ԱԱԾ-ն մտել է Ազգային արխիվ. Թշնամու հետ համագործակցող խումբ են բացահայտել. աշխատակիցները վստահ են՝ գործն ուզում են փակել

168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամուն նյութեր տրամադրելու համար:

«Ֆինանսիստ տնօրենը, որ գաղափար չունի արխիվից, ազատել է նրանց, բայց ինքը մնում է. տարօրինակ է, բայց փաստորեն կարողացել են ծածկադմփոց անել ու ինֆորմացիան գաղտնի պահել»,- ասաց Ազգային արխիվի մեր աղբյուրը:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային հասցեներով է ԱԱԾ-ն խմբի հետքի վրա դուրս եկել, և արխիվում բոլորը գիտեն՝ ովքեր են այդ պատմության առանցքում:

«Նախկին տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը, Ավագյան Գոհարը՝ գործող տնօրեն Արթուր Ստեփանյանի խորհրդականը, ով ամիսներ շարունակ դրսում եկեղեցիների փաստաթղթեր էր մշակում, մյուսը՝ թվայնացման բաժնի պետ Անահիտ Քոչարյանը: Խմբում են եղել Գոհարի եղբոր աղջիկը՝ Աննան, և Արուսյակը: Սոնյա Միրզոյանը տնային կալանքում է: Այս խումբը գրքեր ու տոհմածառեր է կազմել և մեծ գումարներ աշխատել միշտ: Դրսից են ղեկավարել ու ստացել պետքական փաստաթղթերը, որոնք փոխանցել են թշնամի երկրին»,- ասաց մեզ հետ կապ հաստատած իրազեկ անձը:

Կարդացեք նաև

Աշխատակիցները համոզված են, որ տնօրենն էլ է տեղյակ եղել:

«Սրա մասին պետք է խոսվի, որ չթաքցնեն. դեռ չգիտենք՝ ինչ են փոխանցել՝ քարտեզներ, սեփականության վկայագրեր, պատմական նյութեր: Զարմացած ենք, որ մեկ շաբաթ է, ինչ ԱԱԾ-ն մտել է Արխիվի շենք, ու ոչ մի աղմուկ չկա: Արխիվի ղեկավար կազմը կոծկում է՝ իրենց մասնակցությունը կամ անգործությունը թաքցնելու համար: Արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը ներսում փակ ժողովին ասել է՝ փակել եմ գործը, արխիվը գաղտնիացնելու եմ, լրագրողներից հեռու: Դե իհարկե, այդպես հեշտ կլինի եղածն էլ ոչնչացնել»,- ասաց Ազգային արխիվի մեր աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս