«Իսկ ո՞վ է ստուգելու ատեստավորող հանձնաժողովի անդամների որակավորումը». Դավիթ Տոնոյան
Հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում հավանության է արժանացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն սահմանել նորը:
Ատեստավորման նոր կարգի համաձայն՝ կներդրվի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
168.am-ը փաստաբանական թիմի միջոցով խնդրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին իր, այսպես ասած, մասնագիտական կարծիքը հայտնել պայմանագրայինների համար նախատեսված ատեստավորման նոր կարգի վերաբերյալ, ինչը չի մերժվել:
– Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախագծով խեղաթյուրվում է ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման, մասնավորապես՝ խրախուսման մեթոդի սկզբունքը: ԶՈՒ-ում գործում են պաշտոնահաստիքային գիտելիքների և հմտությունների հստակ չափանիշներ, և անձի մարտավարական պատրաստության չափանիշին համապատասխանությունը վարձատրվում է վերաբերող սանդղակով: Ցավոք, դեռ ցածր: Ծառայողին խրախուսում են և՛ վարձատրությամբ, և՛ պաշտոնեական առաջխաղացմամբ, և՛ պարգևատրմամբ՝ վերոհիշյալ չափանիշները գերազանցելու պարագայում:
– Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ զինվորականն ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն՝ նույնիսկ ավելին: Իսկ այս ամենն արվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունը բարձրացնելու նպատակով, երբ ատեստավորման արդյունքներով հավելավճար կհաշվարկվի իր մասնագիտական և գործառութային պարտականություններին պատշաճ տիրապետող զինծառայողի դեպքում: Հնարավո՞ր է, որ հակառակ էֆեկտն ունենա այս գործընթացը, ի՞նչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում:
– Նախ՝ Կառավարությանն առաջարկում եմ ֆինանսական միջոցների առկայության պարագայում բարձրացնել չափանիշներին համապատասխանելիության վարձատրության չափը և ծառայողի չատեստավորվելու, այսինքն՝ չորակավորվելու դեպքում նվազեցնել վարձատրությունը, այլ ոչ թե հակառակը՝ խրախուսել ծառայողին «մինիմալ պահանջարկը» գերազանցելու համար:
Օրինակ՝ ֆիզիկական պատրաստության կամ կրակային պատրաստության չափանիշ:
Չափանիշին համապատասխանությունը վարձատրվում է 100 միավոր:
Չորակավորվելը ինչ-որ պարբերությամբ իրականացվող ստուգումների, ատեստավորումների արդյունքում նվազեցնում է ծառայողի վարձատրությունը 1-100 միավորով:
Կառավարության նախագծով ՌՈՒՀ-ում արդեն իսկ կրթված և որակավորված լեյտենանտը պաշտոնի նշանակվելուց հետո փաստացի ստանում է անհասկանալի ինչ-որ բազային վարձատրություն և 3 ամիս անց իր ցանկությամբ կամավոր ատեստավորվում է ավելի բարձր վարձատրվելու նպատակով:
Կառավարության նման մոտեցմամբ անձնակազմի կառավարումը բերելու է ԶՈՒ-ում բարոյահոգեբանական մակարդակի անկմանը և հովանավորչության աճին: Այս համատեքստում ցանկանում եմ հավելել նաև, որ մարտական պատրաստության ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի ստուգվում է զինծառայողի պատրաստության աստիճանը՝ գիտելիքների, հմտությունների, կարողությունների համապատասխանությունը չափանիշներին։ Այսպես ասած, հավելյալ ատեստավորման նախձեռնմամբ, որն իրականացվելու է հավելավճարների միջոցով, խարխլելու է մարտական պատրաստության ամբողջ տրամաբանությունը։
Ըստ այդմ՝ արդյո՞ք փոփոխվում են մարտական կանոնադրությունները և դրանցից բխող պատրաստության չափորոշիչները։
Բացի այդ, իսկ ո՞վ է ստուգելու ատեստավորող հանձնաժողովի անդամների որակավորումը: