Հարցեր ու պատասխաններ՝ իրավիճակի վերաբերյալ

Հարց 1

Ի՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ երկրի ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, և մյուս կողմից էլ՝ չի կարողանում զենք ձեռք բերել։

Անմիջապես հանդես է գալիս քաղաքական ընդդիմությունը՝ իր այլընտրանքային-պրագմատիկ կոնցեպտով, սկսում է կոնսուլտացիաներ՝ հանրային լայն շրջանակների հետ, անում է լրամշակումներ, շտկումներ։ Սկսում է կոնսուլտացիաներ և աշխատանքային կոնտակտներ խորհրդարանական մեծամասնության հետ։ Վերջիններս նույնպես հասկանում են, որ ձախողված սեփական կոնցեպտից հետո փոփոխություններ են պետք։ Նոր կոնցեպտը ներկայացվում է հանրությանը՝ աջակցության կոչով, ներկայացվում է  դաշնակիցներին, միջնորդերին, հարևաններին։

Եթե այս ամենը չի արվում, ապա տապալված կոնցեպտով իշխանությունը շարունակում է գործել, փողոցը և հանրային տրամադրությունները մարգինալացվում են, իսկ նոր պատերազմի ու նոր աղետի վտանգը կտրուկ մեծանում է։ Ազգովի սպասում ենք Ալիևի որոշումներին։

Հարց 2

Ի՞նչ է լինում, երբ պատերազմից հետո պետությունը չի կարողանում ճկուն լինել, դժվար որոշումներ կայացնել, ձգձգում է դրանք՝ պրոցեսները ինքնահոսի մատնելով։

Երբ պատերազմից հետո պետությունները չեն անում հետևություններ, պետական մտածողության, պրագմատիզմի և արժանապատվության հենքի վրա չեն ենթարկվում խորքային փոփոխությունների ու չեն հասկանում ստեղծված նոր իրականությունը, ապա հառակորդը «խաղաղության պայմանագրի» նախաձեռնությունն ամբողջությամբ  վերցնում է, սկսում է թելադրել սեփական օրակարգը, օվերտոնի սկզբունքով անընդհատ օրակարգային դարձնում նախկինում անհնար թվացող գաղափարներ։ Սա ի վերջո բերում է կա´մ լիակատար կապիտուլյացիայի, կա´մ նոր պատերազմի։

Հարց 3

Ի՞նչ է պետք է անել, երբ պատմական տվյալ փուլում չի ձևավորվում  կոնսոլիդացնող առաջնորդ։

Երբ չի ձևավորվում իրավիճակին համապատասխան, հանրությանը կոնսոլիդացնող առաջնորդ, ապա այլընտրանքը մեկն է՝ ստեղծել կոլեգիալ մարմին, որը կվերցնի պրոցեսների առաջնորդությունը՝ մինչև կստեղծվի նոր իրավիճակ։ Եթե սա չի արվում, ապա տապալված իշխանությունը շարունակում է իներցիայով մնալ՝ աննպատակ և պետության համար խիստ ռիսկային։ Իսկ հանրային դաշտը մարգինալացվում է, և ամեն կարգի հրապարակային ծաղրածուները դառնում են նյուզմեյքերներ, մարդկանց տրամադրություններ շեղող և մարդկանց՝ առանց այն էլ բարդ հոգեվիճակի վրա ազդող տարրեր։  Հանրությունը չի կարողանում կենտրոնանալ հիմնական գաղափարների վրա։ Եվ սա ուղիղ ռիսկ է՝ նոր աղետի և պետության փլուզման։

Հարց 4

Ի՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ հանրությունը, հավաքական միտքը չեն գիտակցում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։

Շատ կարևոր աշխատանք պիտի արվի հանրային ադեկվատ տրամադրությունների ձևավորման ուղղությամբ։ Սա ոչ իշխանական ֆունկցիոնալ առողջ համակարգերի գործն է։ Դա բարձր հայհոյելը չէ, ընտրազանգվածներին վիրավորելը կամ մեղադրելը/չարախնդալը չէ, դա համակարգված, գրագետ աշխատանքն է։ Եթե սա չի արվում, ապա հանրությունը 3-4 օրյա հրադադարից հետո մոռանում է պատերազմի, հարյուրավոր զոհերի ու նոր պատերազմի վտանգի մասին։ Իսկ սա նշանակում է՝ նոր պատերազմ և նոր հարյուրավոր զոհեր։

