Ինչի՞ համար. Ավագանու անդամները՝ Երևանի նոր թաղամասի անվանման մասին

Երևանի ավագանին քննարկեց  քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչելու մասին հարցը: Տեղի ունեցած քվեարկության արդյունքով  նախագիծն ընդունվեց 31 կողմ, 5 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:

Նախագծում նշված է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և 17-րդ կետի 1-ին ենթակետը, Երևան քաղաքի ավագանին որոշում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչել «Դեֆանս Հաուզինգ»։  Շինարարությունն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով: Թաղամասում կկառուցվեն և կգործեն մի քանի մանկապարտեզ և դպրոց: Երկրորդ փուլով կկառուցվի բիզնես կենտրոն՝ 15 բազմահարկ շենքերով: Երրորդ փուլով նախատեսվում է կառուցել ևս մեկ բնակելի թաղամաս՝ 30 բնակելի շենքերով, և ժամանակակից չափանիշներին համապատասխանող, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց:

Ավագանու անդամներին ավելի շատ հետաքրքում էր նոր թաղամասի անվան հարցը:

Ավագանու անդամ Արման Անտոնյանը նշեց, որ Երևանում կառուցվում են տարբեր թաղամասեր՝ տարբեր անվանումներով, և հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախադեպ կա, որ ավագանին որոշի որևէ թաղամասի անվանում:

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը պատասխանեց, որ կա Վահագնի թաղամասը, փողոցները՝ ավագանու որոշմամբ են հաստատվել:

Ավագանու մեկ այլ անդամի՝ Տիգրան Գալստյանին ևս հետաքրքրում էր թաղամասի անունը. «Ինչո՞ւ նոր թաղամասը որևէ հայկական անունով չենք դնում: Էդքան պատմական անձինք կան, որևէ մեկի անունով հնարավոր չէ՞ր: Առաջարկ եղե՞լ է»:

Արմինե Վարդանյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ ներդրողները ֆրանսիացի են: «Սա ոնց որ հայ-ֆրանսիական բարեկամություն, և այլն: Ինչ-որ տեղ սիրաշահելու տարբերակ է, և թաղամասը նման է Ֆրանսիայի թաղամասին»:

«Հասկացա, որ ներդրողները ֆրանսիացի են: Կարծում եմ՝ կարիք չկար սիրաշահելու, կարծում եմ, որ անունը չէր, որ իրենց համար շատ էական էր լինելու»,- արձագանքեց Տիգրան Գալստյանը:

Ավագանու անդամներից Նաիրա Խառատյանն էլ նկատեց. «Դեֆանս՝ հրաշալի անուն է՝ հայերեն հնչող. Վահան: Թող լիներ Դեֆանս Արմենի…  հայահունչ տարբերակ: Այսպես մենք նախադեպ ենք ստեղծում՝ հետագայում ցանկացած մունգու-յունգու ցեղի ներդրում՝ իրենց անունով կոչելու»:

Ավագանու մեկ այլ անդամ՝ Սերգեյ Գյոզալյանն էլ շարունակեց գործընկերոջ միտքը՝ նշելով. «Երևանի թաղամաս՝ ինչ-որ օտար անունով: Ինչի՞ համար: Կոչ եմ անում՝ նախագծին դեմ քվեարկել, ու վստահեցնում եմ՝ չեն նեղանա ու գնան, ներդրում անելու են»:

Տեսանյութեր

Լրահոս