն պետությունից, կրկնում եմ, ավելի նպատակահարմար է առնվազն տեխնիկայի որոշակի մասը բերենք-հասցնենք տեղ, հետո նոր հայտարարենք, որ այս կամ այն երկրից զենք ենք ձեռք բերել:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից զենք ձեռք բերելուն, ցանկացած երկրից պետք է փորձել սպառազինություն գտնել, ինչ մեզ անհրաժեշտ է, պիտի կարողանանք բերել: Այս համատեքստում ցանկանում եմ մի դրվագ հիշեցնել. Նախկին իշխանությունների օրոք տարիներ առաջ «Զինուժի» նկարած ռեպորտաժներից մեկում երևում էին բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանները, ինչի հետ կապված ադրբեջանական կողմը դիվանագիտական սկանդալ փորձեց ստեղծել Մեծ Բրիտանիայի հետ, և բավականին տևական ժամանակ այդ հարցը քննարկվում էր ադրբեջանական մամուլում: Այս տրամաբանության մեջ հավելեմ՝ եթե մեզ այս կամ այն զենքն անհրաժեշտ է, պետք է փորձել ամեն ինչ անել՝ անկախ նրանից՝ այդ երկրի հետ պայմանագիր ունե՞նք, թե՞ ոչ: Այսինքն, պետք է կարողանանք կամ փորձենք այս կամ այն ճանապարհով մեզ անհրաժեշտ զենքը մտցնել երկիր և համալրել մեր զինված ուժերը: Պարտավոր ենք դա անել:
– Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՌԴ-ին նկատի չուներ, երբ ասում էր՝ բավականին մեծ գումար են տվել, և զենք չի մատակարարվել, այնուամենայնիվ, իշխանության ներկայացուցիչները շարունակում են խոսել այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանին զենք չի մատակարարում, ինչ-որ պահի դադարեցրել է: Ինչո՞ւ:
– ՌԴ-ից զենք գնել չկարողանալու պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել: Ի դեպ, նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ասել էր, որ ՌԴ-ից սպասվող զենք-զինամթերքն իրականացվում է պայմանագրի կետերի համաձայն։
Եվ ինչպես հասկացա այդ հայտարարությունից, այստեղ որևէ լուրջ խախտում չէր արձանագրել Պաշտպանության նախարարությունը: Մյուս կողմից, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմական իրավիճակով պայմանավորված, բնական է, որ ՌԴ-ն այս պահին ավելի կարևոր և լուրջ հարցեր ունի լուծելու, և հնարավոր է՝ նպատակահարմար չհամարի այս կամ այն երկրին զենք վաճառել: Այստեղ ևս պիտի փորձենք աշխատել տարբեր խողովակներով՝ փորձելով մեզ անհրաժեշտ այս կամ այն սպառազինությունը ստանալ: Ամեն երկիր իր շահերի սահմաններում է գործելու, մենք պետք է այնպես դիրքավորենք՝ օգտագործելով մեր հնարավորությունները, որ մաքսիմալ մեզ անհրաժեշտ սպառազինությունները կարողանանք ստանալ:
– Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Հայաստանն իրանական ԱԹՍ-ներով հետաքրքրված երկրներից է:
– Իրանից վերջին շրջանում հնչող պաշտոնական հայտարարություններից անզեն աչքով էլ կարելի է արձանագրել, որ Իրանը ցանկություն ունի Հայաստանի հետ տարբեր ծրագրեր իրականացնել զենքի վաճառքի հետ կապված: Եվ այս հնարավորությունը ևս պետք է բաց չթողնել և աշխատել իրանական կողմի հետ: Բացի ԱԹՍ-ների գնումից, ինչպես ավելի վաղ նշեցի, անձնակազմ պատրաստելու խնդիր ունենք այդ տեխնիկային տիրապետելու համար, քանի որ դրանք բարձր տեխնոլոգիաների հետ առնչվող տեխնիկաներ են: Ես կարծում եմ՝ գին-որակ հարաբերակցության մեջ իրանական տեխնիկան բավականին արդյունավետ կարող է լինել և մեր զինված ուժերի կարողությունները մեծացնել, եթե կարողանանք ճիշտ գնահատել մեզ անհրաժեշտ զինտեխնիկայի տեսակը, որակը և այլ պարամետրեր:
– Եվրամիությունն Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվելու համար դիտորդական առաքելություն է ուղարկել, միջազգային դիտորդները, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, տեղակայվելու են Սյունիքում և Գեղարքունիքում: Սա ի՞նչ է տալու Հայաստանին, և ի՞նչ ռիսկեր է այն պարունակում, եթե նման բան կա:
– ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի մասին գիտենք, որ ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է արտահայտվել այդ առաքելությանը: Թե ինչ արդյունավետություն կունենա, մենք կտեսնենք ապագայում: Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե ինչ դրական արդյունք մեզ համար կլինի սրա շրջանակում: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ առաքելությունը ադրբեջանական կողմին որոշակի զսպող մեխանիզմ, գործոն կարող է ներկայացնել, եթե մաքսիմալ արդյունավետ աշխատեն և ՀՀ շահերից բխող գործառույթներ իրականացնեն:
– Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ռազմական, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ո՞ր ուղղությամբ է հնարավոր ադրբեջանական կողմից նոր էսկալացիան՝ Ջերմուկ, Նախիջևան, Տավուշ, Վարդենիս, Սյունիք:
– Պաշտպանության նախարարության հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Ադրբեջանը փորձում է որոշակի լարվածություն պահել, և տարբեր սադրանքներ է փորձում իրականացնել, և, իմ կարծիքով, ապագայում էլ իրականացնելու է, որոնք կրելու են ավելի սուր բնույթ:
Այս համատեքստում, եթե հաշվի առնենք Սյունիքի հատվածի հետ կապված Իրանի կտրուկ, հայանպաստ հայտարարությունները, ԵՄ իրականացվող առաքելությունը, որը որոշակի զսպող հանգամանք կարող է լինել, կարծում եմ, լարվածությունը պահելու համար Ադրբեջանը փորձելու է լարվածության օջախները տեղափոխել այլ ուղղություններ, մասնավորապես, նկատի ունեմ Տավուշի ուղղությամբ նրանց ստորաբաժանումները նույնպես փորձելու են որոշակի լարվածություն ապահովել:
Եվ այս փուլում տպավորություն ունեմ, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ է տեղեկատվական դաշտը պատրաստում հետագա սադրանքների համար, ինչը նրանց դեպքում նորություն չէ, և միշտ էլ մարտական գործողություններից առաջ տեղեկատվական, քարոզչական աշխատանքներ են իրականացրել: Մենք պետք է այս ամենը հաշվի առնենք: Սրան գումարած՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ թշնամին փորձելու է օգտագործել հանկարծակիության գործոնը, երբ կարծես մեր բոլորի ուշադրությունը սևեռված է Սյունիքի, Վարդենիսի ուղղությամբ: Տեղեկատվական, քարոզչական դաշտում ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ իր նպատակներն է սահմանում Տավուշի ուղղությամբ, այսպես ասած, անկլավների խնդրով: Եվ տպավորություն ունեմ, որ կփորձեն ռազմական ճանապարհով որոշ լուծումների հասնել: Սա պետք է մեր համապատասխան ծառայությունները լավ գնահատեն, վերլուծեն և կանխատեսեն թշնամու ակտիվացման ուղղությունը, թե ո՞ր ուղղությամբ կփորձեն գործողություններ իրականացնել և ինչ-ինչ խնդիրներ լուծել:
– Ի՞նչ խմբավորումներ, վերախմբավորումներ է Ադրբեջանն արել և անում արցախյան թևում և ՀՀ սահմանային տարբեր հատվածներում:
– 44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը ստեղծել է հատուկ նշանակության մի քանի ստորաբաժանումներ՝ «Կոմանդո», որոնց զինծառայողներն իրենց ուսումնական փուլն անցնում են Թուրքիայում, և նոր միայն համալրում այդ ստորաբաժանումները: ՀՀ-ի ու Արցախի սահմանային տարբեր հատվածներում Ադրբեջանն ունի տեղակայած նման ստորաբաժանումներ, և սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ այդ ստորաբաժանումների ծառայողներն են հիմնական գործողություններն իրականացրել, ինչն արձանագրվել է տարբեր կադրերում:
Բացի դրանից, Ադրբեջանը և՛ ինժեներական, և՛ հրետանային տարբեր ստորաբաժանումներ է տեղակայում սահմանի տարբեր հատվածներում, և սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ մենք տեսանք, թե ինչպիսի զինանոց օգտագործեցին և ինչպիսի զենքերով հարվածեցին մեր բնակավայրերին:
Դրանք տեղակայված են սահմանին շատ մոտ, և այդտեղից էին իրականացնում գործողություններ:
Ադրբեջանական կողմը նաև մեծ ծավալով ինժեներական ստորաբաժանումներ է մոտեցրել սահմանին սեպտեմբերի 13-14-ին իրականացրած գործողությունների արդյունքում, երբ նրանց հաջողվեց մեր սուվերեն տարածքում տարբեր բնագծեր զբաղեցնել և մեր դիրքերում տեղավորվել: Այս տրամաբանության մեջ կարող ենք հստակ ասել, որ Ադրբեջանն այդ ինժեներական ստորաբաժումներն օգտագործելու է այդ դիրքերի սնուցման և տարբեր ենթակառուցվածքների կառուցման, ինժեներական զորքերի տրամաբանության մեջ մտնող այլ գործողություններ իրականացնելու համար: