Եթե կարիք կա, որ ոչ զինվորական քաղաքացիները մասնակցեն մարտական հերթապահությանը, ուրեմն ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության կա. Մարտիկ Մարտիրոսյան

«Իրականում որևէ նախագիծ այս պահին առկա չէ, հետևաբար՝ շատ կոնկրետ չենք կարող տեղեկություններ տալ, թե խոսքն ինչի մասին է: Ըստ էության «Պաշտպանության մասին» օրենքը նշում է, որ զինապարտությունն ընդգրկում է զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զինծառայությունը, պահեստազորային հաշվառումը և պահեստազորային ծառայությունը, ինչպես նաև զորահավաքային զորակոչը: Այսինքն՝ 15 տարեկանից՝ հաշվառման կանգնելուն պես, ՀՀ արական սեռի քաղաքացին համարվում է զինապարտ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան, ռազմական օրենսդրության մասնագետ Մարտիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 13-ին Կառավարության նիստում հնչեցված այն հայտարարությանը, թե այսուհետ ՀՀ զինապարտ բոլոր քաղաքացիները պետք է մասնակցեն տարեկան 25-օրյա վարժական հավաքի:

Ընդ որում, ըստ փաստաբանի, զինապարտությունը հենց ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականությունն է. անձը կարող է մտնել զինվորական հարաբերությունների մեջ, եթե զինապարտ է:

«Ըստ էության խոսքը պետք է գնա ոչ թե բոլոր զինապարտների, այլ պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասին: Բայց սա էլ միանշանակ չէ, և պետք է հասկանալ՝ պահեստազորում ինչ կազմ գոյություն ունի»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ օրենքով նախատեսված չէ այնպիսի կարգավորում, որ որևէ պատրվակով զինծառայությունից ազատված անձինք ազատված են վարժական հավաքներից:

Կարդացեք նաև

«Եթե անձն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, հիմնականում հաշվառվում է պահեստազորում, եթե առողջական վիճակի պատճառով չեն ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Եվ զինվորական ծառայություն անցած և չանցած քաղաքացիները կարող են կանչվել վարժական հավաքների»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ վարժական հավաքների և ընդհանրապես պահեստազորային պատրաստության մասին խոսելիս մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է իմաստը պահեստազորում հաշվառվելու:

«Պահեստազորային հաշվառումը զինվորական հաշվառման տեսակներից է, որի նպատակը խաղաղ ժամանակ քաղաքացիների զինվորական մասնագիտական ունակությունները բարձրացնելն է: Եվ ամենակարևորը, պահեստազորային հաշվառում իրականացնում են, որպեսզի պատերազմի ժամանակ՝ ռազմական դրության պայմաններում, իրականացվի զորահավաքային զորակոչ՝ մոբիլիզացիա: Վարժական հավաքները չեն կարող նպատակ հետապնդել երկրի սահմանները պաշտպանելու, մանավանդ խաղաղ ժամանակ, որովհետև թե օրենքը, թե կառավարության համապատասխան որոշումն ասում են՝ մարտական հերթապահության հնարավոր է ընդգրկվել միայն պայմանագիր կնքելու դեպքում, այսինքն՝ կամավոր»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը:

Փաստաբանը նկատում է՝ ՀՀ Զինված ուժերը ոչ միայն Պաշտպանության նախարարությանը ենթակա զորամասերից են բաղկացած, այլև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), Ոստիկանության ներքին զորքերից և Պետական պահպանության ծառայության զրքերից:

«Եթե այս բոլոր զորքերը ներգրավելուց հետո անհրաժեշտություն է առաջացել, որ ոչ զինվորական քաղաքացիները, պահեստազորում հաշվառվածները մասնակցեն մարտական հերթապահությանը, սա կարծես թե վկայում է ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ռազմական դրություն չի հայտարարվում միայն պատերազմի ժամանակ, և եթե երկրի անվտանգությանը սպառնալիք կա, կարելի է հայտարարել ռազմական դրություն՝ նվազ սահմանափակումներով:

Մարտիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ վարժական հավաքները խրախուսելի են խաղաղ ժամանակ, և դրանք անհրաժեշտ են թե պետությանը, և թե քաղաքացիներին պատերազմին մասնակցելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս