«Պարոն Անտոնյան, եթե Ձեր աչքերն ուղղանկյունի են, եռանկյունի կամ քառակուսի, ասեք». Թեհմինա Վարդանյան
«Երևանի ավագանու պատմության մեջ՝ բացի կոյուղաջրերից, համենայն դեպս, ես չգիտեմ ավագանու անդամ, որ պատկան մարմիններին բողոք ներկայացնի ավագանու անդամների դեմ»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ շեշտելով, որ դահլիճում կա մեկը, ով որոշում է, որ իր և Թեհմինա Վարդանյանի դեմ պետք է բողոք ներկայացնի՝ ոչ ավել, ոչ պակաս՝ իր դեմ մահափորձի մեջ կասկածելու համար:
«Ի դեպ, ես սրանից հետո մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները և անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելու, որովհետև իրենք շատ թույլ ու անպաշտպան ավագանու անդամներ են: Այո՛, մեզ հրավիրեցին Կոտայքի քննչական բաժին, այո՛, ես և Թեհմինա Վարդանյանը հռհռալով գնացինք, որովհետև ծիծաղելի էր այս ամենը։ Բնականաբար, անցած նիստի օրակարգային հարցի շուրջ վեճը աղերս չուներ քրեական գործի հետ։ Բնականաբար, բողոքողը դրա մասին շատ լավ գիտեր, թե ինչի համար է դա արվել. թողնում եմ ձեր երևակայությանը»,- նշեց Անի Խաչատրյանը, ապա պատկան մարմինների, լրագրողների ուշադրությունը հրավիրեց.
«Մենք բազմիցս իր (խոսքը ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի մասին է) բերած նախագծերի մասին՝ փակելու և միացնելու, դրանց մասին խոսել ենք, ասել ենք՝ մի քանդեք, մի ավերեք այդ համակարգերը, բայց ինչպես գիտեք, դա շարունակական բնույթ է կրել, մեկ էլ՝ դրանից հետո՝ ալե-հոպ, տվյալ ավագանու անդամ Արման Անտոնյանը դարձել է սպորտդպրոցներից մեկի փոխտնօրեն: Մինչ այդ չէի մտածում, որ նման նախագծեր բերողների մոտ կարող է շահերի բախում էլ լինել»:
Անի Խաչատրյանը կոչ արեց իրավապահ մարմիններին դիտել Երևանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի տեսագրությունը և պարզել, թե ինչ էր թաքնված «ավագանու տվյալ անդամի կոստյումի հետնամասում, ինչքանով է դա օրինական, և ինչքանով իրավունք կա նմանատիպ բան բերել դահլիճ»:
Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ, շարունակելով Անի Խաչատրյանի խոսքը՝ հարցրեց, թե ինչո՞ւ պետք է մի ամբողջ օր կտրվեր իր առօրյայից, հրավիրվեր Չարենցավանի քննչական կոմիտե՝ բացատրություն տալու: Այնուհետև նա ընթերցեց իրեն ուղարկված նամակը. «2022 թվականի հունիսի 21-ի նիստի տեսագրությամբ պարզվել է՝ դուք Արման Անտոնյանին ասում եք, որ վաղը-մյուս օրը նորից կլորացրած աչքերով գալու եք նիստի ու ասեք, թե ավագանու անդամների հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Ասացեք՝ ի՞նչ եք նկատի ունեցել»:
Ապա, դիմելով Արման Անտոնյանին, ասաց. «Եթե ձեր աչքերը եռանկյունի են, ուղղանկյուն կամ քառակուսի, խնդրում եմ՝ ինձ դրա մասին տեղյակ պահեք: Ասենք՝ ինձ մի ասեք կլորացրած աչքեր, ասեք՝ եռանկյունի աչքեր: Դրա համար պետք չէ ինձ հասցնել Չարենցավանի քննչական կոմիտե: Ձեզ խորհուրդ եմ տալիս շատ ավելի լուրջ բաներով զբաղվել՝ գնացեք լողի, սպորտի, հեծանիվ վարեք, ի վերջո, գնացեք ասեղնագործության, գոբելենագործության: Նորմալ չէ, երբ 40 տարեկան տղամարդն ավագանու կին անդամին հասցնում է բաժին»:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր կարծիքը հայտնեց, որ պետք չէ նիստերի դահլիճ բերել անձնական փոխհարաբերություններն ու պարզաբանել: