Քաղաքացիներն ահազանգում են՝ խայտառակ վիճակ է, չեն կարողանում Մաքսայինից իրենց ապրանքները ժամանակին ստանալ. ՊԵԿ-ն ասում է՝ նամակ գրեք

168.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները դժգոհում էին Մաքսային ծառայության վատ աշխատանքից:

Նրանց խոսքով՝ ցանկացած ապրանք, որը մուտք է գործում Հայաստան, բնականաբար, պետք է անցնի մաքսային հսկողություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք ապրանքը ներմուծվել է թույլատրելի արժեքի սահմաններում, ենթակա՞ է, թե՞ ոչ մաքսազերծման, պե՞տք է գանձվի մաքսային վճար, թե՞ դրա հարկը չկա:

Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիների պնդմամբ՝ այս պահին բազմաթիվ ապրանքներ, հազարավոր մարդկանց մեծ բեռնաքանակներ գտնվում են Մաքսայինում, մասնավորապես՝ կարգոյում, և մաքսային ծառայողները պարզապես չեն հասցնում սքանավորել ապրանքները, որպեսզի հնարավոր լինի դրանք հասցնել թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց:

«Մարդիկ պատվիրել են ապրանք, ընդ որում՝ լրացուցիչ վճարել են, որպեսզի այն արագ կերպով հասնի Հայաստան, ապրանքը Հայաստան է հասել պայմանական սեպտեմբերի 5-6-7-8-ին, ու մինչ այս պահը մաքսային ծառայությունն այդ ապրանքները չի սքանավորել: Ի՞նչն է պատճառը»,- տարակուսում էին մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները:

Կարդացեք նաև

Տնտեսվարողների ու պարզապես սովորական քաղաքացիների խոսքով, ովքեր հաճախ են իրենց անձնական օգտագործման համար ապրանքներ պատվիրում արտերկրից, այս դժվարություններն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրել է արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը, ով ժամանակին, ի դեպ, աշխատել է ՊԵԿ-ում:

Քաղաքացիները նաև նշում էին, որ ծայրահեղ անհարմարություններ են ստեղծվել մարդկանց համար, քաշքշուկ, բյուրոկրատիա:

«Ակնհայտորեն այն պարգևավճարները, որ ստանում են մաքսայինի աշխատակիցները, չի շահագրգռում նրանց, որ վերջիններս կամ լավ աշխատեն, կամ էլ նրանք պարզապես ֆիզիկապես չեն հասցնում, ու կարիք կա նոր աշխատողներով ծառայությունը համալրելու, մինչդեռ այս կառավարությունը գնում է կրճատման ճանապարհով»,- նշում էին մաքսայինի ծառայություններից հաճախ օգտվող մեր քաղաքացիները՝ պնդելով՝ արդյունքում տուժում են քաղաքացիները:

Ըստ նրանց՝ այս ուշացումների արդյունքում՝ պատվիրված բազմաթիվ ապրանքներ իրենց նշանակությունը կորցնում են. մարդկանց պարզապես պետք չի լինում արդեն իրենց պատվիրած ապրանքը:

«Նիկոլ Փաշինյանի օրոք սկզբունքորեն որևէ հիմնարկ չի կարող ժամացույցի պես աշխատել: Դա չի էլ քննարկվում, բայց հիմա վիճակն իսկապես աղետալի է մաքսային ոլորտում: Զանգում ես առաքման DHL ծառայություն, ասում են՝ մենք փորձում ենք լուծել հարցը, բայց հարցը 20-30 օր է՝ չի լուծվում, իսկ մաքսայինում առհասարակ ժամկետ չեն ասում»,- ասաց մեր զրուցակիցը:

Խմբագրություն զանգահարած մարդիկ, բացի աշխատակիցների քանակի պակասից, նշում էին մեկ այլ պատճառ ևս:

«Չունեն բավարար կոմպետենցիա: Աշխատակիցները չգիտեն՝ ինչը ստուգեն, ինչը՝ ոչ: Հիմնական խնդիրն այն է, որ ապրանքը չեն սքանավորում, որ այն հասնի մաքսային վճարների փուլ, ու մաքսային բրոկերները զբաղվեն դրանցով»,- ասացին մեր զրուցակիցները:

168.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մարդիկ տևական ժամանակ չեն կարողանում ստանալ իրենց ապրանքները, և ինչո՞ւ է Մաքսային ծառայությունը հապաղում սքանավորել ապրանքները, Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին՝ այդ խնդրի վերաբերյալ անհատական բողոքներ չունեն, իսկ եթե խնդիրը համակարգային է, քաղաքացիները ճիշտ կանեն՝ նամակ գրեն ՊԵԿ-ին, ուր նրանց բարձրացրած հարցը կուսումնասիրվի, և կտրվեն պատասխաններ:

Տեսանյութեր

Լրահոս