Ո՞ւր կգնա Սրբուհի Գալյանը, ո՞վ կնշանակվի գլխավոր դատախազի տեղակալի՝ նրա պաշտոնում, և դեռ մինչև ե՞րբ Գևորգ Բաղդասարյանը կհանդուրժի Աննա Վարդապետյանի նվաստացումները
Դեռևս սեպտեմբերի 14-ին, երբ դեռ Աննա Վարդապետյանը չէր անցել գլխավոր դատախազի՝ իր պարտականությունների կատարմանը, 168.am-ը տեղեկացրել էր, թե ինչ է սպասվելու դատախազությանն Արթուր Դավթյանի հեռանալուց հետո, և նշել, թե ով կգնա, և ով կմնա նրանից հետո:
Այսօր արդեն աստիճանաբար ուրվագծվում է Աննա Վադապետյանի կադրային քաղաքականության առանցքը, որում, ըստ ամենայնի, տեղ չունեն Արթուր Դավթյանի կադրերն ու այն անձինք, ում հետ ինքը միջանձնային խնդիրներ ունի:
Աստիճանաբար աշխատանքից ազատվում են գլխավոր դատախազի տեղակալները, որը, երևի թե, տրամաբանական է, և այդպես է եղել միշտ. յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես, եթե ղեկավարում է կարևորագույն իրավապահ կառույց, բնական է, որ կցանկանա իր թիմով աշխատել:
Արդեն իսկ, ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք, նշանակվել է գլխավոր դատախազի մեկ տեղակալ՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Պողոսյանը, ով իրականում դատախազության կադր է և վերադարձել է իր համար հարազատ կառույց:
Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի ժամանակներից մնացած երկու տեղակալների՝ Սրբուհի Գալյանի և Գևորգ Բաղդասարյանի թեման դեռ փակված չէ:
Մամուլն արդեն իսկ գրում է այն մասին, որ սրվել են Գևորգ Բաղդասարյանի և Աննա Վարդապետյանի հարաբերությունները, և անգամ վերջինիս մտերիմներից մեկին են Երևան քաղաքի դատախազությունից տեղափոխել մարզ՝ Գևորգ Բաղդասարյանին հասկացնելով՝ ինքն այլևս դատախազությունում հարց լուծող չէ:
168.am-ի տեղեկություններով, սակայն, մարզ տեղափոխությունը վերջին պահին չեղարկվել է, և նշված անձը պաշտոնի իջեցմամբ՝ տեղափոխվել է Զինվորական դատախազություն, ուր կաշխատի Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանի ղեկավարությամբ: Նրան մոտ օրերս, ինչպես 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, կնշանակեն գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ:
Կդիմանա՞ շարունակվող ճնշմանն ու նվաստացումներին Գևորգ Բաղդասարյանը, թե՞ այնուամենայնիվ, պաշտոնը քաղցր է, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում նաև, որ ինչպես ավելի վաղ գրել էինք, Գևորգ Բաղդասարյանին պարզապես պահեն, մինչև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործի ավարտը. դատարանում մեղադրող դատախազ է Գևորգ Բաղդասարյանը: Եվ թեպետ կա նաև այդ գործով մեկ այլ դատախազ՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, բայց քիչ է հավանական, որ գործի ծանրությունը կթողնեն մեկ դատախազի ուսերի վրա, հատկապես, որ մշուշոտ է նաև Պետրոս Պետրոսյանի ճակատագիրը՝ որպես Արթուր Դավթյանի թիմի անդամ:
Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով՝ օրերս Աննա Վարդապետյանն իր աշխատասենյակում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ Գևորգ Բաղդասարյանին հիշեցնելով նրա՝ աղմկահարույց գործերով դատախազ լինելով՝ դրանց՝ տեղում դոփելու մասին, ակնարկել է, որ վերջինս կարող է համալրել իր գործընկերների (գլխավոր դատախազի՝ արդեն իսկ աշխատանքից ազատված տեղակալների.- Գ.Ս.) շարքերը:
Ինքը՝ Գևորգ Բաղդասարյանն, այսօր հերքել էր աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին տեղեկությունները:
Շատ բարդ իրավիճակ է նաև գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչության պետ Սրբուհի Գալյանի հետ կապված: Հայտնի փաստ է՝ Աննա Վարդապետյանն ու Սրբուհի Գալյանը տանել չեն կարողանում ու անգամ չեն բարևում միմյանց: Աննա Վարդապետյանը, բնական է, առիթը բաց չի թողնի իր վերաբերմունքը վերջինիս նկատմամբ արտահայտելու համար, իսկ Սրբուհի Գալյանին ճանաչողները պնդում են՝ Գալյանը վստահաբար կուլ չի տա գլխավոր դատախազի կսմիթները:
Արդեն իսկ տեղեկություններ են պտտվում, որ Սրբուհի Գալյանը կգնա Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ գլխավորելու Շուշանիկ Ներսիսյանից հետո ամիսներ շարունակ թափուր մնացած ՊԵԿ-ի Մաքսային ծառայությունը, ինչը բավականին հավանական սցենար է, եթե հաշվի առնենք ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և Սրբուհի Գալյանի մտերմությունն ու ընկերական վաղեմի հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանն արդարադատության փոխնախարար էր հենց Բադասյանի գլխավորած նախարարությունում:
Եվ եթե հաշվի առնենք այն «բարդակը», որ հիմա տիրում է Մաքսային ծառայությունում, երբ մարդիկ ամիսներով իրենց պատվիրած ապրանքները չեն կարողանում կարգոյից դուրս բերել ու մաքսազերծել, որովհետև դրանք պարզապես չեն սկանավորվում, լիովին հավանական է, որ Գալյանին գործուղեն ՊԵԿ, հատկապես որ, ՊԵԿ-ի Մաքսային ծառայությունում սովոր են աշխատել կին ղեկավարի հետ:
Ճիշտ է, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) թափուր է նաև Արդարադատության նախարարի աթոռ, և նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է Կարեն Անդրեասյանի տեղակալի և բիզնես գործընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի վրա, բայց քիչ է հավանական, որ Գալյանին կնշանակեն Արդարադատության նախարարի պաշտոնում:
Իսկ թե ի՞նչ կնշանակի Գրիգոր Մինասյանի նշանակումն այդ պաշտոնում, 168.am-ը կտեղեկացնի հաջորդ հրապարակման մեջ:
Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչության պետի պաշտոնին, ապա այդ պաշտոնում, եթե, իհարկե, Գալյանը հեռանա, հավանաբար կնշանակվի սահմանադրագետ Անահիտ Մանասյանը՝ նշանակվելով գլխավոր դատախազի տեղակալ: Հայտնի է, որ իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը և Աննա Վարդապետյանը վաղեմի մտերիմ ընկերներ են: