«Այսօր՝ Անկախության 31-րդ տարեդարձին, մի իրավիճակի առջև ենք, որ, կարծեք, բացարձակապես անվտանգային համակարգ գոյություն չունի». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
«Մենք անկախությունը կերտեցինք անվտանգություն ապահովելու համար, անկախությունը կերտեցինք, որպեսզի մեր ինքնությունն ավելի երաշխավորված լինի, որ երկիրը՝ որպես ազգային պետություն, դառնա բոլոր հայերի համախմբման առանցքը, որպեսզի կարողանանք ազգային արժեքներն ավելի զորացնել, բայց մենք այսօր՝ Անկախության 31-րդ տարեդարձին, մի իրավիճակի առջև ենք, որ, կարծեք թե, բացարձակապես անվտանգային համակարգ գոյություն չունի»,- օրվա խորհրդի մասին իր մտորումները 168.am-ի հետ զրույցում այսպես է սկսում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Տոնը «Եռաբլուր»–ից սկսելը, անկախության զոհերին հարգանքի ու խոնարհումի տուրք մատուցելը հոգևորականը կարևոր և օրինաչափ է համարում, սակայն օրինաչափ չի համարում այն, որ բավարար պաշտպանվածության բացակայությամբ պայմանավորված ենք զոհեր ունենում: Նա ցավով է արձանագրում, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք նոր դիրքեր, որոնք խոցելի են:
«Ես անկախությունը չեմ կարողանում տարբերակել Արցախյան ազատամարտից. այդ երկուսն իրար հետ համադրված իրականություններ, իրադարձություններ են, և ունենալ անկախություն՝ զրկված լինելով Արցախյան ազատամարտի ձեռբքերումներից, դա էականորեն նվազեցնում է մեր ոգևորությունը, ձեռքբերումները:
Իհարկե, անկախությունը բացարձակ արժեք չէ. այսօր աշխարհում բացարձակ անկախ երկրներ չկան (այնքան ամեն ինչ փոխկապակցված է), բայց մենք ինքնուրույն պետական միավոր լինելու հանգամանքը պետք է օգտագործենք՝ մեր անվտանգային համակարգը զորացնելու: Մենք պետք է գործակցենք, հարաբերություններ ունենանք, բայց այդ ամենը պետք է երաշխավորեն մեր անվտանգային համակարգը, ոչ թե նվազեցնեն և ավելի խոցելի դարձնեն»,- եզրափակեց Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հայաստանն այսօր նշում է Անկախության օրը. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում քաղաքացիները ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ Կառավարությունն Ադրբեջանի սադրած վերջին պատերազմից հետո չեղարկել է տոնական միջոցառումները: