
Քաղաքացիական պայմանագիր՝ Ադրբեջանի հետ

Ադրբեջանի հետ «Խաղաղության համաձայնագիրը» մտասևեռում դարձրած Նիկոլ Փաշինյանին իրականում չի հետաքրքրում խաղաղությունը՝ հասկացության բովանդակ ու ընդգրկուն իմաստով։ Այդ փաստաթուղթը նրա համար սոսկ իրենից ուժեղից ապահովագրվելու երաշխիք է՝ Հայաստանում իշխանությունը պահպանելու նպատակով։
Ամենասատանայականը, սակայն, ոչ թե այդ ցանկությունն է՝ ինքնին, այլ այն, որ արտաքին թշնամուց նա խաղաղություն է մուրում՝ զուգահեռաբար խորացնելով ներքին թշնամանքը Հայաստանում։
Մեր հասարակությունը երբևէ չի եղել ավելի պառակտված, քան այսօր։ Հատկապես Արցախի կորստից հետո հազարավոր մարդիկ կորցրել են իրենց հարազատներին՝ ոչ միայն ֆիզիկապես՝ պատերազմում զոհվելու բերումով, այլ նաև սոցիալապես՝ պատերազմից հետո այս կամ այն քաղաքական դիրքավորման պատճառով։
Արցախյան պատերազմը՝ մարտի դաշտում ավարտվելուց հետո, տեղափոխվել է բազմաթիվ միջավայրեր, ընտանիքներ՝ թշնամացնելով ընկերների, ազգականների, անգամ երեխաների ու ծնողների։ Ներհայաստանյան պատերազմի գլխավոր մեղավոր իշխանությունը, որ հիմա անգամ բառեր ընտրելիս զգուշություն է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ, հաճույքով բորբոքում է ներքին թշնամանքը՝ արդեն անգամ առանց թաքցնելու թիրախավորելով արցախահայերին։ Նրանք Հայաստանում ունեն տասնյակ-հազարավոր հարազատներ, ազգականներ ու ընկերներ, հետևաբար՝ վերջիններս ևս անուղղակիորեն դառնում են ներքին թշնամանքի կողմ՝ հայտնվելով իշխանությանն աջակցողների հետ հակառակ բարիկադներում։
Ադրբեջանցիների հասցեին քնքույշ արտահայտություններ ընտրող իշխանության ներկայացուցիչներն ընտրում են ամենակոպիտ, վիրավորական արտահայտություններն իրենց ներքին քաղաքական հակառակորդներին պիտակավորելիս։
Իշխանության այդ հակառակորդներն ունեն հազարավոր համակիրներ, հետևորդներ, իրենց հետ հույս կապողներ։ Այսինքն՝ հայհոյելով, օրինակ, ընդդիմության առաջնորդներին, իշխանությունը խորացնում է ներքին թշնամանք դրանց հետևորդների ու իր իսկ համակիրների միջև։ Արտաքին քաղաքավարության ու ներքին հայհոյախոսության կոնտրաստը սոսկ բարոյական կամ էսթետիկական անհարմարություն չէ և ունի ավելի խորքային վտանգներ։ Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ թշնամական նկրտումներ ունեցող որևէ երկրի հանդեպ մեր դիմադրողականությունը, բացի սպառազինված բանակից, հզոր տնտեսությունից ու արտաքին դաշնակիցներից, պայմանավորված է ներքին համերաշխությամբ, ներհանրային թշնամանքի բացակայությամբ։
Ամենամարտունակ բանակն անգամ չի կարող ապահովագրել թշնամական ագրեսիան, եթե չկա ներքին համերաշխություն։
Մինչդեռ բանակի համար գնված զենքերի ու տնտեսության կասկածելի աճերի մասին ինքնագովազդով զբաղված իշխանությունը ոչ միայն ոչինչ չի անում ներքին թշնամանքը հաղթահարելու, ի վերջո, ներհանրային համերաշխություն հաստատելու համար, այլ ճիշտ հակառակը՝ ջանք չի խնայում հասարակության պառակտվածությունը, միջխմբային ատելությունը գագաթնակետին հասցնելու նպատակով։ Այնպես որ, եթե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ որևէ համաձայնագիր ստորագրի, իրականում դա վերաբերելու է ոչ թե խաղաղությանը, այլ սեփական իշխանության պահպանմանը։
Խաղաղությունը, որ իշխանությունը ներկայացնում է՝ որպես նպատակ, ընդամենը միջոց է, էժանագին միջոց, որը կապ չունենալով իրական և արժանապատիվ խաղաղության հետ՝ ավելի է թուլացնելու Հայաստանի դիմադրողականությունը։ Ճակատագրի հեգնանքով «Քաղաքացիական պայմանագիր» անվանումով կուսակցությամբ իշխանության եկածներն իրականում պատրաստվում են «Խաղաղության համաձայնագիր» անվանումով քաղաքացիական պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ իրենց իսկ ջանքերով թշնամացած հասարակության նկատմամբ իշխանությունը պահպանելու նպատակով։
Հարություն Ավետիսյան