«Սարիկ Մինասյանը խոստովանեց՝ ընտրություններն արդար չեն եղել»․ Գագիկ Համբարյան

ՔՊ-ի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը, որն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում, այսօր ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրությունների վերաբերյալ իր կանխատեսումներն 90 տոկոսով կատարվել են՝ մասնակցությունն է բարձր եղել։

«Եթե իմ մտածած թիվը լիներ մասնակցային, կլիներ 50+1»,-ասաց նա։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը դեռ երեկ մեզ հետ զրույցում նշել էր, որ ՔՊ-ի հաշվարկն այն է եղել, որ ընտրություններին պետք է մասնակցի մոտավորապես 35 հազար ընտրող, որից 17 հազար ձայն ՔՊ-ն պետք է ստանա և արդյունքում ունենան 50+1։ Սակայն, բարձր մասնակցությունը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը։

168․am-ը թեմայի առնչությամբ կապվեց քաղաքագետի հետ և խնդրեց մեկնաբանել Սարիկ Մինասյանի այս խոստովանություն-հայտարարությունը։

Կարդացեք նաև

«Երեկ մենք այդ մասին բավականին երկար խոսեցինք, ես բավականին մանրակրկիտ բացատրեցի։ Շատ զարմանալի էր, որ փաստացի Սարիկ Մինասյանը բառ առ բառ կրկնեց այն, ինչ երեկ ձեր եթերում ես ասացի, որը փաստում է, որ իրենք ընտրությունները պլանավորել էին, այսինքն՝ իրենք նախատեսել էին, որ 35 հազար ընտրող պետք է լինի և իրենք պետք է ունենան 17 հազարից մի փոքր ավել ձայն, ինչպես իրենք հավաքել էին՝ 17 հազար և մոտ 200 ձայն, որպեսզի ունենային 50 տոկոսից մի փոքր ավել արդյունք։ Եվ այո, մարդկանց մեծ հոսքը տեղամասեր խափանեց քայլիստների ծրագիրը։ Իսկ ծրագիրն այն է, որ ենթադրում եմ՝ ընտրություններն իրենք կանխավ կեղծել էին։ Ես երեկ էլ ասացի՝ իրենք պլանավորած են եղել 2 քաղաքական ուժ մտցնել այս իշխանություններին սատարող՝ մեկը լինելու էին քայլիստները, մյուսը՝ նրանց սատարող «Եվրադաշինքը», որովհետև Եվրադաշինքի երևանյան գործընկերները Երևանի ավագանիում սատարում են Նիկոլ Փաշինյանի՝ ի դեմս Արամ Զավենի Սարգսյանի։ Դրանք հեքիաթներ են, որ իրենք ուղղակի ընդդիմություն են լինելու այստեղ, այստեղ ոչ ոք այդ հեքիաթներին չէր էլ հավատում, որովհետև Արամ Զավենի Սարգսյանը մերթընդմերթ Նիկոլից ավելի Նիկոլ է։ Իսկ գլոբալ առումով՝ շատ հետաքրքիր էր Սարիկ Մինասյանի հայտարարությունը, որն այսօր բառ առ բառ կրկնեց իմ երեկվա մտքերը, փաստացի բացահայտելով, որ իրենք պլանավորած են այդ ձայներն ստացել, իսկ պլանավորել, որ այսքան մարդ պետք է մասնակցի, մեզ էլ այսքան ձայն է պետք, նշանակում է, որ ընտրությունները կանխավ կեղծված են եղել»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը նշեց, որ Գյումրիում և՛ ընտրություններից առաջ, և՛ ընտրություններից հետո շատ էին խոսակցությունները, որ բազմաթիվ ֆեյք ընտրողներ, որոնք գրանցված են Գյումրիում, բայց Գյումրիի հետ առնչություն չունեն, ակտիվ մասնակցել են ընտրության՝ քվեարկելով հօգուտ ՔՊ-ի․ «Սրանք բոլորը ասեկոսեներ են, բայց Սարիկ Մինասյանը փաստացի իր մեկնաբանությամբ հաստատեց, որ այդ ասեկոսեները էդքան էլ ասեկոսեներ չեն»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս