Ի՞նչ է սպասվում դատախազությունում, ո՞վ կգնա, և ո՞վ կմնա Արթուր Դավթյանից հետո
Ընդամենը մի քանի օր անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին, և վերջինիս փոխարեն գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնական, այդ պաշտոնում սկանդալի կիզակետում հայտնված Աննա Վարդապետյանը:
Այս օրերին դատախազությունում ճամպրուկային իրավիճակ է. բոլորը, շունչները պահած, սպասում են սպասվող կադրային փոփոխություններին, որովհետև ակնհայտ է, որ դատախազությունում մեծ փոփոխություններ կարող են լինել, և դրանց ալիքը առաջին հերթին կհասնի գլխավոր դատախազի տեղակալներին:
Երեկ արդեն տեղեկություն տարածվեց, որ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանն է հրաժեշտ տվել իր պաշտոնին, և MediaHub.am–ի տեղեկացմամբ՝ նրան կփոխարինի Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը:
Վերջինիս՝ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ նշանակվելու լուրն արդեն տևական ժամանակ է, որ շրջանառվում է, բայց հարցն առկախ էր, քանի որ Աննա Վարդապետյանն էր կտրուկ դեմ արտահայտվել նրա նշանակմանը, և ակնհայտ էր, որ միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման պարագայում Հայկ Գրիգորյանը կարող էր նշանակվել զինդատախազի պաշտոնում. ըստ ամենայնի՝ այդ որոշումը կայացվել է:
Նույն քաղաքական կամքը կորոշի՝ կմնա՞ արդյոք դատախազության համակարգում գլխավոր դատախազի տեղակալ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչության պետ Սրբուհի Գալյանը, ում հետ Աննա Վարդապետյանն ունի ծայրահեղ լարված հարաբերություններ դեռևս Արդարադատության նախարարությունում այս երկու կանանց՝ փոխնախարարներ աշխատելու ժամանակներից, երբ նախարարը ՊԵԿ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանն էր, և բացի իր թիմից, նոր մարդկանց ներկայությունը դժվար էր հանդուրժում:
Սրբուհի Գալյանն ու Ռուստամ Բադասյանը մտերիմ ընկերական հարաբերություններ ունեն, ըստ որոշ տեղեկությունների՝ համակուրսեցիներ են, իսկ Աննա Վարդապետյանն օտար էր Բադասյանի ընկերական շրջապատում: Արդյունքում, ի վերջո, Աննա Վարդապետյանն ազատվեց աշխատանքից:
Նրանց մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների պնդմամբ՝ Սրբուհի Գալյանն ու Աննա Վարդապետյանն անգամ միմյանց չեն բարևում, և բնական է, որ Աննա Վարդապետյանը չպետք է ցանկանա աշխատել Սրբուհի Գալյանի հետ:
Մյուս կողմից, Գալյանի զբաղեցրած պաշտոնը բավականին զգայուն պաշտոն է, և դժվար է լինելու նրան այս փուլում փոխարինող գտնել: Դա, թերևս, Աննա Վարդապետյանը շատ լավ է հասկանում. ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը, ենթադրվում է, որ այդ թեմայով զրույց Աննա Վարդապետյանի հետ ունեցել է:
Ինքը՝ Սրբուհի Գալյանը, մտերմիկ շրջապատում վերջերս զգուշորեն թեմային անդրադարձել է՝ նշելով՝ կփորձի աշխատել Աննա Վարդապետյանի հետ:
168.am-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազի տեղակալ, Արթուր Դավթյանի մտերիմ Գևորգ Բաղդասարյանը կշարունակի պաշտոնավարել: Վերջինս առանձնապես խանդավառված չէ այդ հեռանկարից, սակայն այլ տարբերակ չունի, քանի որ հանդիսանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազը և գործը պետք է ավարտին հասցնի:
Գլխավոր դատախազի տեղակալներից մյուսը, ըստ մեր տեղեկությունների, կլինի Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի գործող պետ Արթուր Պողոսյանը:
Ի դեպ, գլխավոր դատախազի տեղակալի հավանական թեկնածուներից է նաև սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանը։ Վերջինս Աննա Վարդապետյանի հետ ունի վաղեմի ընկերական մտերիմ հարաբերություններ։ Մասնագիտական շրջանակներում հայտնի է իր պրոֆեսիոնալիզմով։ Անահիտը Մանասյանը նաև Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորն է եղել։ Ներկայումս սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է։