
Օրինակ և «դաս» Հայաստանի համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը կարող է դատապարտվել երկամյա պատժի՝ թուրքական տեղական ձեռնարկությունների արտադրանքը բոյկոտելու կոչերի համար: Այդ մասին հայտարարել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի փաստաբան Սեզգին Տունչը:
Փաստաբանն ասել է, որ Թուրքիայի իշխանության հետ քաղաքական դիմակայության ընթացքում արված բոյկոտի կոչը կարող է հակասել Թուրքիայի Առևտրային օրենսգրքի դրույթներին: Ըստ այդ օրենսգրքի, քաղաքական մոտիվներով բոյկոտի կոչերը կարող են հանգեցնել անբարեխիղճ մրցակցության և ձեռնարկություններին պատճառել վնաս: Ավելին, ձեռնարկությունները կարող են նույնիսկ փոխհատուցման համար դատական հայց ներկայացնել բոյկոտի կոչի հեղինակի դեմ:
Թուրքիայում, ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր սուր ներքաղաքական դիմակայություն է, այն բանից հետո, երբ կաշառառության մեղադրանքով ձերբակալվեց Ստամբուլի քաղաքապետ, ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն: Կուսակցության առաջնորդ Օզելը ներքաղաքական դիմակայության այս ընթացքում կոչ էր արել բոյկոտել ընկերություններին, որոնք կարող են առնչվել Թուրքիայի իշխանական շրջանակների, նախագահ Էրդողանի հետ:
Այստեղ, իհարկե, հարցը բոլորովին Թուրքիայի ներքաղաքական դիմակայությունը և հարցերը չեն: Տվյալ պարագայում ուշադրության արժանին այն է, թե ինչպես է պաշտպանված տնտեսությունը: Փաստացի, Առևտրային օրենսգիրքը մի կողմից՝ սահմանելով տնտեսական գործունեություն իրականացնողների համար շատ բարձր ֆինանսական և կառավարչական ստանդարտներ, մյուս կողմից՝ նաև բարձր պատասխանատվություն է սահմանում տնտեսության հանդեպ, տնտեսվարողների, թուրքական արտադրողների հանդեպ, որպեսզի քաղաքական հարաբերությունների և հաշիվների պարզումը չհարվածի տնտեսությանը:
Ոչինչ բյուրեղյա չէ, բնական է, տնտեսությունն ու քաղաքականությունն ունեն ընդհանուր շահեր շերտեր ու ենթաշերտեր, բայց կան սկզբունքներ, որոնք սահմանվում են տնտեսության, և առավել ևս՝ սեփական արտադրողի պաշտպանվածության համար, որպեսզի ներքին քաղաքական դիմակայություններն ու կոնյունկտուրան չավերի երկրի տնտեսությունը, որը ցանկացած երկրի կենսունակության հիմքն է:
Այս օրինակը շատ խոսուն է Հայաստանի ֆոնին, որտեղ նախորդ ամիս պարապուրդի էր մատնված տնտեսության խոշորագույն ձեռնարկությունն ու հարկատուն՝ Քաջարանի կոմբինատը, ինչի հետևանքով երկրի տնտեսությունը, բյուջեն, ռազմավարական նշանակության Սյունիքի մարզը կրել են հարյուրավոր միլիոն դրամների վնաս պարապուրդի ամեն մի օր: Գործադուլը, որի «տողատակերում» նշմարվում էին նաև քաղաքական երանգներ, պարապուրդի էր մատնել ընկերությունը գրեթե տասն օր:
Բայց կառավարությունը ոչ միայն գործուն ուշադրության չարժանացրեց տնտեսությանը, Սյունիքին, պետական բյուջեին, նաև պետության ներդրումային իմիջին հարվածող այդ երևույթին, այլ մի քանի շաբաթ անց գործադուլի որոշ կազմակերպիչներ վարչապետ Փաշինյանի բանախոսության առաջին շարքերում էին: Այդ ամենը կարող է մանրուք լինել գուցե սովորական աչքերի համար, բայց ներդրողների աչքերում չկա բացարձակապես ոչ մի մանրուք:
Դարձյալ ստիպված եմ հիշեցնել պարզ մի ճշմարտություն, որ «լավագույն ուսուցիչը թշնամին» է: Թուրքիան միջազգային հարաբերությունների խոշոր դերակատարի աստիճանի ու տրամաչափի է հասել նաև հենց դրանով՝ պաշտպանելով իր տնտեսությունը, տեղական արտադրությունը, դրանով ուժեղ ազդակ հաղորդելով արտաքին ներդրումների հոսքի համար: Այդ հանգամանքն է նպաստում նաև, որ չնայած շատ խոշոր տնտեսական դժվարություններին, որ կան այսօր Թուրքիայի համար, այդուհանդերձ չի լինում տնտեսության փլուզում, և Թուրքիան շարունակում է ներգրավել խոշոր ներդրումային ռեսուրսներ:
Քավ լիցի, բացարձակապես խոսք չկա այն մասին, որ Հայաստանում պետք է քրեորեն պատժելի լինի գործադուլ կազմակերպելը, աշխատանքային իրավունքների համար պայքարը: Ավելին, պետք է պետական քաղաքականություն իրականացնել երկրում արհմիությունների կենսունակ համակարգ ձևավորելու համար, որը թույլ կտա ինստիտուցիոնալ մակարդակ ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանության համար: Այնպես, որ այդ իրավունքները պաշտպանելիս անպաշտպան չդառնա տնտեսությունը, տեղական արտադրողը, պետության տնտեսական հեղինակությունը:
Աշխատողների իրավունքների պաշտպանությունը չի կարող իրականացվել տնտեսության անպաշտպանության հաշվին: Այդ դեպքում գլոբալ իմաստով բոլորն են դառնում անպաշտպան՝ թե այդ աշխատողը, թե տնտեսությունը, թե պետությունն ընդհանրապես:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