Ռազմական վարժարանի շենքը վաճառվո՞ւմ է
2018 թվականի չարաբաստիկ իշխանափոխությունից հետո հայաստանյան լրահոսում ու սոցիալական կայքերում գրեթե յուրաքանչյուր օր մեկը մյուսի հետևից հայտնվում են աղմկոտ, խայտառակ ու ցավոտ նորություններ կամ «օդից կախված» լուրեր։ Դրանց տեղատարափն այնքան շատ է, որ ժամանակի ընթացքում ամիսներ, երբեմն էլ տարիներ առաջ լրահոսում աղմուկ հանած և հանրային զայրույթ ու անհանդուրժողականություն առաջացրած տեղեկատվությունից որոշները մի պահ դուրս են մնում տեսադաշտից։ Ու դրանից օգտվում են…
2019 թվականին լրահոսը ու սոցիալական կայքերը ցնցեց Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը կոմերցիոն նպատակներով օտարելու մասին լուրը։ Տեղեկություններ կային, որ Պետական գույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ։ Ընդ որում պետք է հիշել, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը «նորընծա» իշխանական դեմքերից մեկի՝ Լենա Նազարյանի ամուսինն էր՝ Նարեկ Բաբայանը։
Վերջինս իր հարցազրույցներից մեկում նշել էր. «Ներկայիս տարածքում 8 հեկտարի վրա տեղակայված հազարավոր մետրերով կառուցված շինություններ են, որոնք ի սկզբանե նախատեսված էին որպես հյուրանոց: Այնտեղ կա 8 հարկանի 30 համարանոց հյուրանոց, որը փակի տակ է: Այնտեղ կան 9 հյուրանոցային քոթեջներ, որոնք ըստ նշանակության չեն օգտագործվում: Կան շատ այլ հանգստյան պայմաններ, որոնք չեն օգտագործվում: Այսինքն, ծախս է արված, որն արդյունավետ չէ»։ Բաբայանը նշում էր, որ վարժարանը բյուջեից տարեկան 60 միլիոն դրամից ավելի պահպանման ծախսեր է տանում, և սրանից ելնելով` վարժարանի համար պետք է համապատասխան հարմարություններով այլ տարածք գտնել։
Այդ ընթացքում վարժարանի տարածքը պարբերաբար ներկայացվում էր հնարավոր գնորդներին, որպեսզի տեղում ծանոթանան պայմաններին: Սակայն 2019-ին հասարակության լայն շրջանակ, որը գիտակցում էր ռազմամարզական այս վարժարանի կարևորությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով իր դժգոհության ու անհամաձայնության խոսքը կարողացավ լսելի դարձնել։ Գույքը օտարելու գործընթացը հետզհետե սառեցվեց։
Համեմատության համար պետք է նշել, որ 2017թ.-ին այդժամանակյա ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն էր վարժարանը տեղափոխել ՊԵԿ-ի կողմից կառուցված Դիլիջանի նորակառույց, միջազգային չափորոշիչներին համապատասխան համալիր՝ այդ միջոցով ցույց տալու համար պետության հոգածությունը և ռազմական կրթության կարևորումը։ Համալիրի տարածքը ամբողջությամբ հարմարեցվեց ռազմամարզական վարժարանին անհրաժեշտ պայմաններին, հյուրանոցային համարները վերածվեցին 3-4 հոգանոց կացարանների, իսկ մյուս շինությունները՝ սպասարկող կառույցների։ Տարածքում գործում էր նաև «ԹՈՒՄՈ» ուսումնական կենտրոնը: Արդյունքում, 2017 թվականին վարժարան ընդունվեց ավելի քան 200 աշակերտ` մրցակցային պայմաններով:
Ռազմահայրենասիրական դաստիրակությունը մի կողմ դնելու, հաշված տարիների ընթացքում ապիկար կառավարման կամ, գուցե, դիտավորության արդյունքում բանակի ամբողջական թուլացման, մեկը մյուսին հաջորդող ռազմական էսկալացիաների ու լայնամասշտաբ պատերազմի ֆոնին, 2022-ին կրկին թիրախի տակ է ռազմական կրթությունը՝ իր բացման օրվանից գրեթե մեկ տարվա ընթացքում տարածաշրջանի լավագույններից մեկը դարձած Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Ռազմական կրթությանը ու վարժարանում սովորող ապագա սպաների համար ուսումնական հաստատության գույքի պահպանմանն ուղղվող տարեկան մոտ 60 միլիոն դրամի ծախսը «հեղափոխական» իշխանության աչքը, կարծես թե, շարունակում է ծակել առ այսօր։ Որպես համեմատություն այս տարվա՝ 2022թ.-ի համար պետական բյուջեով պարգևատրումներին և պարգևավճարներին նախատեսված էր հատկացնել ավելի քան 131 միլիարդ դրամ, մինչդեռ վարժարանի գույքի պահպանման համար անհրաժեշտ 60 միլիոնն այդ գումարի 0.05 տոկոսից էլ պակաս է կազմում։ Տպավորություն է ստեղծվում, որ «հեղափոխական» իշխանությունը նպատակային քայլեր է ձեռնարկում՝ ռազմական կրթության ստացումը ոչ գրավիչ դարձնելու համար։ Ու դա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ զինված ուժերում կրտսեր սպայակազմի պակաս կա։
Թեև 2019-ին վարժարանի գույքի օտարման գործընթացը հաջողությամբ չպսակվեց՝ շնորհիվ հանրային ճնշման, թվում է թե իշխանությունները չեն հանձնվում այն վաճառելու մտքից: Նման ենթադրության հիմք է հանդիսանում այն փաստը, որ լուծարվեց վարժարանի հոգաբարձուների նախկին խորհուրդը, առանց որի որոշման վարժարանի հետ կապված որևէ փոփոխության իրականացում հնարավոր չէր։ Հոգաբարձունների նախկին կազմում հայկական բանակի և հասարակության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող այնպիսի գործիչներ էին ինչպիսիք` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, Մեսրոպ քահանա Արամյանը, «Այբ» կրթահամալիրի հիմնադիր Արամ Փախչանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀՀ արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Ակնհայտ էր, որ նման խորհրդի կազմով հնարավոր չէր աջակցություն գտնել վարժարանի գույքի օտարման նախաձեռնությանը։
Տպավորություն է ստեղծվում, որ գործող հոգաբարձուների խորհրդի ամբողջական փոփոխությունը և նոր՝ մերձիշխանական խորհուրդի կազմի ստեղծումը պատահականություն չէ, այլ միջոց դեռ 2019-ին վարժարանի գույքի նկատմամբ ունեցած պլաններն իրականություն դարձնելու համար։ Նոր որոշմամբ հոգաբարձուների խորհդի անդամ են լինելու ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ՊՆ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը (Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի կինը), ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորը) և այլք:
Ըստ էության, 1994թ.-ից Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչված, իր գոյության ընթացքում մոտ 2000 շրջանավարտ ունեցած ուսումնական այս հաստատությունը մոտ ժամանակներում կարող է վերածվել հերթական հանգստյան գոտու կամ հյուրանոցի։ Իսկ վարժարանի հետագա ճակատագիրը, ինչպես 2019-ին, այնպես էլ հիմա ամբողջությամբ կախված է մտահոգ ու պահանջատեր հասարակությունից։