«Ասում են՝ շահագործման կհանձնեն այս տարվա վերջին, որը կասկածելի է». Շուռնուխի գյուղապետ

2020 թվականի դեկտեմբերից հետո Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը բաժանվել է երկու հատվածի, գյուղի մի հատվածն ամբողջությամբ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այդ հատվածներից խաղաղ բնակիչները դուրս եկան՝ թողնելով իրենց սեփական տները։ Շուռնուխում 13 տուն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այդ իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գիտությամբ հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի բոլոր բարենպաստ դիրքերից, դրանք զբաղեցրեցին թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները։ Նրանք այնքան խորացան ՀՀ սուվերեն տարածքում, որ մտան խաղաղ բնակավայրեր՝ Որոտան, Շուռնուխ, Ներքին Հանդ և այլն։

Իշխանությունն ամեն կերպ տները կորցրած բնակիչներին համոզում էր, որ մեկ տարում իրենք կունենա նոր տներ, քանի որ նրանց համար տներ կկառուցեն, սակայն մինչև օրս այդ տները պատրաստ չեն։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ այդ տների կառուցումը դեռևս ընթացքի մեջ է։

Կարդացեք նաև

«Ասում են՝ շահագործման կհանձնեն այս տարվա վերջին, որը կասկածելի է, քանի որ նախորդ տարի էլ ասում էին՝ մինչև տարեվերջ շահագործման կհանձնենք։ Երկու տան կառուցման աշխատանքները դեռևս հիմքերում է, մնացածը՝ մի 8 տան տանիքներն արդեն դրված է, կիսատ-պռատ գործեր արված են, այս պահին էլ աշխատում են»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հարձակմանը, Հակոբ Արշակյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ թշնամին որևէ գործողություն չի ձեռնարկել։

«Ամեն դեպքում մենք անվտանգության միջոցներ ձեռնարկել ենք, որի մանրամասների մասին բարձրաձայնել պետք չէ։ Այդ ժամանակ ադրբեջանցի զինվորներին երեք օր՝ սեպտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին, իրենց պոստերում չենք տեսել, գուցե ինչ-որ տեղ պատսպարվել էին ու մեզ լավ էին տեսնում, բայց մենք իրենց այդ երեք օրը չենք տեսել։

Այս պահին իրավիճակը նորմալ է»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Տեսանյութեր

Լրահոս