«Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը․ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ»․ Արարատ Միրզոյանի երեկն ու այսօրը
«Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը, առնվազն մի քանի հարյուր տարի է, վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ՝ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջումը։
Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ են ուզում կոտրել։ Ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել»։
2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին նման գրառումների պակաս չկար սոցիալական ցանցերի հայկական տիրույթում:
Իսկ վերոնշյալ գրառման հեղինակը պատերազմի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանն էր, ով այսօր զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Մասնագիտությամբ պատմաբան Արարատ Միրզոյանը, թերևս ավելի լավ, քան որևէ մեկը, գիտի՝ ինչ չի ներվում մեզ, ու ինչն են ուզում կոտրել հավաքական թուրքերը, շատ լավ է պատկերացնում՝ ինչպես են մեզ հետևողականորեն դարձնում Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը, հստակ արձանագրել է թուրքերի ու ադրբեջանցիների նպատակը՝ «մեր ազգի ու պետության՝ խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածում, քաղաքական քարտեզից մեր վերացում, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջում։
Արարատ Միրզոյանը նույնիսկ ասել է՝ որ դեպքում դա կլինի:
«Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ»,- գրել է նա:
Արարատ Միրզոյանը նաև գիտի, թե ինչ պետք է անել խեղճ ու անճար բուտաֆորիայի չվերածվելու և չբնաջնջվելու համար:
«Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին»,- գրել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի նախկին ղեկավար գործող արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու անձը շատ ճիշտ է նկատել՝ միայն պայքարողի առջև է դուռ բացվում:
«Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։ Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»,- իր գրառումն այնպիսի պաթոսով է ավարտել Արարատ Միրզոյանը, ասես ինքն էր կանգնած Շուշիի, Մարտակերտի, Հադրութի, Ջրականի ու Ասկերանի, Մարտունու մատույցներում:
Այս գրառումից 20 օր անց Արարատ Միրզոյանի քաղաքական թիմի առաջնորդը ստորագրեց կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթուղթ, հանձնեց Արցախի 75 տոկոսը, ներառյալ՝ Հադրութն ու Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը, ապա բանավոր պայմանավորվածությամբ զիջեց Կապանի բարձունքները, Գորիս-Կապան մայրուղու 42 կիլոմետրանոց հատվածը, որն այսօր իր թիմակից Վահագն Ալեքսանյանն ադրբեջանական է համարում, հայկական բնակավայրեր, տարածքներ, տարածքներ… Ու դեռ հանձնում է…
Անցավ երկու տարի… Հիմա Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարն է ու առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը»:
Արարատ Միրզոյանը թերևս հոգեբանորեն պատրաստվել է թուրքերին Մեղրի ու Երևան բերելուն, որովհետև 2021թ. մայիսի 12-ից թուրքերն արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում են, իսկ հիմա գտնվում են Ջերմուկից ընդամենը 4.5 կմ հեռավորության վրա:
Օրեր առաջ Պրահայում Արարատ Միրզոյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ակնհայտորեն իրեն լավ չէր զգում Պրահայում թուրք Էրդողանի և ադրբեջանցի Ալիևի հետ միևնույն սեղանի շուրջ, ապա մասնավոր զրույցներում: Դա էին փաստում այդ օրը Պրահայից ստացված լուսանկարներն ու տեսանյութերը:
Տպավորություն էր, թե Արարատ Միրզոյանն ամաչում էր իր այդտեղ գտնվելու համար, բայց դա իր ընտրությունն է, իր ճակատագրական ընտրությունը՝ սկսած Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին իր միանալուց ու առանցքային դերակատարում ունենալուց, նոյեմբերի 9-ի գիշերվանից, երբ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի ենթարկվեց անձը չպարզված պատվիրատուի պատվերով, ու վերջացրած ներկայից վախերով, խուճապային վախերով:
Արարատ Միրզոյանը թերևս ավելի քան ոչ ոք կամ քչերը լավ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին: Արարատ Միրզոյանը թերևս լավ գիտի իր վախերի պատճառը:
Արարատ Միրզոյանը երեկ սարսափում էր Արցախի կորստից, գիտեր, որ նրանց իրական նպատակը եղել ու մնում է հայերի բնաջնջումը, բայց այսօր ՀՀ անունից բանակցում է Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգի» շուրջ: Ինքը լավ գիտի՝ ինչու: