«Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ անընդունելի է, ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հետ քննարկենք մեր իրավունքներն ու ազատությունները». Դավիթ Բաբայան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն՝ մինչև տարեվերջ պայմանագիր ունենալը։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։

«Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։

1929 թվականին դելիմիտացիայի գործընթաց եղել է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիա է եղել։ Մնում է, որ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, ապահովում ենք ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը։

Շարունակում է օրակարգում մնալ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, դա նույնպես քննարկվել է:

Կարդացեք նաև

ԼՂ հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, որպեսզի միջազգային մեխանիզմ ստեղծենք, որ ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։ Հույս ունենք, որ կկարողանանք առաջիկայում ձևավորել այս միջազգային մեխանիզմը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի վերաբերյալ ԱԽ քարտուղարի հայտարարությանը, նախ նշեց, որ Արցախի պատվիրակությունը Երևանում է և հանդիպումներ է ունենալու Հայաստանի պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ԱԽ քարտուղարի։

«Իհարկե, մենք ակնկալում ենք շատ անկեղծ քննարկումներ բոլոր հարցերի վերաբերյալ։ Մեզ համար Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ անընդունելի է, և ինչո՞ւ պետք է մենք Ադրբեջանի հետ քննարկենք մեր իրավունքներն ու ազատությունները։ Մենք երկիր ենք, 30 տարի եղել ենք հայության պարծանքը, և Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս՝ հատկապես հայության կողմից, ամենավատ տարբերակն է, որը կարելի է մշակել։ Այդ դեպքում և դրանից հետո չի մնալու արժանապատվություն, պատմության նկատմամբ վստահություն, սա ողջ հայության ճակատագիրն է որոշում հիմա՝ Արցախի ճակատագրի հետ մեկտեղ»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, պետք է այս բոլոր հարցերի առնչությամբ քննարկումներ ունենան ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ակնկալում են բաց ու ազնիվ քննարկումներ։

Տեսանյութեր

Լրահոս