Հարց 5

Ի՞նչ է լինում, երբ քաղաքական միտքը հայտնվում է պարզունակության ծուղակում։

Քաղաքական և պետական միտքը հայտնվել է անթույլատրելի ծուղակում. թուղթ ստորագրել-չստորագրել, միջանցք տալ-չտալ և այլն։ Սա աղետի տանող պրիմիտիվիզմ է։ Խնդիրը տեղափոխելով «հայրենասիրության» և «դավաճանության» պարզունակ տիրույթ՝ մենք մեծացնում ենք նոր աղետի հավանականությունը։Խնդիրը լրիվ այլ տիրույթում է՝ գրագետ լուծումների, պրագմատիկ առաջարկների, ճիշտ դիվանագիտության, այլ պետությունների հետ դժվար աշխատանքի և այլն։ Մեկ-երկու բառանոց հնչեղ ֆրազները լավ են միայն միտինգային հարթակի կամ ֆեյսբուքյան ֆլեշմոբի համար, սակայն քաղաքական միտքը պետք է գեներացնի ավելի բարդ և խոր լուծումներ, դրանք բացատրի հանրությանը, բարձրաձայնի դրանք՝ միջազգային հանրության ու նաև հակառակորդի համար։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ԲՈԼՈՐՈՎՍ ձայնակցում ենք Աղազարյան-Արզաքանցյան զույգին՝ մասնակցելով հանրային դատարկ ու վտանգավոր թամաշային։

Հարց 6

Ի՞նչ կարևոր գործ է տապալվել վերջին երկու տարում։

Վերջին երկու տարում Ադրբեջանը հսկայական ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնել՝ կտրուկ ուժեղացնելով իր դիրքերը և կշիռը՝ նոր օդանավակայաններ, ճանապարհներ, թունելներ և այլն։ Այս երկու տարում Հայաստանը պարտավոր էր Իրանի հետ ստորագրել Սյունիքում խոշոր ծրագրերի համաձայնագրեր՝ ճանապարհների, թունելների, երկաթուղու,  համատեղ ձեռնարկությունների, համատեղ զորավարժությունների և այլնի մասին։ Նույնիսկ միայն ստորագրման փաստն արդեն լուրջ ազդակ կլիներ հակառակորդին։ Եվ իրականում էլ կարելի էր լուրջ գործել սկսել, այդ թվում՝ Ռուսաստանի մեծ հետաքրքրությամբ։Մյուս բոլոր տապալումների մասին՝ բանակի պատրաստման, դիրքերի տեխնիկական զինման և այլն, նույնիսկ ավելորդ է խոսելը։

Հարց 7

Ի՞նչ է լինում, երբ իշխանությունը նման որակի է, իսկ ընդդիմությունը չի վերափոխվում իշխանության պատրաստ լուրջ համակարգի։

Երբ պատերազմից ու պատմական պարտությունից հետո իշխանությունը վերարտադրվում է ու շարունակում վտանգավոր ցածրորակ կառավարումը, իսկ ընդդիմութունը չի վերափոխվում լուրջ համակարգի՝ դառնալով այլընտրանք իշխանությանը, ապա հասարակությունը դառնում է անտարբեր, անհեռանկար, անհաղորդ՝ պետության և իր իսկ գլխին կախված  վտանգներին, և անկախ այն բանից, թե ո´ր ընտրազանգվածին է պատկանել վերջին ընտրություններում, ո´ւմ է ձայն է տվել, մարդն իրեն զգում է լքված ու «անտեր»։ Իսկ նման պայմաններում հարևանների, միջնորդների և հակառակորդի մոտ ծագում է ամենավտանգավոր հարցը՝ իսկ այս ժողովուրդն ընդհանրապես ունա՞կ է պետականության։

Հարց 8

Կա՞ արդյոք ներքին ռեսուրս՝ իրավիճակը փոխելու, աղետը կանգնեցնելու։

Միանշանակ կա։ Ընդդիմադիր համակարգերում, հանրային դաշտում, պետական համակարգում և նույնիսկ իշխանական թիմում կա ունակ, գրագետ և պատասխանատու մարդկանց բավարար թիվ։ Եվ ժամանակն է, որ ամեն մեկն իրեն տա հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ չի ստացվում։ Ամենամեծ խոչընդոտը մեր մտածողության մեջ է. պետք է դուրս գալ ստանդարտ պատկերացումներից, նախկին և ներկա կաղապարներից, անձնական կոմֆորտից։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս