«Այդ բարձրացումը համարժեք չէ. գնաճը շարունակում է մնալ առաջանցիկ». Լիլիա Ամիրխանյան
Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձի չափը. կառավարությունը հերթական նիստում հավանության է արժանացրել որոշումը, որով նվազագույն աշխատավարձը նախկին՝ 68 հազար դրամի փոխարեն՝ նախատեսվում է դարձնել 75 հազար դրամ։
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն այս որոշումը դիտարկում է կառավարության կողմից հանրության համար ցավոտ ժամանակաշրջանում դրական տրամադրություններ ստեղծելու պրակտիկայի շրջանակներում:
«Նույն տրամաբանությամբ, պատահական չէ, որ նախորդիվ հայտարարել էին նաև՝ կենսաթոշակներ են պատրաստվում բարձրացնել 2023 թվականից, սակայն տեղի ունեցան, մեղմ ասած, բացասական զարգացումներ, և այդ ակտը ուղղակի բերվեց առաջ. բարձրացումը սեպտեմբերին տեղի ունեցավ»,- հիշեցրեց տնտեսագետը:
Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ թեև չի ցանկանում արժեզրկել «7000 դրամի» ավելացումը նվազագույն աշխատավարձերին, սակայն կարծում է՝ առկա գնաճի պայմաններում 7000 դրամը սոցիալական տեսանկյունից խնդիր չի լուծելու:
«Մենք այսօր խոսում ենք ապագային միտված 7000 դրամ եկամուտի ավելացման մասին, որը, սակայն, գնահատվում է այսօրվա սպառողական գների ինդեքսին՝ 8.4 տոկոսանոց գնաճին մոտարկված, բայց առաջիկայում մենք ունենք ևս մի քանի ամիս, հստակ միտումներ, որ գնաճային ճնշումները շարունակվելու են և, հետևաբար, չգիտենք՝ հունվարին, երբ մարդկանց եկամուտներն ավելանան, սպառողական գների ի՞նչ պատկեր կունենանք:
Եվ, ի վերջո, անգամ այս իրավիճակի հետ համեմատելիս, պետք է դուրս գալ «սպառողական գների ինդեքս» ընդհանրական ցուցանիշից և ավելի մասնավոր դիտարկել՝ օրինակ, ձավարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի գնաճը, որը 40-50 տոկոս է կազմում: Այսինքն՝ երբ մասնավոր ենք դիտարկում, տեսնում ենք, որ խոսքը շատ հեռու է 8.4 տոկոս գնաճ լինելուց: Ասել է թե՝ սոցիալական նշանակության տեսանկյունից այդ բարձրացումը համարժեք չէ. գնաճը շարունակում է մնալ առաջանցիկ»:
Քանի որ օրեր շարունակ պաշտոնական հարթակներից իբրև ձեռքբերում էր հնչեցվում տնտեսական ակտիվության 13.9 տոկոս աճի ցուցանիշը, տնտեսագետին խնդրեցինք անդրադառնալ նաև այս աճի ազդեցություններին:
Հիշեցնենք, որ նախ պաշտոնական վիճակագրությունը, ապա կառավարությունը տեղեկացրել էր, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի 13.9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:
«Այն, որ այդ աճերն արձանագրված են, վիճելի չեն, այսինքն՝ օտարերկրացիների բավական մեծ ներհոսքը ծառայությունների, սպասարկման ոլորտում բավական մեծ աճեր արձանագրեց, և, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսության համար կտրուկ կերպով գեներացվեց սպառողական պահանջարկ, ինչն իր դրական ազդեցությունն ունեցավ՝ ինչպես ուղղակի ազդեցության ոլորոտների վրա, այնպես էլ՝ հարակից:
Այսինքն՝ աճը կա, սակայն այն պայմանավորված է արտաքին գործոններով: Դա շատ ռիսկային է, որովհետև ինչ-որ պահից սկսած՝ այդ նույն հոսքերը կարող են պարզապես չլինել: Հետևաբար, այսօրվա աճերի վրա հիմնված ապագայի կանխատեսումները, ապագային միտված ծախսերը, նպատակադրումները ևս շատ ռիսկային են»,- ի պատասխան՝ արձանագրեց փորձագետը:
Նա նաև նկատեց, որ այսօր ՀՀ-ն կանգնած է նմանատիպ իրավիճակի երկրորդ ալիքի հավանականության առաջ, որովհետև ՌԴ-ում մասնավոր մոբիլիզացիայի հայտարարությունից հետո արդեն իսկ նկատվում են նոր հոսքեր:
«Իրավիճակը համանման կլինի, օրինակ, սպառողական պահանջարկի տեսանկյունից, քանի որ այդ մարդիկ, որոնք հիմնականում ՀՀ քաղաքացիներ կամ երկքաղաքացիներ են, այստեղ ապրելով՝ շարունակելու են գեներացնել այդ սպառողական պահանջարկը: Սա իր ածանցյալ ժամանակավոր դրական էֆեկտներն է ունենալու:
Այս ներհոսքը, սակայն, ունի առանձնահատկություններ, որոնք իրավիճակի տարբերություն են ենթադրում առնվազն. եթե այս տարվա սկզբին ՀՀ ժամանած օտարերկրացիները մեծամասամբ ՏՏ ոլորտում աշխատող կայացած մասնագետներ էին, մարդիկ, որոնք ստանում էին բարձր եկամուտներ, և, հետևաբար, ենթադրվում էր, որ այստեղ ևս մեծ գումարներ են ծախսելու, ապա այս պարագայում խոսքը, հակված ենք կարծելու, որ առավելապես վերաբերելու է մեր քաղաքացիներին կամ երկքաղաքացի համարվող մեր հայրենակիցներին: Այսինքն՝ որակական տարբերություն է լինելու եկամուտներ տիրապետելու տեսանկյունից:
Եվ բացի դրանից՝ ի վերջո, մեր քաղաքացիներն են, և չի բացառվում, որ դրական հնարավոր պահպանվող գործոններին զուգահեռ՝ պետության առջև նոր սոցիալական տեսակի խնդիրներ առաջանան: Իսկ թե ինչ ունակությամբ և ինչ արդյունավետությամբ է այս իշխանությունն ու կառավարությունը լուծում հանրության սոցիալական խնդիրները, այդ մասին ավելորդ է խոսելը»,- մանրամասնեց նա:
Լիլիա Ամիրխանյանը ևս մեկ անգամ անդրադարձավ հարցին, թե ինչու թմբկահարվող աճը չի անդրադառնում յուրաքանչյուրիս կենսամակարդակի վրա՝ նկատելով, որ այդ աճը ոչ թե մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքն է, այլ մեզ հետ կապ չունեցող գործոնների, որոնք ածանցյալ կերպով են դարձել մեզ վրա ազդեցության գործոններ: