«Բա ո՞ւր մնաց իրենց առաջնորդի՝ «Արցախ Հայաստան է, և վերջ»-ը». Լարիսա Ալավերդյան

Լեռնային Ղարաբաղի հարցի մասին «լռելու»՝ Հայաստանի իշխանությունների վերջին շրջանի քաղաքականությունը հաճախ նաև տրանսֆորմացվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին հակադրելու փորձերի հետ: Վերջինի օրինակ, թերևս, կարելի է համարել երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ԵԽԽՎ-ում «Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ՝ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները:

«Իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից,- հայտարարել էր Ռուբեն Ռուբինյանը, ապա հավելել,- Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկանում կողմերից մեկին պաշտպանել, երբ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, բարդ է, հասկանում եմ։ Սա տարբեր է»:

Ի դեպ, սա իշխանական շրջանակներից Արցախի հարցում լռությունը խախտելու միակ փորձը չէր վերջին օրերին. Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, օրինակ, այս հարցում փորձել էր անցնել բոլորին՝ հայտարարելով

«Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները և անվտանգությունն այդ թվում»։

Կարդացեք նաև

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն իշխանությունների նման հայտարարություններն ու գործողությունները դիտարկում է՝ «այս իշխանությունների կողմից Արցախն ամբողջովին Ադրբեջանին հանձնելու, իսկ Հայաստանը Թուրքիային կցորդ դարձնելու» տրամաբանության մեջ:

Ըստ իրավապաշտպանի՝ 2020 թվականին չի ստացվել Արցախը հանձնել, որովհետև ՌԴ աշխարհաքաղաքական շահերն են խոսել:

«Բա ո՞ւր մնաց իրենց առաջնորդի՝ «Արցախ Հայաստան է, և վերջ»-ը. սա դարի խաբեություն կարելի է կոչել: Պատահական չէ, որ դեռ 2020 թ. օգոստոսին զգուշացրել եմ, որ դա շատ վատ ազդակ է. կարծեք թե՝ եկեք, արդեն կարող եք հարձակվել»,- հիշեցրեց Լարիսա Ալավերդյանը:

Այս համատեքստում անդրադառնալով Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները և անվտանգությունը, իրավապաշտպանը նկատեց՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը գրագիտություն չունի Արցախի հիմնահարցում:

«Նա կրկնում է այն, ինչ իրենց ասել են իրենց հետ սեմինարներ պարապողները: Նա բացարձակապես չգիտի այն առանձնահատկությունները, որոնք վերաբերում են Արցախի հիմնահարցին:

Ի՞նչ եք արել ռեսուրս ունենալու համար մինչև 2020 թվականը և դրանից հետո. Ոչի՛նչ: Առնվազն ամեն ինչ արվել է, որ ամբողջությամբ քայքայվի բանակը և խաթարվի ժողովրդի հոգեբանական վիճակը:

Եվ հետո՝ Հայաստանը թե՛ օրենսդրությամբ, թե՛ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում իրավունք չունի հենց այնպես լքելու: Իսկ Էդուարդ Աղաջանյանի ասածն այն է, որ Հայաստանն ամբողջովին միակողմանի լքում է Մինսկի խմբի ֆորմատը, ինչը նշանակում է՝ նրանց հույսը մնում է միացյալ Արևմուտքը, քանի որ անընդհատ դժգոհություն են հայտնում Ռուսաստանից: Իսկ մեզ մոտ Արևմուտքը հանդես է գալիս Թուրքիայով»,- մանրամասնեց նա:

Լարիսա Ալավերդյանը, սակայն, շեշտեց, որ թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրերը նախևառաջ միտված են ամբողջ Հարավային Կովկասն առանց հայերի տեսնելու նպատակներին, իսկ գործող իշխանությունները, նրա համոզմամբ, սպասարկում են թուրք-ադրբեջանական քաղաքականությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս