Բաժիններ՝

«Նոր Գյուղից Աբովյան՝ 2 կմ-ի համար աշակերտը վճարում է 200 դրամ, եթե, իհարկե, կարողանում է նստել». Կոտայքում երթուղային տրանսպորտի գինը բարձրացել ու չի իջնում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է միասնական նոր երթուղային ցանցի սակագները: Հիմնական փոփոխությունը եղել է Կոտայքի մարզում, քանի որ կա նոր փոխադրող օպերատոր:

Այսպիսով, Հրազդան-Հանքավան փոխադրավարձն արժե 500 դրամ, Կարենիս-Աղվերան՝ 300, Չարենցավան-Բջնի՝ 250 դրամ, Թեղենիք-Նոր Հաճն՝ 250 դրամ, Բուժական-Եղվարդ՝ 300 դրամ, Չարենցավան-Հրազդան՝ 400 դրամ, Աբովյան-Զովաշեն՝ 500 դրամ, Աբովյան-Սևաբերդ՝ 400 դրամ, Աբովյան-Գողթ՝ 500 դրամ, Աբովյան-Նոր Հաճն՝ 200 դրամ, Հրազդան-Աբովյան՝ 500 դրամ, Աբովյան-Նուռնուս՝ 250 դրամ, Զովունի-Աբովյան՝ 400 դրամ, Եղվարդ-Աբովյան՝ 400 դրամ, Աբովյան-Առինջ՝ 200 դրամ, Աբովյան-Գեղաշեն՝ 250 դրամ, Աղավնաձոր-Հրազդան՝ 200 դրամ, Հրազդան-Ծաղկաձոր՝ 200 դրամ, Հրազդան-Երևան՝ 700 դրամ, Ծաղկաձոր-Երևան՝ 700 դրամ, Եղվարդ-Երևան՝ 300 դրամ, Չարենցավան-Երևան՝ 500 դրամ, Աբովյան-Երևան՝ 300 դրամ:

Մարզի բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել, հանդիպումներ ունեցել մարզեպետարանում, ակնկալել խնդրի շուտափույթ լուծում, սակայն դեռևս որևէ փոփոխություն չի կատարվել:

«Աբովյան-Նոր Հաճն գծի համար հիմա ուղևորները 200 դրամ են վճարում, Նոր Հաճնից Երևան հասնելու համար՝ 200 դրամի փոխարեն՝ 300 դրամ: Բողոքեցինք, անգամ ստորագրահավաք կազմակերպվեց, բայց ցավոք, դեռ հարցին լուծում չի տրվել: Նոր Գյուղից Աբովյան՝ 2 կիլոմետրի համար, աշակերտը վճարում է 200 դրամ, եթե, իհարկե, կարողանում է նստել, որովհետև հաճախ հնարավոր էլ չի լինում: 200 դրամ ենք վճարում նաև Զովունիից Երևան հասնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց մարզի բնակիչներից մեկը:

Կարդացեք նաև

Նոր Հաճնի բնակիչներից Մարտինն էլ կարծում է, որ այս գները երկար չեն կարող մնալ, որովհետև բնակիչների համբերության բաժակը լցվելու է: Ավելին, երթուղայինների փոխարեն՝ տաքսի են նախընտրելու:

«Եթե տաքսին 1500 դրամ էր, սարքելու է 2000 ու 4 հոգու մեջ բաժանելով՝ ընդամենը 100 դրամ է ավելանում, մարդիկ նախընտրելու են տաքսին, քան երթուղային ավտոբուսը»,- նշեց մեր զրուցակիցը:

Բնակիչների փոխանցմամբ՝ ամեն օր մայրաքաղաք եկող-գնացողներն ավելի քան 1000 դրամ պետք է ծախսեն, սա մեկ ամսվա հաշվարկով՝ նվազագույն կենսաթոշակից բարձր գումար է կազմում։

Օրինակ, Զառ գյուղից մայրաքաղաք հասնելու համար մարդիկ 350 դրամ էին ծախսում, հիմա՝ 600 դրամ։ Այսինքն, նախ 300 դրամով հասնում են Աբովյան, այնտեղից էլ ևս 300 վճարելով՝ Երևան։

Ընդգծենք, որ նոր ավտոբուսները սկսել են աշխատել մայիսի 1-ից, իսկ մեկ օր անց ուղեվարձը թանկացել է 50-100 տոկոսով: Օրինակ, Աբովյանի Զառ գյուղից մինչև Աբովյան ուղեվարձը 150 դրամ էր, հիմա դարձել է 300 դրամ: Աբովյանից Երևան 200 դրամի փոխարեն՝ հիմա վճարում են 300 դրամ:

Հավելենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն և հաղթող ճանաչվել։

«Հետք»ի փոխանցմամբ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը երկու ամիս առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Պետական գրանցումից մեկ ամիս անց ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, իսկ ընկերության տնօրենն Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել 10 տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս