Հանրահայտ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի մասնակցությամբ միջոցառմամբ Երևանում մեկնարկեց Շեքսպիրյան գիտաժողովը
Շեքսպիրյան 4-րդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվում է հոկտեմբերի 6-8-ը Երևանում, կհյուրընկալի հայ և օտարերկրացի շեքսպիրագետների, թարգմանիչների, թատերագետների, ռեժիսորների, դերասանների և ասպիրանտների աշխարհի տարբեր երկրներից:
Գիտաժողովը կրում է «Շեքսպիրի երկերում ուժի, իշխանության ու բռնության մեկնությունները՝ XXI դարի աշխարհաքաղաքական դիտանկյունից» խորագիրը:
Բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին Երևանի կամերային թատրոնում, որպես պատվավոր հյուր ներկա էր Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան: Նա բեմադրել է Շեքսպիրի ավելի քան 22 թատերգություններ տարբեր երկրներում։
Ստուրուայի խոսքով՝ Շեքսպիրը հանճար է, քանի որ հստակ իմացել է, թե ինչ է մարդը, թե ինչ կենդանի է նա: «Շեքսպիրի հերոսներից Համլետն ասում էր, որ մարդը բնության հրաշալիքներից է, միևնույն ժամանակ զզվելի է: Իհարկե, նա դա ասում էր՝ ելնելով իր ծայրահեղ վիճակից, սակայն ես հաճախ եմ հիշում այդ խոսքերը, որովհետև մարդիկ կրկին ու կրկին դիմում են բռնության, ոչնչացնում են միմյանց: Շեքսպիրը դառնությամբ է գրել այդ ամենի մասին»,-նշեց Ստուրուան ու հավելեց, որ գիտաժողովի շրջանակում կփորձի մի փոքր հեռանալ դառը մտքերից և հանգստանալ:
Ստուրուան բազմիցս եղել է Հայաստանում, թատերական տարբեր հարթակներում դիտել է շեքսպիրյան ներկայացումներ, որոնք իրեն դուր են եկել: Նա շեշտեց՝ շատ է սիրում Հայաստանը: Եթե կրկին հրավիրեն, սիրով կգա:
Հայ շեքսպիրյան միության հիմնադիր Հասմիկ Սեյմորը, որի ջանքերով է կազմակերպվում գիտաժողովը, հիշեցրեց, որ ինքը բնակվում է Մեծ Բրիտանիայում, և միության նպատակը Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև մշակութային, շեքսպիրագիտական կապերի զարգացումն է: Գիտաժողովների շնորհիվ արտերկրից ժամանած օտարազգի մասնագետներին ծանոթացնում ենք ոչ միայն տեղի շեքսպիրագետներին, այլև հայ մշակույթին: Հյուրերն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Հայաստանի պատմության և մի շարք այլ թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, տեսարժան վայրեր: Այդ ամենը կարևոր է, որ նրանք վերադառնան իրենց երկրներ՝ լիցքավորված մեր մշակութային անցյալով»,-շեշտեց Սեյմորն ու հավելեց՝ այժմ Հայաստանը պայքարում է ոչ միայն ռազմի դաշտում, այլև մշակութային ոլորտում, քանի որ Ադրբեջանը փորձում է կեղծել իրողությունները, խեղաթյուրել պատմական ճշմարտությունը:
Գիտաժողովի շրջանակում հոկտեմբերի 7-8-ին զեկուցումներով հանդես կգան շեքսպիրագետներ և թատերական գործիչներ Կանադայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Հայաստանից: Նախատեսվում է նաև հայ շեքսպիրյան միության 3-րդ գիտաժողովի գրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Վենետիկի մխիթարյանների միաբանության Բազմավեպի հատուկ ժողովածուում։ Կցուցադրվի Ռոբերտ Ստուրուային նվիրված վավերագրական ֆիլմը։
Չորրորդ գիտաժողովի պատվավոր հյուրերից է Բանգոր համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Հիսկոկը, Մեծ Բրիտանիայից: Նա Վերածննդի գրականության բաժնի դեկանն է և Մոմպելիեի երեք համալսարանների (Ֆրանսիա) ավագ գիտաշխատող։ Հեղինակել է մի շարք մենագրություններ Շեքսպիրի, Մարլո Ջոնսոնի և Վերածննդի այլ գրողների մասին։ Նրա զեկուցումը նվիրված է 21-րդ դարում Մակբեթի բեմականացման խնդիրներին։
Գիտաժողովի վերջին ելույթը նվիրված կլինի հայ տաղանդավոր թարգմանիչ և բանաստեղծ Սամվել Մկրտչյանի թարգմանություններին։ Սամվել Մկրտչյանի ստեղծագործությունների զեկուցմանը կմասնակցի նրա այրին՝ ճանաչված քաղաքական գործիչ և լրագրող Նաիրա Զոհրաբյանը։