
Գյումրի-Երևան․ իշխանափոխության իրատեսական բանաձևը

Երեկ Գյումրիի ավագանու նիստում քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը։
Անկախ Գյումրիի նոր քաղաքապետի անձի, նրա որակների հանդեպ ունեցած շատերի վերապահումներից, տևական ժամանակի կտրվածքով տեղի ունեցածը եզակի քաղաքական հաջողության օրինակ է, որի արդյունքում բոլոր ոլորտներում ավտորիտար իշխանություն հաստատել փորձող ՔՊ-ն պարտություն կրեց։
Հատկապես ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը չափազանց հեղհեղուկ էր ոչ միայն՝ քաղաքական իմաստով, այլ նաև՝ միայն Գյումրիին բնորոշ առանձնահատկությունների, սովորութային սահմանափակումների պատճառով, որոնք, սակայն, հաղթահարվեցին, այդ թվում՝ նաև ընտրություններին մասնակցող տարբեր ընդդիմադիր թեկնածուների հետ անուղղակի առնչվող քաղաքական ուժերի փոխզիջումների արդյունքում։
Անկախ ամեն ինչից, փաստն այն է, որ Հայաստանի երկրորդ քաղաքում իշխանությունը պարտվեց, ինչն իշխանության պատճառով սահմանային իրավիճակում գտնվող երկրի համար կարելի է համարել չափավոր լավատեսություն կամ ներուժ պարունակող արդյունք՝ առաջիկա ընտրական զարգացումների համար։
Հայաստանը ստանդարտ իրավիճակում գտնվող պետություն չէ, գործող իշխանության պատճառով հայտնվել է գոյաբանական այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անպատեհ են դարձնում իշխանության դիրքերի թուլացմանն ուղղված քայլերի կամ դրանցում ներգրավված անձանց էսթետիկական որակների՝ դասական քաղաքականության չափանիշներին անհամապատասխանության հարցերի քննարկումը։ Հետևաբար՝ Վարդան Ղուկասյանի էքսցենտրիկությամբ պայմանավորված տեղի ունեցածն արժեզրկելու բոլոր փորձերը սպասարկում են միայն իշխանության շահերը։ Իսկ ընդդիմության, ոչ իշխանական բոլոր համակարգերի համար կարևոր է Գյումրիի նախադեպը համապետական ընտրություններում կիրառելու ուղիների որոնումը։
Հասկանալի է՝ Գյումրին ուներ բազմաթիվ առանձնահատկություններ, բայց անկախ բոլոր տեղական գործոններից, կատարվածը վկայում է հասարակության ընդվզման, իշխանությանը մերժելու իրողության մասին, որը ճիշտ քաղաքական աշխատանքի դեպքում կարող է ամբողջական իշխանափոխության հանգեցնել։ Իսկ քաղաքական աշխատանքի բանաձևը ներկայացվել է, օրինակ, ՀՀԿ խորհրդի վերջին ուղերձում և Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում։
Բավական ընդգրկուն այդ փաստաթղթերում, բազմաթիվ ու բազմաշերտ այլ քաղաքական ուղերձների շարքում կարմիր թելով անցնում է արձանագրումը․ «ՀՀԿ–ն հրամայական է համարում կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ հայության ազգային նպատակների պաշտպանության, որի շուրջ պետք է միավորվեն բոլոր հայրենասեր ուժերը՝ մի կողմ դնելով առկա տարաձայնությունները»:
Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում և, թերևս, զուգադիպություն չէ, որ այս ուղերձը հնչեց Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի ընտրության նախօրեին։ Գյումրիում տեղի ունեցածը հենց ՀՀԿ-ի ներկայացրած բանաձևի գործնական կիրառումն է, որի ամենակարևոր պայմանը «մի կողմ դնելով առկա տարաձայնությունները» արտահայտությունն է։
Իր ելույթում Սերժ Սարգսյանը շատ ավելի մանրամասն խոսել է բոլոր հակադրություններից ավելի, իշխանության հետ հակադրությունը որպես քաղաքական պայքարի ուղենիշ դարձնելու հրամայականի մասին։
ՀՀԿ-ն լայն իմաստով բոլոր ընդդիմադիր ուժերին առաջարկում է պայքարել հանուն իշխանափոխության՝ առանց իշխանության հավակնելու պայմանի։ Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգի արատներից գլխավորն այն է, որ գրեթե մյուս բոլոր քաղաքական ուժերը պայքարում են նույն նպատակով, բայց պայմանով, որ իշխանափոխությունը հնարավոր է/ցանկալի է միայն իրենց՝ իշխանության գալու պայմանով։ Գյումրիի նախադեպը ցույց տվեց հակառակի ոչ միայն իրատեսականության, այլ նաև այլընտրանք չունենալու մասին։
Հարություն Ավետիսյան