12 տեղամասային կենտրոններում տեղակայված են եղել մեկից ավելի տեղամասեր. ինչ խախտումներ են արձանագրվել

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով (բացառությամբ Ալագյազ համայնքի) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ստորև ներկայացնում ենք 71 տեղամասերում հանձնաժողովների նիստի դիտարկման ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 15:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 14-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 15-30 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և տեխնիկական խնդիրների պատճառով։

Տեղամասային կենտրոններից 12-ը գնահատվել են՝ որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված որևէ հատուկ միջոց առկա չէ դիտարկված տեղամասերից 43-ում։

12 տեղամասային կենտրոններում տեղակայված են եղել մեկից ավելի տեղամասեր։ Մեկ տեղամասային կենտրոնում տեղակայված տեղամասերը խոչընդոտում են միմյանց աշխատանքը։

Դիտարկված տեղամասերից 64-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ պատշաճ բաշխվել են, չորս տեղամասերում գործառույթների բաշխումը կատարվել է մասամբ, երեք տեղամասային կենտրոններում գործառույթների վիճակահանությամբ բաշխում տեղի չի ունեցել։

Դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 19-ում առավոտյան նիստին եղել են բացակա անդամներ։

Դիտարկված տեղամասերից 7-ում հանձնաժողովի նախագահը մասամբ է իրականացնում գործառույթները։ 2-ում հանձնաժողովի նախագահի գործառույթները փաստացի իրականացնում է այլ անձ։

Դիտարկված տեղամասային կենտրոններից երկուսում, քվեախցիկի դիրքի պատճառով, կարող է խախտվել ընտրողների գաղտնիության իրավունքը։

Հանձնաժողովի նիստի ընթացակարգերը մասամբ են պահպանվել դիտարկված տեղամասերից 10-ում և չեն պահպանվել 2-ում։

Դիտարկված տեղամասային կենտրոններից 5-ում դիտորդներն անբավարար են գնահատել քվեասենյակի լուսավորությունը, ևս 7-ում անբավարար է գնահատվել քվեարկության սենյակի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ 1 տեղամասում գրանցվել են միևնույն կուսակցության մեկից ավելի վստահված անձինք:

Դիտարկված տեղամասերից միայն 22-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք:

Դիտարկված տեղամասերից 23-ը գնահատվել են ոչ բավարար մատչելի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Տեսանյութեր

Լրահոս