«Պետք է կանխել. իրականացվում է հասարակության կազմաքանդման քաղաքականություն». Տարոն Սիմոնյան

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, Ազզային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն այն կարծիքին է, որ բացի այն խորքային սխալ քաղաքական գծից, որ իշխանությունները տանում են թե՛ արտաքին, թե՛ ներքին իմաստով, այն սխալ իրավական, տնտեսական, ֆինանսավարկային և հարկային քաղաքականություններից, ավելի պրոբլեմատիկ է հասարակության կազմաքանդման քաղաքականությունը:

«Այսինքն՝ ոչ միայն պետականության կազմաքանդման քաղաքականությունն է, որ այսօր տեսնում եք թե՛ հայտարարություններով, թե՛ կոնկրետ գործողություններով, թե՛ Անկախության հռչակագիրը ստորադասելով, թե՛ Սահմանադրությունը փորձելով վերափոխել թշնամու հարկադրանքի տակ, թե՛ մնացած գործընթացներով, այլ նաև հենց հասարակության կազմաքանդման գործընթաց է տեղի ունենում: Պետք է կանխել այս ամենը և դրան զուգահեռ՝ առաջարկել նոր կոնցեպտ՝ հասարակության կազմավորման կամ եղած կապերը պահպանելու: Ժամանակ առ ժամանակ, ամենաբարձր քաղաքական ղեկավարության մակարդակով անգամ հարձակում է կատարվում արժեքների նկատմամբ՝ սկսած ընտանիքից, վերջացրած ազգային գաղափարներով, պատկանելությամբ, սիմվոլներով և մնացած բոլոր երևույթները, որոնք մարդկանց միասին են կապում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ եթե պետությունն ու հասարակությունն առաջ տանելու նպատակ ձևակերպված չէ, ապա ժամանակակից որևէ գործընթաց մեզ համար օգտակար չի լինելու. «Այսօրվա արագ զարգացող քաոտիկ աշխարհում, եթե չունես նպատակ և այդ նպատակը չես կապում քո ազգային գաղափարի հետ, մտքի հետ, որը քեզ ապագայում կարող է հորիզոն տրամադրել, ապա ի՞նչ հույս ունես, որ փոթորկոտ ծովում կարող ես գոյատևել ևս մի քանի տարի»:

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի առաջ քաշած «իրական Հայաստան»-ի գաղափարը նյութական Հայաստանի մասին է. «Դրա մասին մեր մտածողները ժամանակին արտահայտվել են. Վահան Տերյանը շատ լավ էսսե ունի դրա մասին գրված, որտեղ շատ պարզ ասում է, որ անընդհատ տարվում ենք ծուլությամբ, հարմարավետությամբ և ուզում, որ ինչ-որ մի արտաքին հրաշք գա և երաշխավորի մեր ներկան՝ մոռանալով, որ այդպես չի լինում, այդպես մենք ընդամենը որոշակի ժամանակ հետաձգում ենք մեր վախճանը: Եթե չենք կառչում հոգևոր Հայաստանի գաղափարից, որովհետև միայն հոգևորն է գաղափարական, բարոյական արժեքային հենք ունեցող, և մեզ կապում ենք միայն նյութական Հայաստանի հետ, ապա դա շատ կարճաժամկետ հաճույք է:

Կարդացեք նաև

Տրվում ենք հաճույքներին՝ մոռանալով, որ ապագան, այսպես ասած՝ այսօրվա տքնաջան աշխատանքն է, որ երաշխավորելու է ապագայի հաճույք, ոչ թե ապագայի հաշվին այսօր հաճույք ստանանք և խաչ քաշենք այդ ապագայի վրա»:

Նա ընդգծեց՝ հոգևոր Հայաստանը ենթադրում է նախ և առաջ նպատակ, թե ուր է գնում ազգը. «Ազգը քաղաքականապես կազմակերպված ժողովուրդն է: Ժողովուրդը կարող է քաղաքականապես կազմակերպվածության բավականին ցածր մակարդակ ունենալ և այսպես ասած՝ իրեն շռայլություն թույլ տա քիչ կազմակերպվածություն ունենալ, նպատակ չունենալ, արժեքներ չունենալ, և պարզապես ապրել՝ ինչպես մնացած սպառողական հասարակություններում: Այսօրվա քաղաքական գիծը հենց տանում է դրան՝ ստանալ սպառողական հասարակություն, որն իրենց պատկերացմամբ՝ ժողովուրդն է:

Իմ պատկերացմամբ՝ ազգի գաղափարը երբեք չպետք է երկրորդական տանենք, որովհետև անգամ այնպիսի առաջավոր պետություններում, ինչպիսին, օրինակ, Միացյալ Նահանգներն են, անընդհատ խոսվում է ազգի մասին: Այնտեղ բազմաթիվ էթնոսներ կան, բազմաթիվ ազգեր կան, բայց իրենք խոսում են մեկ ազգի մասին, որովհետև քաղաքականապես կազմակերպված, պետության համար հիմք հանդիսացող հասարակությունը հենց ազգայինը պետք է լինի: Մեզ մոտ էլ՝ հայկական միջավայրում էլ, շատ դեպքերում ազգ ասելով՝ նույնացնում են էթնոսի հետ և մոռանում քաղաքական կազմակերպվածության կոմպոնենտը և ուզում են ավելի նեղ գաղափարական հենք տալ, սակայն, իմ կարծիքով՝ էթնոսի հետ կապված գաղափարական հենքը կարևոր տարր է ազգային կոմպոնենտի մեջ, բայց միակը չէ»:

Ըստ նրա՝ գործող իշխանությունների ճակատին պետք է ասել՝ իրենք որևէ կերպ ՀՀ շահը չեն սպասարկում և օր առաջ պետք է հեռանան, իսկ դա կարելի է անել թե՛ հանրահավաքների, թե՛ այլ գործիքների  միջոցով.

«Իսկ ավելի հեշտ տարբերակը ընտրությունների միջով անելն է: Հաջորդ տարի ընտրություններ են, և պետք է որ հասարակությունը հասկացած լինի, որ այս քաղաքական ուժը ոչ միայն չի սպասարկում հայկական շահը, այլ դիտավորյալ կամ գիտելիք չունենալու պատճառով ամեն ինչ անում է այդ շահի դեմ: Հասարակությունը մի քիչ մոլորված է, որովհետև գաղափարական շերտում խնդիր ունի, իսկ գաղափարական շերտում ես հուսահատություն եմ տեսնում մեր հասարակության ներսում: Հասարակությունը հույսն է կորցրել, շոկային վիճակում է, դրա համար շատ դեպքերում սխալ դիրքորոշում է հայտնում: Այս խնդիրը լուծելու համար պետք է մարդկանց մեջ հույս արթնացնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս