Այ հիմա հասկացա՞ք՝ ժողովրդին խաբելով՝ խաղաղության մասին հայտարարություններն ինչ են. բացվում է Պանդորայի արկղը․ Շավարշ Քոչարյան

«Պետք է մի բան հասկանալ, որ միջազգային ասպարեզում տեղի ունեցող բուն իրադարձությունները կառուցված են որոշակի ձևով ձողի վրա: Թվում է, թե երբ խոսում ենք տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի մասին, դա տեսական վեճ է: Բայց այդ վեճի մեջ կա էական հարցադրում: Եթե ամբողջ հակամարտության հիմքում ինքնորոշումն է, ապա այդ դեպքում ագրեսորն Ադրբեջանն է, որովհետև Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, Ադրբեջանն ի սկզբանե ընդունել է ուժային քաղաքականություն, և զանգվածային ջարդերով՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, տեղահանումներով փորձել է ջարդել ժողովրդի կամքը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակներում, 168.am-ի եթերում ասաց նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե երբ ՀՀ գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հրաժարվում են առհասարակ խոսել ինքնորոշման իրավունքի մասին, այդպիսով մաքրո՞ւմ են Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանը հաստատեց՝ այո, և դրանով այս իշխանություններն ավելի վտանգավոր բան են անում մեր երկրի և ժողովրդի հանդեպ:

«Որովհետև եթե ասում են, որ դա ինքնորոշում չէր, ուրեմն ստացվում է, որ ագրեսորը Հայաստանն է: Բա էդքան զոհեր, ավերածություններ են եղել, ո՞վ է մեղավոր: Այսինքն՝ մի դեպքում ագրեսորն Ադրբեջանն էր, որը դրա համար պիտի պատասխանատվություն կրի, մյուս դեպքում ագրեսորը Հայաստանն էր: Դրա հիմքը Նիկոլ Փաշինյանը դրեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, երբ իր ստորագրությամբ գրում է, որ ՀՀ-ն Ադրբեջանին տարածքներ է հանձնում, վե՛րջ… Այդպիսով ինքն ընդունում է: Հիմա իրենք վերջնականապես ուզում են ֆիքսել… Կոպիտ ասած՝ այն, ինչ իրենք ուզում են ֆիքսել, ոչ այլ ինչ է, քան այն, որ Հայաստանն ագրեսոր է»,- ասաց արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալը:

Շարունակելով մեկնաբանել թեման՝ Շավարշ Քոչարյանը նկատեց՝ խնդիրը միայն Արցախը չէ, այլ այն, որ Արցախի ինքնորոշումից հրաժարվելը նշանակում է Հայաստանի վրա կպցնել ագրեսորի պիտակ: Նիկոլ Փաշինյանն այդպիսով Հայաստանը ներկայացնում է՝ որպես ագրեսոր երկիր:

Կարդացեք նաև

«Իսկ դա նշանակում է, որ եթե դու ագրեսոր ես, ուրեմն դու պետք է ինչ-որ տարածքներով փոխհատուցես ագրեսիան: Խոսքը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի տարածքների մասին է: Բա 2-րդ աշխարհամարտից հետո Քյոնիգսբերգը որ Կալինինգրադ դարձավ ու առ այսօր Կալինինգրադ է, ինչո՞ւ է այդպես… Որովհետև Գերմանիան ագրեսոր էր: Բա Կուրիլյան կղզիները, որ մինչև հիմա մնացել է օդում… Որովհետև Ճապոնիան ագրեսոր էր»,- ասաց նախկին փոխարտգործնախարարը:

Ըստ նրա՝ ագրեսորի պիտակը նաև ռեպարացիաներ են:

«Այսինքն՝ այն ավերածությունները, որ եղել են, դրա պատասխանատուն դառնում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը: Այսինքն՝ ժողովո՛ւրդ, եթե դու նույնիսկ անկախ մնաս, այնպիսի պարտքերի առաջ ես հայտնվելու, որ մեր պետական պարտքը դրա հանդեպ զրո է: Ամեն մեկն օր ու գիշեր աշխատելու է, չի կարողանալու փակել»,- դիմելով ժողովրդին՝ զգուշացրեց Շավարշ Քոչարյանը:

Մյուս վտանգավոր հեռանկարը, ըստ Շ. Քոչարյանի, տվյալ պետության համար ռազմական ոլորտում՝ ռազմական արդյունաբերություն, բանակ և այլն, սահմանափակումներն են: Սա այն է, ինչից մինչև հիմա դեռ չեն ազատվել ոչ Գերմանիան, ոչ Ճապոնիան: Ալիևն ասում է՝ ձեզ զենք, բանակ պետք չէ:

«Հաջորդը տվյալ պետության ներքին կյանքի վերահսկողությունն է, որպեսզի ռևանշիզմը գլուխ չբարձրացնի: Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է: Թուրքիան, Ադրբեջանը վերահսկելու են մեր ներքին կյանքը: Հիմա դա անում են իրենց շարունակություն հանդիսացող ՀՀ գործող իշխանության միջոցով, իսկ եթե հիմա ամեն բան իրավականորեն ամրագրեն, վաղը կասեն՝ լեգիտիմ իրավունք ունենք»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Մյուս հեռանկարը ռազմական հանցագործություններ իրականացնող անձանց հայտնաբերումն ու դատապարտումն է:

«Ոչ մեկը երաշխավորված չէ: Ծառայել ես բանակում՝ վե՛րջ… Դա մի ահավոր պրոցես է լինելու: Դա չի սպառնում միայն Հայաստանի ներկա իշխանավորներին, որոնցից ոչ մեկը ծառայած չէ: Իսկ կարո՞ղ է էդ սկզբունքով են այդ հեռանկարն ընտրում՝ նախապես իմանալով՝ դեպի ուր են տանելու»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նախկին փոխարտգործնախարարի փոխանցմամբ՝ հաջորդ վտանգը տեղահանումների խնդիրն է:

«Սա նշանակում է, մասնավորապես, Արցախից հայերին տեղահանելը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ դու ագրեսոր ես: 2-րդ աշխարհամարտից հետո 10 միլիոնից ավելի գերմանացիներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից՝ Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Կալինինգրադից, բռնի տեղահանվել են: Ալիևն ասում է՝ ով ուզում է, կամավոր թող ինձ մոտ քաղաքացի լինի, ով՝ չէ… Դա առաջին քայլն է, բայց եթե ագրեսոր լինելը վերջնականապես ֆիքսվում է, կարող են և բռնի տեղահանել»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Սրա հանրագումարը, ըստ դիվանագետի, «խաղաղության» պարտադրումն է:

«Այսինքն՝ եթե պետությունը ագրեսոր է, նրան պետք է «խաղաղություն» պարտադրել: Այ հիմա հասկացա՞ք՝ ժողովրդին խաբելով՝ խաղաղության մասին հայտարարություններն ինչ են: Այ էս «խաղաղության» մասին են դրանք, որը պարտադրվելու է այ էս գնով: Սա է պետք հասկացնել մարդկանց: Ոնց որ ժամանակին ասում էին՝ «Սերգո ջան, քանի Արցախը կա, լավ չես ապրելու», հիմա էլ մարդկանց մոտ էդ վախի մթնոլորտն են սերմանում ու ասում՝ «Եկեք Արցախից պրծնենք ու մենք էս մեր սահմաններով անվտանգ կապրենք: Սուտ է, հակառակն է: Հենց Արցախի ինքնորոշման խնդիրը փակվում է՝ բացվում է Պանդորայի արկղը, որտեղ դու ագրեսոր ես, և որտեղ լեգիտիմ են քո դեմ այն բոլոր քայլերը, որ ես ասացի: Այդ պայմաններում ի՞նչ կարող է անել, այսպես կոչված, միջազգային հանրությունը: ԱՄՆ, Իրան, Ֆրանսիա, այլք կարող են միայն մեղմացնել այդ քայլերը, բայց եթե դու ինքդ կամավոր քեզ վրա վերցրել ես ագրեսորի պիտակները, իրենք չեն կարող ամբողջությամբ չեղարկել: Դրանք կլինեն մեղմացմանն ուղղված առանձին քայլեր, որոնք ժողովուրդը կողջունի, բայց հիմքում ուրիշ բան է»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս