«Եթե սահմաններն ես ուզում բացել, հաջորդ քայլը պետք է լինի անձնագրերի բաժանումը ինչ-որ գումարի դիմաց». մասնագետը՝ ՀՀ աջարականացման վտանգի մասին
Առնվազն 150 հազար դոլարի ներդրում Հայաստանում՝ անշարժ գույքի, պետական պարտատոմսերի ձեռքբերում, որևէ ներդրումային ֆոնդում ներդրում, նշանակալի ավանդ գիտության ու առողջապահության բնագավառներում և այլ չափորոշիչներ. կառավարությունը մտադիր է մեկնարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխության գործընթաց՝ ամրագրելով այս պահանջները, որոնց բավարարելու դեպքում օտարերկրացիներին հնարավարություն կընձեռվի ստանալ ՀՀ քաղաքացիություն:
Ոստիկանության մշակած նախագիծն օրերս հրապարակվել է նախագծերի e-draft.am կայքում և այժմ հանրային քննարկման փուլում է:
Նկատենք, որ այս փորձն աշխարհում կիրառելի է «ներդրումային քաղաքացիություն» անվանումով. օրինակ, Մալթայում 690 հազար ու ավելի եվրոյի և 14-36 ամիս երկրում ապրելու պայմանով՝ հնարավոր կլինի ձեռք բերել քաղաքացիություն, Բուլղարիայում այն կարժենա մոտ 1 միլիոն եվրո՝ առանց երկրում ապրելու նախապայմանի, Հորդանանում՝ առնվազն 750 հազար դոլարի ներդրում և երեք ամիս բնակվելու պահանջ, Սենթ Քիթս և Նևիսում (այս անունը շատերին ծանոթ կլինի նախկին նախագահ Արմեն Սարգսյանին առնչվող մի աղմկահարույց դրվագից՝ 150 հազար ԱՄՆ դոլար և 3-6 ամիս:
Միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը, 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս նախագծին, նշեց՝ թեև ներդրման դիմաց քաղաքացիության կամ բնակության հնարավորություն ստանալն աշխարհում ընդունված պրակտիկա է, այդուհանդերձ, հաշվի առնելով ՀՀ առկա անվտանգային մարտահրավերները՝ պետք է գիտակցել այս նախաձեռնության ռիսկերը:
Այս համատեքստում մասնագետն ահազանգեց Հայաստանի աջարականացման վտանգի մասին. «Թշնամական երկրների քաղաքացներն այդ 150 հազար դոլարը ներդնելով՝ կարող են ՀՀ-ում ծավալել տնտեսական գործունեություն: Որպես օրինակ՝ կարող ենք դիտարկել Բաթումը, երբ թուրքերը, մասսայաբար գալով այդ երկիր, գնել են Աջարիայի գրեթե մեծ մասը, ինչի համար իրենք իրենց պետությունից՝ Թուրքիայից, անգամ ստանում են որոշակի գումարներ, անտոկոս վարկեր (որպեսզի փաստացի Աջարիան անեն իրենցով):
Այս որոշումը փաստորեն ճանապարհ է բացում թուրքական էքսպանսիայի համար. նրանք կարող են գալ, ձեռք բերել այդ անձնագրերը, ինչ-որ գործունեություն ձեռնարկել այստեղ, գերիշխող դիրք զբաղեցնել, հողեր գնել, տարածքներ և այլն»:
Դիտարկմանը, թե հնչում են հակադարձումներ, որ նախագծում ամրագրված կետերը ոչ թե ՀՀ քաղաքացիություն ստանալու երաշխիք են, այլ քաղաքացիություն ստանալու պայման, որ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով է հիմնավորվում քաղաքացիության շնորհման կարգը, և, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է տա համապատասխան եզրակացություն՝ քաղաքացիության դիմումի վերաբերյալ, Արմեն Մանվելյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ այսօր գործող իշխանություների հանդեպ հանրային տարբեր շրջանակներում անվստահություն կա:
«Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները վստահություն չունեն բնակչության մի ահռելի զանգվածի մոտ, որոնք տեսնում են, թե ինչպես են իշխանությունները գնում պետական ինստիտուտների քայքայման, էլ չասենք՝ թուրքերի հետ համագործակցության ինչ-ինչ ձևաչափերի մշակման, որոնք ոչ ի նպաստ Հայաստանի են. նույն սահմանների բացման հարցի քննարկումը՝ մինչև հիմա պարզ չէ, թե ինչ տետեսական ազդեցություն է ունենալու, կամ ինչ-որ ճանապարհների տրամադրման շուրջ բանակցությունները, և այլն:
Այս ամենը ռիսկեր են, և եթե այդ ռիսկերին էլ գումարվում է անձնագրերի այս հարցը, ապա պարզ է դառնում, որ այս ամենը պատահական չէ, և տրամաբանորեն մեկը մյուսի շարունակությունն է: Իհարկե, եթե ճանապարհներ ես ուզում տալ թշնամուն, սահմաններն ես ուզում բացել, հաջորդ քայլը պետք է լինի անձնագրերի բաժանումը ինչ-որ գումարի դիմաց»,- եզրափակեց միջազգային անվտանգության հարցերով մասնագետը: