Տավուշի, Լոռիի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում համեմատաբար ավելի բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության տոկոսը. ուռուցքաբան
«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տարեկան մոտավորապես 1300 դեպք է գրանցվում: Համեմատության համար ասեմ, որ դեռ 2000 թվականին այդ թիվը 600-ից մի փոքր ավելին էր: Այսինքն, քանակը կրկնապատկվել է: Ամբողջ աշխարհում կա այս տենդենցը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը մոտավորապես նույն պատկերն ունի, ինչ մյուս երկրներում, ավելին, եվրոպական որոշ երկրներում տվյալները շատ ավելի վատն են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց 70 տոկոսի մոտ ռիսկի գործոն չկա, այսինքն, միշտ չէ, որ կարելի է բացատրություն տալ, թե ինչո՞ւ է քաղցկեղը հայտնաբերվել տվյալ կնոջ մոտ: Իսկ գերխնդիրը հիվանդության վաղ հայտնաբերումն է:
«Դրա համար կրծքագեղձի քաղցկեղն այն քիչ քաղցկեղներից է, որը վաղ հայտնաբերման դեպքում շատ զգալի տարբերություն է տալիս բուժման արդյունքների միջև: Հետազոտություններն ու սարքավորումներն իրենց դերն ունեն և նախորդ տարիների հետ համեմատած՝ դիմելիությունը շատ ավելի բարձր է: Հայաստանում ամենաշատը հիվանդությունը հանդիպում է 45-55 տարեկանների շրջանում: Մի քանի պիկ է, և մյուսը 65-ից բարձր տարիքում կարող է լինել: Եթե հիվանդությունը հայտնաբերում են զրոյական փուլում, ապա բուժումը մոտենում է 100 տոկոսին: Վաղ փուլում հայտնաբերված ուռուցքի դեպքում բուժումն ավելի մեղմ է լինում: Հաճախ կարող է պատահել, որ քիմիաթերապիայի, կրծքագեղձի հեռացման կարիք չունենա: Կարող է փոքիկ միջամտության արդյունքում ազատվել այդ ուռուցքից»,- նշեց Արթուր Ավետիսյանը:
168.am-ի հարցին՝ երբ ասում եք՝ Հայաստանում տարեկան ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1300 նոր դեպք, ամենաշատը ՀՀ ո՞ր մարզերում է արձանագրվում, ուռուցքաբան-վիրաբույժը պատասխանեց. «Երևի սքրինինգային ծրագրի համար պատահական չեն ընտրված մարզերը: Տավուշի, Լոռիի և Սյունիքի մարզերում համեմատաբար մի փոքր ավելի բարձր է քաղցկեղի տոկոսը, ինչպես նաև Երևանում: Չունենք հետազոտություններ՝ պատճառները պարզելու համար: Սքրինինգը որևէ գանգատ չունեցող կանանց համատարած մամոգրաֆիկ հետազոտությունն է, որի արդյունքում հնարավոր է հանդիպել ուռուցքային գոյացություններ կամ նախաքաղցկեղային վիճակ, որի մասին կինն ինքնուրույն կարող էր իմանալ մի քանի տարի անց, որի դեպքում կփոխվեր բուժման ամբողջ ընթացքն ու սպասելիքները:
Սքրինինգային ծրագրում ընդգրկված են 50-69 տարեկան կանայք: հերթագրում են տեղամասային բժիշկները: Մամոգրաֆիկ հետազոտության արդյունքներն օնլայն տարբերակով հայտնվում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արխիվում, ուսումնասիրվում են ռադիոլոգների կողմից, և ուսումնասիրության արդյունքը մուտքագրում են նույն էլեկտրոնային համակարգ, որը կարողանում է տեսնել տեղամասային բժիշկը: Եթե կա որևէ կասկած՝ կնոջը հրավիրում են Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ լրացուցիչ ուսումնասիրություն անելու: Այդ ամենը կատարվում է սքրինինգի շրջանում և անվճար: 2021թ. հունվարից ենք սկսել սքրինինգային ծրագիրը. մինչև այսօր հետազոտել ենք 15.000 կնոջ: 1000-ին հրավիրել ենք լրացուցիչ հետազոտության, ցավոք, 700-ն է ներկայացել, որից 162-ի մոտ հյուսվածքաբանորեն հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղ: Մի զավեշտալի փաստ կա, ցավոք, երբ անգամ հայտնաբերում ենք վաղ փուլում, կինը հրաժարվում է հետագա բուժումից: Մենք այդտեղ մահացության տոկոս չենք կարող իջեցնել: Դա ամենադժվար կետն է այս ամբողջ պատմության մեջ»:
Վիրաբույժը նշեց, որ եթե հիվանդությունը հայտնաբերում են զրոյական փուլում, ապա բուժումը մոտենում է 100 տոկոսին: Վաղ փուլում հայտնաբերված ուռուցքի դեպքում բուժումն ավելի մեղմ է լինում: Հաճախ կարող է պատահել, որ քիմիաթերապիայի, կրծքագեղձի հեռացման կարիք չլինի, և կինը կարող է փոքիկ միջամտության արդյունքում ազատվել այդ ուռուցքից:
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանն էլ հավելեց, որ կրծքագեղձի հետազոտության համար տարբեր մեթոդներ կան՝ ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, բայց կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման գործում դեռևս արդիական է մնում և ոսկե ստանդարտ է համարվում ռենտգեն-թվային մամոգրաֆիան:
«40-44 տարեկանների դեպքում ցանկալի է կատարել մամոգրաֆիկ հետազոտություն՝ տարին մեկ կամ երկու տարին մեկ անգամ: Իսկ 45-54 տարեկանում կանայք պարտադիր տարին մեկ պետք է հետազոտվեն մամոգրաֆիկ մեթոդով, քանի որ այս տարիքում է ամենահաճախը հանդիպում կրծքագեղձի քաղցկեղը: 55 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում տարին մեկ կամ երկու տարին մեկ անգամ հետազոտվել: Իսկ 80 տարեկանից հետո արդեն պացիենտն ինքն է ընտրում՝ հետազոտվե՞լ, թե՞ ոչ: Մամոգրաֆիան բացառիկ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս քաղցկեղը հայտնաբերել սկզբնական էտապում, ինչը շատ կարևոր է հետագա բուժման մեթոդի ընտրության համար: Իրականությանը չի համապատասխանում բնակչության այն կարծիքը, որ մամոգրաֆիան կարող է վնաս հասցնել օրգանիզմին կամ արդեն առկա գոյացություններն ավելի ակտիվացնել: Նույնը բիոպսիայի դեպքում: Դրանք միֆ են և չեն համապատասխանում իրականությանը»,- մանրամասնեց ռադիոլոգը:
Սոնա Ջիլավյանն ընդգծեց՝ անցկացվող սքրինինգային ծրագրերը ստիպում են քաղաքացիներին ավելի հաճախ հետազոտվել, և քաղցկեղի հայտնաբերումը, նաև վաղ փուլում, հաճախացել է:
«Բարձիթողի վիճակների շատ ենք հանդիպում, երբ կինն ակնհայտ գոյացության առկայության դեպքում նույնիսկ չի դիմում բուժհաստատություններ՝ ինչ-ինչ պատճառներով»,- եզրափակեց բժիշկ-ռադիոլոգը: