Ի՞նչ կփոխեն ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին․ ի՞նչ է սպասվում առաքելության ավարտից հետո
ԵՄ առաքելության առաջին խումբը Երևանում է նախօրեից։ Հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ԵՄ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի երկու ամիս ժամկետով։ Նախօրեին Թվիթերում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրել էր․ «Եվրամիության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության առաքելության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»: Նա առաջինն էր հաղորդել, որ ԵՄ առաքելության առաջին խումբը տեղում է։
Սրան զուգահեռ՝ ըստ էության տապալվեց ռուսական առաջարկը՝ ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել սահմանին։ Օրերս Աստանայում Միրզոյան-Լավրով հանդիպմանը պարզ դարձավ, որ այս հարցի շուրջ Երևան-Մոսկվա-ՀԱՊԿ տարաձայնություններ կան, քանի որ Լավրովը, ըստ էության, հայկական կողմին մեղադրեց այդ որոշման ձգձգման մեջ, քանի որ դրա ֆորմալ հաստատման համար հարկավոր էր ՀԱՊԿ նախագահող երկրի կողմից խորհրդի հրավիրում և հարցի քննարկում։
Այնուամենայնիվ ԵՄ դիտորդների տեղակայումը, պրահյան քառակողմ բանակցությունների արդյունքների համաձայն, հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ուշագրավ ու ըստ էության աննախադեպ զարգացում է ՀՀ-Արևմուտք կապերի ու Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության հարցում։ Մյուս կողմից հարկ է նաև նշել, որ Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի բրյուսելյան բանակցությունների գործընթացում կարող են նաև անակնկալներ ի հայտ գալ, քանի որ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ բանակցությունների մասնակից Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին ուղղված բացահայտ ու ուղիղ քննադատությունն արժանացավ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների քննադատությանն ու զարմանքին։
Ավելին, Ալիևը և ադրբեջանական դիվանագիտությունը սկսում են կասկածի տակ դնել Մակրոնի միջնորդական դերակատարությունը, զուգահեռաբար սեպտեմբերյան հարձակման դադարեցման միջնորդական «դափնիները» վերագրելով Ռուսաստանին այն դեպքում, երբ Երևանը նշել էր, թե սեպտեմբերյան մարտերը դադարել են ԱՄՆ միջնորդությամբ։ Այսինքն՝ հայ-ադրբեջանական գործընթացում գլխավոր միջնորդի համար մրցավազքը շարունակվում է, և այս թեման ըստ իրավիճակի կարող է խաղարկվել նաև Ադրբեջանի կողմից։
168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ դիտորդներին, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԵՄ-ն աննախադեպ արագություն ցուցաբերեց որոշումների կայացման հարցում՝ արագորեն դիտորդներ տեղակայելով՝ այն դեպքում, երբ պարզ որոշումների կայացման համար տարիներ են պահանջվում։ Սա, նրա որակմամբ, հերթական անգամ ցույց տվեց, որ խնդիրը ոչ թե եվրոպական բյուրոկրատիան է, այլ քաղաքական կամքի բացակայությունը։
«Այս դեպքում փաստորեն գործընթացի սկզբից, դեռ ամիսներ առաջ նկատվեց, որ կա լուրջ մտադրություն, այդ պատճառով ԵՄ-ն ավելի արագ է, գլխավոր նպատակը՝ ներկայություն Հարավային Կովկասում Ռուսաստանի փոխարեն։ Ինչու երկու ամսով, ևս հասկանալի է, քանի որ հաշվարկն այն է, որ այդ ընթացքում կստորագրվի համաձայնագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Միգուցե, եթե խոսքը լիներ երկարաժամկետ առաքելության մասին, որոշումը բարդ լիներ կայացնել, ըստ էության սա կարճաժամկետ, փոքր առաքելություն է, որի խնդիրն է՝ ստեղծել պայմաններ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Իսկ թե ինչ կլինի հետո, ամենահետաքրքիրը, իհարկե, դա է։
Սակայն մինչ դա, կարծում եմ, կայունությունը դիտորդների ներկայության պայմաններում կախված է այն հանգամանքից, թե սահմանի որքան հատվածում են նրանք տեղակայվել և ծավալում առաքելություն, կամ, եթե լինեն խախտումներ, որն է լինելու դիտորդների դերը ու ԵՄ արձագանքը դրան։ ԵԱՀԿ ՄԽ ակտիվ գործունեության շրջանում կային դիտորդներ, որոնք գործունեություն էին ծավալում, ժամանակ առ ժամանակ արձանագրում հրադադար, ի՞նչ էր դրան հետևում, հիշում են, թերևս, բոլորը, ոչինչ։
Սակայն այս դեպքում խոսքը կարծես մշտական առաքելության մասին է, որը նշանակում է, որ երևի թե մեծ ու տևական բախումներ չեն լինի, սակայն ամեն դեպքում դա երաշխիքներ չի ստեղծում թե լիարժեք կայունության, թե համաձայնագրի վերջնական ստորագրման համար»,- մեկնաբանեց վերլուծաբանը։ Նա այն կարծիքին է, որ այսօր էլ, որքան էլ կողմերը մոտեցել են այդ համաձայնագրին, վերջնական ժամկետներ են նշվում, սակայն կողմերի միջև կան լուրջ տարաձայնություններ, մեղադրանքներ, համաձայնագրի մաս կազմող կարևոր կետերի շուրջ անհամաձայնություններ։
«Կարծում եմ՝ այս պահին վաղաժամ է որևէ հանգրվանից խոսել վերջնականորեն, քանի որ ինչ-որ բաներ կարող են փոխվել։ Սակայն, եթե անդրադառնանք մեր խոսակցության գլխավոր թեմային, ապա դիտորդների ներկայությունն ավելի լավ է ռեգիոնի համար, քան դրա բացակայությունը։
Սա սահմանափակ ժամկետով առաքելություն է, ԵՄ-ում լավ տեղյակ չեն այս հակամարտության ակունքներից ու գուցե չեն պատկերացնում, որ այս հակամարտությունը գուցեև չլուծվի երկու ամիս անց, ուստի ինչ կլինի երկու ամիս անց։ Այսինքն՝ սա իրավիճակային խնդիր լուծող որոշում է, տևական լուծումը լուրջ տարաձայնությունները վերացնելն է բալանսավորված քայլերով։ Երբ դրանք չկան, տևական խաղաղության մասին խոսելը ևս բարդ է։ Այս առնչությամբ նշեմ նաև այն, որ ՀՀ-ն ցանկացավ նաև այնպես, որ լինեն ԵՄ դիտորդներ, սա ևս ռեգիոնում գործընթացների մասին է փաստում»,- նկատեց նա։