Այս պանթեոնը քաղաքակիրթ աշխարհի անբարոյականության ու աշխարհում բարոյականության պարտության մասին է. Արևհատ Ամիրյան. «Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ»

«Սիսիանի պանթեոնն անգթորեն ընդարձակվել է… այն մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման, այս պանթեոնը պարտության մասին չէ, այլ` զենքը ձեռքին մինչև վերջ հանուն հայրենիքի նահատակության…: Այս պանթեոնը քաղաքակիրթ աշխարհի անբարոյականության մասին է ու աշխարհում բարոյականության պարտության մասին, նաև` աշխարհի խիղճը արթուն պահելու մասին: Այս պանթեոնը մեր անավարտ թռիչքի և թռիչքը ավարտին հասցնելու աներեր երազանքի մասին է…»:

Սա լրագրող, «Որոտան» թերթի հիմնադիր-խմբագիր Արևհատ Ամիրյանի «Ցավի փորձություն 44-օրյա պատերազմ» գրքի առաջաբանն է:

44-օրյա պատերազմում Սիսիանը կորցրել է 82 զավակներին: 64-ը հուղարկավորված են Սիսիանի համայնքային, 2-ը՝ Անգեղակոթի, 3-ը՝ Շաղատի պանթեոններում: Մեկ հոգի հուղարկավորված է Սիսիանի, մեկ հոգի՝ Նուբարաշենի գերեզմանատանը: Մեկ զինվոր հուղարկավորված է Ավանի ընտանեկան, մեկ այլ զինվոր՝ Մասիսի եղբայրական գերեզմանատանը, 9-ը՝ Եռաբլուրում:
«Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում, պանթեոնից շտապ վերադառնում էի` օրվա նահատակի կամ նահատակների մասին հնարավորինս արագ տեղեկատվություն հրապարակելու «Որոտան» կայքում: Այդ օրերին անպատկերացնելի էին մեզ պատուհասած աղետի չափերը և այն զարհուրելի իրողությունը, որի մեջ ապրում էինք: Գրեթե ամեն օր պանթեոն գնալ, զինվոր թաղելը դարձել էր մեր կյանքը, մեր ապրելաձևը, մեր հոգեվիճակը: Օր է եղել` միաժամանակ երեք, չորս, անգամ` վեց զինվոր ենք հուղարկավորել:

Պանթեոնում գրեթե ամեն օր ես զոհվածի մայր էի տեսնում, զոհվածի հայր: Ամեն նահատակի հետ փոխվում էին սգո թափորի մասնակիցները, բայց բոլորի դեմքին դաջված էր նույն զգացումը` ցավը:

Կարդացեք նաև

Պատահել է` նույն օրը զինվոր էինք թաղում և՛ Սիսիանում, և՛ Անգեղակոթում, և՛ Շաղատում, ու որովհետև միաժամանակ չէի կարող ներկա լինել բոլոր տեղերում, ինձ խոստանում էի նրանց մասին նույնպես գրել: Մեր 82 նահատակներից բացի, գրել եմ ևս 2 զոհվածի մասին, ովքեր թեև ծնունդով սիսիանցի չեն, բայց սիսիանցի են նրանց կանայք, ում հանդիպել և զրուցել եմ Շաղատում` շաղատեցի զոհվածների մասին նյութերը նախապատրաստելիս: Նրանք ևս հուղարկավորված են Եռաբլուրում:

44-օրյա պատերազմում Սիսիանի պանթեոնում առաջին հուղարկավորությունը կատարվել է 2020-ի սեպտեմբերի 29-ին, վերջինը` 2022-ի հունվարի 18-ին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արևհատ Ամիրյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմում Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 նահատակներից միայն 4-ի հուղարկավորմանը ներկա չի եղել (երկու դեպքում` հիվանդության, մեկ դեպքում` քեռու թաղումն է եղել Լծենում, մյուսը` հապճեպ հուղարկավորում):

«Երբ քեռուս թաղումից վերադարձա՝ 2021թ.-ի հունվարի 21-ի իմ ֆեյսբուքյան էջի նամականիում կարդացի օգտատերերից մեկի՝ ինձ ուղղված խոսքը, թե ինչո՞ւ Արման Կարապետյանի մասին նյութ չհրապարակեցի: Հասկացա, որ մարդիկ սպասում էին նահատակների մասին իմ հրապարակումներին, ու գուցե հենց այդ պահերին էլ ծնվեց գիրք տպագրելու գաղափարը: Ես հասկացա, որ 44-օրյա պատերազմում իմ զենքն էլ իմ գրիչն է, որը պարտավոր է հերոսացնել, անմահացնել, սերունդներին, պատմությանը թողնել հայրենյաց նահատակների անունն ու սխրանքը: Գրքի վերնագիրն ու խորագիրն էլ հենց ցավի այդ խելահեղ ընթացքում ծնվեցին:

Հասկացա, որ դա էլ իմ բաժին պատերազմն էր, որը պարտավոր էի հաղթել և նվիրել նահատակների ծնողներին, կանանց, զավակներին: Երբ պատերազմի ավարտից ամիսներ, անգամ` տարի հետո բախում էի նահատակի տան դուռը ու զգում զոհվածի ծնողի կամ` կնոջ «զարմանքը` այդքան ժամանակ անց իրենց չմոռանալու, իրենց այցելելու համար», երբ սրդողած տեսակապով կապվում էի նահատակի` Երևանում ապրող ինձ անծանոթ ծնողի հետ, բայց լսում նրա հարազատաբար, բարեկամաբար ասված` «սպասում էի քո զանգին» խոսքերը, «մոռանում էի» նախորդ օրերի գերհոգնածությունը, հույզերը, տկարությունը, ուժասպառությունը, անգամ` հիվանդությունը, և շարունակում իմ գործը»,- պատմեց Արևհատ Ամիրյանը:

Հեղինակի փոխանցմամբ՝ «Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ» գիրքն ունի երեք բաժին` «Ճակատագրի սերունդ», որը նվիրված է 44-օրյա պատերազմի նահատակներին, «Եվ դարից երկար ձգվող օրը. 2016. Ապրիլի 3», որը նվիրված է ապրիլյան քառօրյայի զոհերին, և` «Շփման գիծ», որտեղ զետեղված են 2014-2015 թթ. հայ-ադրբեջանական շփման գծում զոհված մեր 5 ժամկետային և պայմանագրային զինծառայողների մասին պատմող հոդվածները:

«Գիրքը «բացվում է» 2020-ի տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Գրիշա Մաթևոսյանին նվիրված հոդվածով. ցավոք, Սիսիանի պանթեոնում Գրիշայով սկսվեց «նոր շարքը», որը հետո այլևս ինքն իր մեջ անկարող եղավ «տեղավորել» մեր ցավը և անգթորեն տարածվեց: Նոյեմբերի 10-ին «արթնացա մեռած», հոգիս դուրս էր եկել մարմնիցս ու պտտվում էր վրաս: Ձեռքերով շոշափեցի ինձ, գտա, համոզվեցի, որ ես եմ, մտաբերեցի անունս, հիշեցի անելիքս ու շարունակեցի «ապրել»…:

«Ցավի փորձությունը» միասին «հաղթահարեցինք» պատերազմի նահատակների ծնողների, կանանց ու երեխաների հետ` ի խորոց սրտի նրանց հայտնած երախտապարտ, երախտագետ շնորհակալությամբ: Դա ինձ պահեց ոտքի վրա, դա վստահություն ներշնչեց այն հանդուգն, խիզախ, կարևոր ու անչափ պատասխանատու գործի մեջ, որ, ինչպես իրենք էին ասում, ուրիշ մեկը ի զորու չէր և հանձնառու չէր… Գրեթե երկու տարվա տառապալից, սպանող, բայց հերոսական վավերապատումն ավարտելուց հետո միայն մի բան եմ խնդրում Աստծուց` թող իմ գրիչն այլևս երբեք ոչ մի նահատակ զինվորի մասին մեկ տող, մեկ բառ անգամ չգրի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս