«Եթե մենք անջատեինք ուղիղ եթերը, ապա այնտեղ տեղի էր ունենալու ծեծկռտուք, որի արդյունքում մենք էինք նստելու, սա էր ամբողջ ծրագիրը»

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Մարալիկ քաղաքում նկարահանումներ իրականացնելու ժամանակ մի խումբ երիտասարդների կողմից հարձակման են ենթարկվել «ԱդեկվաԴ» հաղորման հեղինակներ Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը և նրանց օպերատորը։ Նրանց նկարահանումներին խոչընդոտել է 15-20 հոգուց բաղկացած խումբ, որոնք պահանջել են ջնջել Մարալիկում իրականացրած ողջ նկարահանումները։

Ն. Մալյանի և Ա. Դանիելյանի խոսքով՝ այս հարձակումը կազմակերպված է եղել իշխանությունների կողմից, իսկ հարձակվողների գլխավոր նպատակն այն է եղել, որ փորձել են իրենց սադրել, որպեսզի ենթարկեն իրավական պատասխանատվության։
Արթուր Դանիելյանը Մարալիկում տեղի ունեցած միջադեպում տեսնում է խուլիգանության նախանշաններ, լրագրողական  աշխատանքի, ինչպես նաև՝ ազատ տեղաշարժի և խոսքի խոչընդոտում։

«Իմ կարծիքով՝ իշխանությունն այս քայլին է գնացել, որպեսզի լռեցնի մեզ, իսկ մեզ լռեցնելու լավագույն միջոցը խուլիգանության հոդված բացելն էր, որը ենթադրում է 6-7 տարվա ազատազրկում»,- ընդգծեց Ա. Դանիելյանը։

Նրա կարծիքով՝ միջադեպի հետ կապված գործ կհարուցվի, սակայն խիստ կասկածում է, որ գործը կքննվի՝ առանց վերևից եկող ճնշումների։
Նարեկ Մալյանն էլ վստահեցրեց, որ միջադեպը կազմակերպված է եղել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն այն այդքան էլ կազմակերպիչների սրտով չի ընթացել, քանի որ, Մալյանի բնորոշմամբ, միջադեպի մասնակիցները «գնացել են սատանի մայլեն քանդրբազություն անելու»։

«Կյանքիս ընթացքում այնպիսի իրավիճակներ եմ ապրել, որ այդ խուլիգանները երբեք չէին կարող ինձ սադրել և իրենց ուզած հունով տանել ամեն ինչ։ Այո, այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, որովհետև նա է կազմակերպել։ Միջադեպի ժամանակ, եթե մենք անջատեինք ուղիղ եթերը, ապա այնտեղ տեղի էր ունենալու ծեծկռտուք, որի արդյունքում մենք էինք նստելու, սա էր ամբողջ ծրագիրը, որը խափանվեց  ուղիղ եթերի շնորհիվ»,- նշեց Ն. Մալյանը։

168.am-ի հարցին, թե արդյո՞ք կապ կա իրենց վրա հարձակվողների և արդեն տևական ժամանակ Մարալիկի քաղաքապետի հրաժարականը պահանջողների միջև, որոնք իրենց բողոքը հիմնավորում են նրանով, որ քաղաքապետը ՀՀԿ-ական է, ուստի պետք է հրաժարական տա, Նարեկ Մալյանը պատասխանեց, որ իրենք չէին գնացել Մարալիկ, որպեսզի սատարեին քաղաքապետին, քանի որ նրան նույնիսկ չեն էլ ճանաչում։

«Մենք գնացել էինք Մարալիկ՝ տեղում իրավիճակ լուսաբանելու, փաստեր վեր հանելու։ Աշխարհի ամենաբարձր ծառից թքած ունենք, թե Մարալիկի քաղաքապետը ՀՀԿ է, ՔՊ-ական, ֆաշիստ է թե փաշիստ, մեզ սա հետաքրքիր չէ։ Մարալիկում այդ 15-20 հոգանոց խումբը, երկու ամիս է՝ պարալիզացրել է համայնքապետարանի աշխատանքը, սրա համար մեղադրում եմ ոչ թե ոստիկանությանը, որ ոչինչ չի անում, այլ իշխանությանը, քանի որ վերջինս իրավապահ մարմին հետ է պահում գործելուց»,- նշեց Ն. Մալյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իբրև «ԱդեկվաԴներին» հովանավորում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը հեգնեցին.
«Մեզ կենտ օրերին հովանավորում է Ռոբերտ Քոչարյանը, զույգ օրերին՝ Սերժ Սարգսյանը»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս