«Չկա նման բան, չգիտենք էլ՝ ինչո՞ւ են նման սուտ լուրեր տարածում». Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

Երեկ ամբողջ համացանցում լուրեր շրջանառվեցին, թե իբր Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակչության տարհանում է տեղի ունենում։

Նման գրառում իր ֆեյսբուքյան էջում արել էր քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Գրառումից մի քանի րոպե անց համացանցում լուսանկար տարածվեց, որտեղ արձանագրված էր, թե ինչպես է Մարտիրոսյանը   Լիսաբոնի սրճարաններից  մեկում նստած, բջջային հեռախոսի մեջ խորացած, ամենայն հավանականությամբ գրառում  կատարում։

168.am հետ զրույցում Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ամիրաղյանն ասաց, որ առհասարակ չգիտի, թե ինչու են մարդիկ նման խուճապ ստեղծող գրառումներ տարածում, հատկապես այն դեպքում, երբ Նոյեմբերյանում բոլոր բնակիչներն իրենց տներում են, նույնիսկ տարհանման մասին որևէ խոսք չի եղել։

«Չկա նման բան, չգիտենք էլ՝ ինչու են նման սուտ լուրեր տարածում։ Նման մարդկանց չենք հասկանում ու չենք կարող բացատրել, թե ինչու են նման լուրեր տարածում։ Ըստ երևույթին նման կերպ փող են աշխատում, չգիտեմ։ Երևի այդ մարդիկ ուզում են այնպես անել, որ լրատվական կայքերին գրավեն դեպի իրենց»,- նշեց Արմինե Ամիրաղյանը։

Միաժամանակ նա փոխանցեց, որ Նոյեմբերյանում բնակչության շրջանում ագրեսիվ տրամադրվածություն ձևավորվեց տարածված  նյութի հանդեպ։

«Բնակիչներն ագրեսիվ տրամադրվեցին այդ տեղեկատվության նկատմամբ, այս ամենը հայի արած բան չէր, չպիտի հայը նման բան անի, որ ամբողջ ազգը մնա խուճապի մեջ»,- եզրափակեց Արմինե Ամիրաղյանը։

Տեսանյութեր

Լրահոս