ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում բարելավվել են Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի աշխատանքները

Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով իրականացվող ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին կայացավ համաժողով, որին մասնակցեցին գիտնականներ և մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Վրաստանից և Ուկրաինայից : Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակներում 2014-2020 թվականներին հետազոտվել է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի հարթավայրերը, Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին և Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները, Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտան: Ծրագրի ղեկավար գործընկերը հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի փորձագիտական թիմի անդամ Աղավնի Հարությունյանի խոսքով՝ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում համատեղվել են տարբեր գործընկերների ջանքերը, որպեսզի բարելավվի շրջակա միջավայրի մոնիթորինգը:

«Ծրագրի շրջանակներում օգտագործվում են «Կոպերնիկուս» համակարգի տվյալներն ու ծառայությունները, որոնց միջոցով կարելի է շրջակա միջավայրի վերլուծություն և մոնիթորինգ կատարել: Ծրագրի շրջանակներում ստեղծել ենք գործիքներ և ալգորիթմներ, որոնք կիրառելով, կարողանում ենք արբանյակային պատկերները վերլուծել և տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ դինամիկա կա, ինչ կանխատեսումներ կարելի է անել: Արբանյակային պատկերներով կարող ենք 20, 30 և ավելի տարիներ հետ գնալ և 1980-ական թվականներից մինչև մեր օրերը տեսնել, թե Սևանա լճի վիճակը ինչպիսի՞ն էր և ինչպե՞ս փոփոխվեց, ի՞նչ կլինի»,- ընդգծեց Հարությունյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ավելի խորացնել և ամրապնդել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը բնապահպանական մարտահրավերները հաղթահարելու համար:

«Նման համագործակցություններ պետք է ավելի շատ ունենանք, և հատկապես նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս բնապահպանական մարտահրավերներին մոտենալ համագործակցությամբ, որովհետև մեկ կազմակերպություն դժվար կարողանա նման խնդիրները լուծել»,- ասաց Ամիրխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս