«Որ պատերազմ լինի՝ առաջին գնացողը ես տեմ լի, վախում չեմ դրանցից, մեր հայրենիքի համար կյանքս դրած ա»․ Վարագավանի 86-ամյա բնակիչ
168.am-ն օրերս ուղևորվել էր Տավուշի մարզ, շրջել Բերդ քաղաքում, ինչպես նաև հարակից գյուղերում՝ Նավուր, Պառավաքար, Վարագավան։
Վարագավանում (նախկինում՝ Հախում,- Ն․Խ․) հանդիպեցինք տարեց մի գյուղացու, ով այդ պահին ավանակի կապն էր արձակում, որ փողոցից տուն տանի։
Ներկայացավ՝ Երջանիկ Սարգսյան, 86 տարեկան։ Նա պատմեց, որ գյուղում կյանքը շատ դժվար է, միակ եկամուտը իր և հիվանդ կնոջ թոշակն է։ Սեզոնին էլ մի կտոր հողատարածքում խաղող են մշակում, դրանից ստացված գումարով ապրում․
«Որդի ջան, մեր գյուղում համարյա մարդ չի մնացել, սաղ գնացել են, մի քանի տնտեսություն է մնացել։ Հողամաս ունենք, բայց սալյարկի, տրակտորիստի պատճառով չենք կարողանում վարել, ամեն ինչ թանկ ու կրակ ա։ Տրակտորիստը ջոկ է հախն ուզում, սալյարկեն էլ կես լիտրը դարձել է 500 դրամ։ Գնում վազ (խաղող,- Ն․Խ․) ենք մշակում, կես հեկտար խաղողի վազ ունեմ․ 52 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, 1936 թիվն եմ․․․ Լավ էլ աշխատող, հարվածային տղա եմ, 2 հատ մեդալ եմ ստացել՝ որպես վայեննի ծառայող։ Խաչատուրովն ինձ ընդունեց, ասեց՝ մի տարի մեծ ես, բայց կարաս ծառայես: Էդպես մի տարի էլ ազգային բանակի հետ եմ ծառայել՝ Մեհրաբում, որ հաղթեցինք թուրքերին ․․․»։
Տղամարդը ցույց է տալիս գյուղի մշակույթի տունը, ասում՝ ես եմ սարքել․
«Վեց ուստա ենք եղել, էս ղոլի ճակատն ու առաջը ես ու թովուզեցի մի տղա ենք պատել, բազմակողմանի վարպետ մարդ եմ։ Էս գյուղում արհեստանոցն եմ բանեցրել․․․ Փառք Աստծո, էդ խաղողը տանում ենք հանձնում, էլի մի զատ դուրս ա գալիս, բայց չնայած դեղերն էնքան թանկ ա, շատ ենք էլի տանջվում, որ ասեմ՝ Արարատյան դաշտավայրի պես լավ ենք ապրում, չէ՛»։
86-ամյա Երջանիկ պապուն հարցրեցինք՝ ավանակն անուն ունի՞:
«Ջեյրան եմ դրել անունը, էս ա մեր ունեցվածքը, սրանով եմ անտառից փայտ բերում, յոլա ենք գնում։ Թոշակ ենք ստանում, էն առաջին պատերազմում որ հաղթեցինք, 4 տարի ծառայել եմ՝ և ազգային բանակի հետ, և կամավոր։ Հիմա իմ թոշակը մի քիչ բարձր ա, 70.000 դրամ եմ ստանում, մի քիչ էլ կինս է ստանում, յոլա ենք գնում»։
Վարագավանի տարեց բնակիչը պատմեց, որ թշնամու կրակոցներից դեռ 1988 թվականին էր իրենց տունն ավերվել, իսկ մայրը հրաշքով էր փրկվել․
«Ասեղների պես բան էր, տվեց՝ շուշաբանդը լրիվ քանդեց։ Իմ մերը սաղ էր դեռ, 2 հատ կով ունեինք, կովը կթելիս ասել էր՝ էս մինը կթե՞մ, թե՞ էս մեկը, էն մեկը կթելիս տեղը տվել էին էս մի կովին սպանել, ինքը փրկվել էր․․․»։
Վարագավանի տարեց բնակչի ձեռքին դաջվածքներ կային, հարցրեցինք՝ ե՞րբ է արել, ի՞նչ խորհուրդ ունեն դրանք․
«Երկու տարի Էջմիածնի ճեմարանում եմ սովորել, էնտեղ մի հատ ընկեր ունեի, նա արեց։ Բայց շուտ դուրս եկա, մնացի ոչ, սիրեցի ոչ, ասեցին՝ չեք ամուսնանալու, վարդապետ եք լինելու, ես թողեցի փախա․․․»։
Երջանիկ պապն ասում է՝ Աստված չանի, բայց, որ կռիվ սկսվի, առաջիններից կլինի, որ զենքը ձեռքը կվերցնի ու հայրենի հողը կպաշտպանի․
«Որ պատերազմ լինի՝ առաջին գնացողը ես տեմ լի, վախում չեմ դրանցից, լեզուն էլ լավ հասկանում եմ, թուրքերեն իրենցից լավ եմ խոսում։ Բոլորս մի մտքի, մի խոսքի պետք է լինենք, որպեսզի կարողանանք հաղթել։ Ասելու բան շատ ունեմ, մեր հայրենիքի համար կյանքս էլ դրած ա․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում