Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ մարդուն կարելի է խայտառակել, ազատազրկել հրապարակավ, բայց փաստեր հանրությանը չներկայացնել
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց: Դատավոր Լուսինե Սեփխանյանը հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին, ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։
Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում էր իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին:
Այս պատմության սկիզբը հունվարի 31-ին էր, երբ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Փետրվարի 1-ին՝ 17:00-ից սկսված, միջնորդությունների քննությունը ԲԴԽ-ում ընթանում էր, և ԲԴԽ-ն նախ բավարարել էր դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, ապա նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու միջնորդությունները, ի դեպ, միաձայն:
Օրեր առաջ 168.am-ը Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) հարցրեց՝ ի՞նչ է դրված եղել ԲԴԽ անդամների սեղանին, որ նրանք գնացել են դատավորին կալանավորելու թույլտվություն տալու քայլին:
Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից նախ մեզ փոխանցեցին, որ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, և Խորհուրդն այդ հարցով որևէ մեկնաբանություն տալուց զերծ կմնա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հիմքեր էին ներկայացվել Խորհրդին, որ միաձայն կայացվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշում, ԲԴԽ-ն, իհարկե, բովանդակային պատասխան չուներ:
«Քանի որ դռնփակ նիստում է քննարկվել այդ միջնորդությունը, հետևաբար՝ Խորհրդին ներկայացված փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություն տալ ևս չենք կարող»,- ԲԴԽ դիրքորոշումը փոխանցեցին Խորհրդի լրատվական ծառայությունից:
Բորիս Բախշիյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նույնպես պնդում էր, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու բոլոր հիմքերը կան։
Այս տարվա փետրվարի սկզբին լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել էր, որ այս միջնորդությունը քննադատության ենթարկողները շրջանցում են փաստերը։
«Ես ինքս եմ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) մասնակցել նիստին և շատ լավ մասնակից եմ եղել մասնագիտական քննարկմանը: Ցավում եմ, որ այդ մասնագիտական քննարկման ժամանակ կոնկրետ վարքագիծ ունեցող անձինք դրանից դուրս, հատկապես՝ տեսանկարահանող սարքերի առաջ, անում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն համադրվում այդ վարքագծի հետ: Ներսում մասնագիտական կարծիք չեն կարողացել հայտնել»,- ասել էր Գևորգ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ դատախազությունը բավարար հիմքեր է ունեցել այդ միջնորդությունը ներկայացնելու:
«Երբ մեղադրյալն ասում է՝ պաշտպանս նիստի չի կարող գալ, իսկ ես առանց պաշտպանիս չեմ ուզում ներկա գտնվել դատական նիստին, և գործով հաստատված լինի, որ այդ մեղադրյալը ենթարկվել է ճնշումների, անօրինական ազդեցությունների, գործով 5 պարտադիր մասնակիցների բացակայությամբ դատական նիստը շարունակվի, ու շարունակվի բացառապես այդ մեղադրյալին կալանավորելու համար, բոլոր մասնակիցները դիրքորոշում հայտնեն, որ չի կարելի կալանավորել, որովհետև հենց այդ խափանման միջոցն ընտրելու հիմք չկա, պետք է նրան բերման ենթարկել, բացի այդ, պետք է լսել այդ մեղադրյալին, բացակայության պատճառները հասկանալ, ու դատավորը շարունակում է նիստը, որին կալանավորի, ու կալանավորում է»,- դատախազության դիրքորոշումն էր հայտնել գլխավոր դատախազի տեղակալը:
Շարունակելով թեման՝ Գևորգ Բաղդասարյանը նկատել էր` հաջորդ դատական նիստին ոչինչ չի փոխվում, նույն մեղադրյալը հաստատում է, որ՝ այո, հենց այդ պատճառով էլ չէի եկել, ու նրան ազատ են արձակում, հարցաքննում են, ու վերջինս ցուցմունքներից հրաժարվում է, ու դա ծառայեցվում է մեկ այլ մեղադրյալի ազատ արձակելու համար, այն մեղադրյալին, որը հետո էլի կալանավորվեց (Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին.- Գ.Ս.):
«Իսկ թե այդ ընթացքում՝ կալանքի տակ եղած ժամանակ, ինչեր են կատարվել, դրա մասին մանրամասներ չասեմ: Ասեմ ուղղակի, որ քրեական գործ կա հարուցված՝ կազմակերպված խմբի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրելու համար»,- ասել էր գլխավոր դատախազի տեղակալը՝ շեշտելով, որ այս հանգամանքները խոսում են բացարձակ ապօրինության մասին:
Չվիճարկելով գլխավոր դատախազի տեղակալի խոսքերի ճշմարտացիությունը և հաշվի առնելով դատավոր Բորիս Բախշիյանի արդարացման վճիռը և այն հանգամանքը, որ այս պահին արդեն դատախազությունը կաշկանդված չէ նախաքննական գաղտնիքով, 168.am–ը գրավոր հարցմամբ Գլխավոր դատախազությանը և մասնավորապես, բնականաբար, Գևորգ Բաղդասարյանին խնդրել էր պատասխանել՝ ի՞նչ փաստեր են դրված եղել դատախազի տեղակալի սեղանին, որոնք նրան հիմք են տվել հաստատակամորեն ԲԴԽ -ում պնդել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան կալանավորելու անհրաժեշտությունը։
Առանձին խնդրել էինք տեղեկություն տրամադրել կալանավայրում ապօրինի վարքագիծ դրսևորելու նրա ակնարկների ու դրանցում դատավոր Բորիս Բախշիյանի մասնակցության վերաբերյալ։
Գլխավոր դատախազությունից 168.am-ին պատասխանել են, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այնուհետև վերջինիս ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու մասին միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին են ներկայացվել դրանց անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը վկայող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ, դրանք ուսումնասիրվել և քննարկման առարկա են դարձել ՀՀ Բարձրագույն դատական խորհորդում, ինչի արդյունքում բավարարվել են:
«Հետագայում նշված ապացույցները հետազոտվել են գործն ըստ էության քննած ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դռնբաց դատաքննության ընթացքում, և դրանց կրկին անգամ անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է»,- նշված էր Դատախազությունից ստացված պատասխանի մեջ:
Ինչ վերաբերում է կալանավայրում ապօրինի վարքագիծ դրսևորելու՝ Գևորգ Բաղդասարյանի ակնարկներին ու դրանցում դատավոր Բորիս Բախշիյանի մասնակցությանը, Գլխավոր դատախազությունից պատասխանել էին՝
«Կազմակերպված խմբի կողմից ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ տալով ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելու առերևույթ դեպքի առթիվ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռևս չի ավարտվել, ուստի նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությամբ պայմանավորված, գործով ձեռք բերված փաստական տվյալների մասին տեղեկություններ չեն կարող հայտնվել»:
Այսինքն՝ Գլխավոր դատախազությունը, ավելի ճիշտ՝ դատախազի տեղակալ, այս միջնորդությունը ԲԴԽ-ում ներկայացնող և պնդող Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ ԲԴԽ+ Սյունիքի դատարան շուրջ 2 տասնյակ անձանց ներկայությամբ գործով փաստական տվյալները ներկայացնելը բավարար է ընդհանուր տպավորության համար և հավելյալ շրջանակ ընդլայնելու անհրաժեշտություն չեն տեսնում:
Մարդուն խայտառակ են անում հանրապետությունով մեկ, ամիսներով ազատությունից զրկում են, 3 անչափահաս երեխաներին թողնում են առանց հոր խնամքի, դատավորի վարքագծին անհարիր ինչ հանցանքի մեջ ասես մեղադրում են հրապարակավ, ի լուր տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների, բայց երբ մարդն արդարացվում է դատարանի որոշմամբ, ու հանրությունը հիմա գոնե փաստական տվյալ է պահանջում, պատասխանում են՝ 20 հոգու ասել են, դրանց կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չեն տեսնում:
Ամիսներ առաջ թուրն աջուձախ կտրող, «էյ դուք, ստրուկներ» կեցվածքով իր համոզմունքը որպես վերին ատյանի ճշմարտություն ներկայացնող Գևորգ Բաղդասարյանը, ում կամքով դատավոր է ազատազրկվել ըստ ամենայնի հանիրավի, հարկ չի համարում գեթ մեկ փաստական տվյալ բերել, որ հասարակությունը դույզն-ինչ համոզվի՝ դե հա էլի, երևի թե կարելի էր սրա համար մարդուն կալանավայր ուղարկել:
Ինչպես ասում են, «что и следавало доказать»: