Ինչո՞ւ էր Կարեն Պետրոսյանը հռհռում ներկայացման՝ Նիկոլ Փաշինյանին վերաբերող հատվածներում

Վերջին ժամանակներում հաճախ են խոսում այն մասին, որ իշխանական թիմում տարատեսակ խմբավորումներ են գործում, ներսում անկայուն վիճակ է, թայֆայական խմորումներ են զարգանում, ՔՊ-ականններն իրար վրա կոմպրոմատներ են հավաքում ու ժամանակ առ ժամանակ դրանք արտանետում հրապարակային դաշտ իրենց անփութության պատճառով կամ միգուցե միտումնավոր:

Նման մի պատմության մասին 168.am-ը տեղեկացավ Գյումրիի իր աղբյուրներից:

Այսպես՝ հոկտեմբերի 31-ին Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Վարդան Պետրոսյանի նոր ներկայացման պրեմիերան, որի ընթացքում դերասանը խիստ քննադատել է Հայաստանի բոլոր նախկին ղեկավարների ու Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները:

Ներկայացումը խաղացվել է բավականին մեծ դահլիճում, մի քանի հարյուր հանդիսատեսների ներկայությամբ, և ականատեսների ուշադրությունը գրավել է մի շատ հետաքրքիր հանգամանք:

Ներկայացմանը ներկա են գտնվել ու իրենց շատ տարօրինակ պահել Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս Ճարտարագիտական համալսարանի՝ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Պետրոսյանը և հակաեկեղեցական «Մեկ Հայաստան, մեկ Հայրապետ» շարժման երբեմնի առաջնորդ Կարեն Պետրոսյանը, ով հիմա զբաղեցնում է Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

Մեզ պատմեցին՝ այս երկուսը կոնկրետ ներկայացման այն հատվածներում, երբ խիստ քննադատության էր ենթարկվում Նիկոլ Փաշինյանը, շատ բուռն հրճվանքով, խինդ ու ծիծաղով են արձագանքել, այնպես, որ ամբողջ դահլիճը դա նկատել է: Իրականում մեզ ասացին՝ նրանք չէին էլ փորձում զուսպ լինել, և ակնհայտորեն ընկերներին ուրախացնում էր Նիկոլ Փաշինյանին թեկուզ հումորային ներկայացման շրջանակներում, բայց սուր քննադատության ենթարկելը:

Այս երկու անձանց պահվածքը օրեր շարունակ քննարկվել է Գյումրիում. մարդիկ զարմացած են եղել, թե ինչպես է հնարավոր նման բան, որ 4 ղեկավարներից միայն Նիկոլ Փաշինյանին առնչվող դրվագները անզուսպ հռհռոց առաջացնեն նրանց մոտ:

Ավելին, մեր տեղեկություններով՝ ներկայումս Կարեն Պետրոսյանը ակտիվորեն հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ, և երբ նրան հիշեցնում են իր նիկոլական լինելը, այն, որ Կաթողիկոսի դեմ դուրս գալով է նա ստացել իր ներկայիս պաշտոնը, վերջինս հայտարարում է, որ իր նշանակման հետ այս իշխանությունները կապ չունեն, և որ իրեն կանչել են Երևան, ու իրեն այս պաշտոնին նշանակել է ԵՊՏՀ այն ժամանակվա ռեկտոր ՀՀԿ-ական Կորյուն Աթոյանը, և իր նշանակումը որևէ կապ չունի Կաթողիկոսի դեմ գլխավորած իր շարժման հետ:

Ուշագրավ է, որ Կարեն Պետրոսյանն այս ու այնտեղ հայտարարում է, որ ինքը իշխող կուսակցության հետ որևէ կապ չունի, ընդհակառակը, շատ վատ է զգում իրեն, որ ժամանակին համագործակցել է նրանց հետ:

Այս պնդումները Գյումրիում միայն ծիծաղ են հարուցում, քանի որ մարզում բոլորը գիտեն՝ Կարեն Պետրոսյանի թիկունքում կանգնած է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար, այժմ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, և Կարեն Պետրոսյանն իր կարիերային թռիչքով պարտական է նրան:

Տարբեր առիթներով անձամբ Կարեն Պետրոսյանն է հայտարարել այդ մասին՝ «Արայիկ Հարությունյանն իմ ընկերս է, ինչ ըսեմ, ըդպես էլ կեղնի»:

Վերջինս նաև հերքում է այն տեղեկությունները, թե կապ ունի իր նախորդի՝ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Սամսոն Դավոյանի դեմ հարուցված քրեական գործի հետ, որը հարուցվել է Կարեն Պետրոսյանի նշանակումից անմիջապես հետո:

Սամսոն Դավոյանը մեղադրվում էր ահռելի գումարների վատնման մեջ, և թե ինչպես է նա գլուխն ազատել այդ պատմությունից, մնում է միայն կռահել:

Տեսանյութեր

Լրահոս