«Չգիտեմ՝ մեր «կալաբոկներին» աղվե՞սը կուտի, գա՞յլը, թե՞ արջը, բայց ինչ-որ մեկն ուտելու է». Քաղտեխնոլոգ

«Ցավոք, շախմատային պարտիայի մեջ մենք ոչ միայն ֆիգուրներ շարժողը չենք, անգամ «պեշկա» ենք դարձել, որին այս կամ այն կողմից բրթում են: Մեկ-մեկ ինձ թվում է՝ իշխանություններին թվում է, որ իրենք «պեշկա» են, որ ուզում են դառնալ ֆերզ ու հետո սկսում են բոլորին մեղադրել, թե ով է իրենց խանգարում ֆերզ դառնալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի վիճակը բավականին ծանր է:

Նրա խոսքով՝ ստացվել է այնպես, որ տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական ուժերի և նրանց շահերի բախման խաչմերուկ, իսկ մենք այդ խաչմերուկում ենք:

«Վերջապես պետք է փորձել հասկանալ, որ մենք չպետք է էմոցիաներով շարժվենք: Ազգը վաղուց պետք է սովորած լիներ սառը մտածել, դատել: Մենք դա չունենք, չենք սովորել 2000 տարի ու դժվար էլ սովորենք: Ստացվեց այնպես, որ պատմական այս ժամանակահատվածում, օրինակ, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն այնպես չդաշնակցեց, ինչպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան, բայց դա չի նշանակում, որ միանգամից ամեն ինչ պետք է գցել: Ես դեմ չեմ, կողմնակից եմ, հաճելի և շատ ճիշտ էր, որ ԱՄՆ 3-րդ դեմքը ժամանել էր Հայաստան: Ցավոք, ամեն ինչ արեցին իշխանությունները, որ այդ այցը ևս ինչ-որ առումով, եթե չձախողվի, ապա ստվերվի: Ասուլիսը խայտառակություն էր, բոլորը չգիտես ինչու, փորձում են մեղադրել թարգմանչուհուն, բայց նա մեղք չուներ: Նա մեղավոր չէ, որ երկրորդ ամբիոն չկա, ու ստիպված է հրել Փելիոսիին, որպեսզի թարգմանի: Մեղավորը կազմակերպիչներն էին»,- նշեց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ Փելոսիի գնալուց հետո Հայաստանի շուրջ մնալու է 4 բանակ. թուրքական, ռուսական, ադրբեջանական և պարսկական:

Կարդացեք նաև

«Եվ ասել, որ հենց հիմա ինչ-որ մեկը կօգնի՝ ես դեմ չեմ, կողմնակից եմ, որ բոլորի հետ պետք է շատ լավ լինել, առավել ևս՝ արևմտյան երկրների հետ: Թղթի վրա թող ինձ ապացուցեն՝ ոնց է զենքը գալու, ո՞վ է գալու: Եթե ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն դուրս գա, ես չեմ կասկածում՝ գազը դառնում է 3000 դոլար, ինչպես Եվրոպայում է: Ատոմակայանի ուրանը ստանում ենք Ռուսաստանից, և այնտեղ են հետո ուտիլիզացնում: Ինչպե՞ս ենք դա անելու: Ցորենը, շաքարը և այլն ստանում ենք այնտեղից, ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու: Մեզ մոտ 90 տոկոսը Ռուսաստանի շուկան է. երբ փակում են, ի՞նչ ենք անում: Երբ լինի հստակ պատասխան՝ սառը, թղթի վրա ապացուցված, որ սա փոխարինվում է սրանով, մեր շուկան կդառնա, օրինակ, Թուրքիան, Իրանը, Իրաքը, մենք կկարողանանք էներգակիրներ ներկրել այստեղից կամ այնտեղից, և մեզ զենք են մատակարարելու այսինչ երկրները՝ այսինչ ճանապարհով, այդ դեպքում կարող ենք նստել ու զրուցել՝ ինչպես ենք փոխարինում այս հատվածը մյուս հատվածով: Հակառակ պարագայում դա հեքիաթների թեմաներից է: Իհարկե, ինձ Վիեննան ու Փարիզն ավելի են դուր գալիս, քան Օրենբուրգն ու Պսկովը, բայց մի բան է դուր գալը, մեկ այլ բան՝ կարողանալ առաջին հերթին ապրել, որ հետո կարողանաս գնալ Վիեննա ու Փարիզ, ոչ թե Օրենբուրգ ու Պսկով. պարզապես ապրել, ոչ թե մեռնել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանը շեշտեց՝ ՌԴ-ին Հարավային Կովկասը պետք է, 300-400 տարի այն Ռուսաստանի շահերի կիզակետում է եղել և շարունակում է մնալ:

«Մեր իշխանությունների և դիվանագետների ամենամեծ պրոբլեմն այն է, որ երբեք չեն փորձում համադրել շահերը; Իսկ եթե ինչ-որ պահի ստացվել է համադրել, հետո էլ չենք մտածել դա մասին, ասել ենք՝ ուրեմն այդպես էլ մնալու է, առանց հասկանալու, որ աշխարհն այնքան արագ է զարգանում ու փոփոխվում, որ կարող է մի օր էլ հանկարծ այդ նույն շահը հակադրվի: Ո՞նց անել, որ քիթը պահել քամու ուղղությամբ ու չկորցնել այդ հոտառությունը: Մենք ամեն ինչ արել ենք այն բանով, որ դե հա՛, ռուսները մեզ հետ են, ուրեմն հանգիստ ենք: Այդպես չի լինում: Ոնց որ հիմա լինեն ամերիկացիները ու նոյեմբերի 9-ի՝ Կոնգրեսի ընտրությունից հետո շատ արագ փոխվի դա: Դա ամենժամյա աշխատանք է, ոչ թե 90-ականներին դիվանագիտական, ռազմաքաղաքական հաջողության էին հասել, պետք է նստեին ու վայելեին: Այդպես չի լինում: Հիմա չգիտեմ՝ մեր «կալաբոկներին» աղվե՞սը կուտի, գա՞յլը, թե՞ արջը, բայց ինչ-որ մեկը վերջում ուտելու է»,- հավելեց քաղտեխնոլոգը:

Տեսանյութեր

Լրահոս