
Գորիկ Գուրգենիչ, ականջդ կանչի. երբ ԱԱԾ-ն ԱԱԾ էր, ոչ թե սատանա բռնող, ՀԴՄ ստուգող ու Բաքվում թուրքերի առաջ խոնարհ հարս դարձած պատանի

Այսօր Արցախի Հանրապետության վրա ադրբեջանական հարձակման, արցախցիների հայրենազրկման, էթնիկ զտման 2-րդ տարելիցի օրն է:
Լույսը բացվեց երկու իրականության մեջ. մի իրականությունում Նիկոլ Փաշինյանն Էլվինա Մակարյանի ռիթմիկ երգով ինչ-որ անհասկանալի շարժումներ էր անում համակարգչի ստեղնաշարի վրա, իսկ մյուս իրականության մեջ «Եռաբլուր» զինվորական պանթեոն մարդկանց հոսքը չէր դադարում: Հասարակական-քաղաքական գործիչներ, զոհված զինծառայողների ծնողներ ու զինակից ընկերներ, պարզապես ՀՀ սովորական քաղաքացիներ, ում համար Արցախի կորստի, ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանության կողմից մեր պատմական հայրենիքի մի հատվածի հանձնումը ողբերգություն էր. նրանք էին այսօր Եռաբլուրում:
Եռաբլուր այս ողբերգական օրը ոչ մի իշխանավորի ոտք չմտավ, ոչ մի ուղերձ չհնչեց. ՀՀ ՔՊ-ական իշխանության համար այս օրը որևէ այլ օրվանից ոչնչով չտարբերվեց:
Թվում էր՝ օրն այդպես էլ կավարտվի՝ հակասական զգացումներով, ամոթի ու նվաստացման հերթական չափաբաժնով, բայց ՀՀ իշխանությունը ՀՀ իշխանություն չէր լինի, եթե այս օրով մի սարսափելի հարված էլ չհասցներ:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»,- կարդացինք Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրության մեջ ու ապրեցինք հերթական նվաստացումը:
Քարոզչական ավելի մեծ հաղթանակ, քան այն, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենը Արցախի կորստի օրը Բաքվում ադրբեջանցիների կազմակերպած անվտանգային ֆորումի է մասնակցում, ուր ադրբեջանցի բանախոսները պետք է հպարտորեն ներկայացնեն իրենց անվտանգային ձեռքբերումները, հնարավոր չէ պատկերացնել: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը Արցախի վրա հարձակումը փաթեթավորել էր՝ որպես հակաահաբեկչական, այսինքն՝ անվտանգային գործողություն:
Հետաքրքիր է՝ ինչը կարող է ստիպել 36-ամյա երիտասարդին, ով քաղաքական թիմի անդամ չէ, ի սկզբանե նվիրյալ հեղափոխական չի եղել որոշ դատավորների նման, այլ միայն միգուցե իր համար բարենպաստ կամ ոչ այնքան պայմանների հաջող համադրմամբ է հասել այնտեղ, ուր հիմա ինքն է, մտնել այս ստորացուցիչ թեմայի տակ… Պաշտոնի մոլո՞ւցքը, դի՞րքը, հեղինակությո՞ւնը… Թերևս, միայն թե ԱԱԾ-ն վաղուց ԱԱԾ չէ, այլ ՀԴՄ-ներ ստուգող, սատանաներ որսացող ու Նիկոլ Փաշինյանին ջերմորեն փայփայող կառույց:
Այստեղ են ասել՝ Գորիկ Գուրգենիչ, ականջդ կանչի: