Նիկոլ Փաշինյանն իրեն չի «սրբագրել». պատմությունը կրկնվում է

Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ սրբագրում է հատկապես իր պատերազմական ֆեյսբուքյան գրառումները և հայտարարությունները, բայց ինքն իրեն ամբողջովին չի կարող, չէ՞, սրբագրել, ուստի հանդիպում ենք ոչ պատահական համընկնումների՝ պատերազմի պատճառների և այլնի մասին՝ 44-օրյա պատերազմի և այս՝ վերջին օրերին Ադրբեջանի սկսած պատերազմական գործողությունների ֆոնին:

168.am-ը հավաքել է դրանցից մի քանիսը:

 Պատերազմի վերսկսման պատճառները՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

2021-ի սեպտեմբերի ապրիլ 14-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, թե Ադրբեջանը պատերազմ սկսելով՝ փորձեց կանգնեցնել Հայաստանի «թռիչքը».

Կարդացեք նաև

«Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու: Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան ա: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան ա, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան ա»:

Այս օրերին, երբ Ադրբեջանի սանձազերծմամբ պատերազմական գործողություններ են իրականացվում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ՝ մի քանի ուղղություններով, Նիկոլ Փաշինյանը դարձյալ նույն պատճառներն է նշում՝ Ադրբեջանին, ըստ էության, ներկայացնելով ընդամենը որպես նախանձ և չկամ հարևան՝ նախանձում են «Հայաստանի տնտեսական առաջընթացին»:

Օրեր առաջ՝ 2022թ. սեպտեմբեր 16-ին, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է.

«Պիտի ասեմ, որ իմ գնահատմամբ՝ նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում էր, այդ թվում՝ 2020 թվականին տեղի ունեցածը, որովհետև ի հեճուկս կանխատեսումների, դուք գիտեք, որ ընթացիկ տարում Հայաստանը տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ ունի: Բայց խնդիրը նույնիսկ ընթացիկ ցուցանիշները չեն՝ ՀՆԱ կամ տնտեսական ակտիվության, ընդամենը մեկ շաբաթ առաջ հրապարակվեց Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը, որի արդյունքներով Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհի 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, 2018 թվականի համեմատությամբ էականորեն բարելավել է դիրքերը: Եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին մենք 46-րդն ենք եղել: Ընդ որում՝ սա 2020 թվականի ցուցանիշն է»:

Տնտեսագետները և փաստեր ստուգող հարթակներն անմիջապես հասարակությանը տեղեկացրեցին, որ Փաշինյանն ու իր թիմակիցները Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի մասին տվյալները մանիպուլյացնում են, որին հանգամանորեն անդրադարձել էր «Լույս» հիմնադրամը՝ բացահայտելով Փաշինյանի սուտը:

Այս համատեքստում Փաշինյանը նշել է, թե Ադրբեջանի հարձակումը նաև ՀՀ ժողովրդավարության դեմ էր: Իսկ սրանից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում նա ադրբեջանական հարձակման պատճառ էր նշել բանակում իրենց սկսած բարեփոխումները: Այսինքն, նորից գալիս և հասնում ենք ՀՀ-ին «թռիչքի պահին» հարվածելու թեմային:

Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ Ադրբեջանը հարվածելու էր հենց այն պահին, երբ իր պետության հզորությունը գնահատեր ամենաբարձրը, իսկ հակառակորդի, տվյալ դեպքում՝ մեր պետության հզորությունը՝ ամենացածրը:

Պետությունների հզորությունները հաշվելու և գնահատելու տարբեր մեթոդներ և բանաձևեր կան, որտեղ հաշվի են առնվում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն: Փաշինյանը կարող է իր կեղծիքով մոլորեցնել մեր հասարակության մի մասին, բայց աշխարհաքաղաքական կենտրոններն ու միջազգային կառույցներն իր հրապարակած կեղծիքի վրա չեն հիմնվում, այլ իրական տվյալների:

Պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին:

Ադրբեջանի դեպքում այս բոլոր պարամետրերը, իրենց իսկ գնահատմամբ, հասել էին առավելագույնի՝ դաշնակիցների աջակցությունից սկսած՝ մինչև ազգային նպատակ:

Այսինքն, պետության հզորությունը վերջին 30 տարվա համեմատ ընդունել է ամենաբարձր արժեքը: Հայաստանի դեպքում այդ հզորությունը գնահատվել է ամենացածրը՝ դարձյալ դաշնակիցների հետ հարաբերության մակարդակից՝ մինչև ներքաղաքական վիճակ, հասարակության շրջանում պառակտում և այլն, ինչը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում պետության հզորության արժեքի վրա:

Ալիևն իր հաշվարկներում, ցավոք սրտի, չսխալվեց:

44-օրյա պատերազմից, ավելին, այդ պատերազմում ՀՀ-ի պարտությունից հետո Ադրբեջանի համար նոր պատերազմներ սկսելու և նոր նվաճումներ ունենալու վերևում նշված պարամետրերին ավելացել են նորերը:

Ադրբեջանի հեռահար նպատակներին անդրադարձել ենք բազմիցս, ուստի այս պահին կանգ չենք առնի դրա վրա:

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դասեր չի քաղել 44-օրյա պատերազմից և փորձել վերացնել վերը նշված պատճառները, այլ ավելացրել է նորերը՝ բանակի առավել թուլացումից կամ առնվազն չհզորացումից՝ մինչև տնտեսության թուլացում, դիվանագիտական հարթությունում՝ դաշնակիցների հետ հարաբերությունների վատացում, ներքաղաքական և բարոյահոգեբանական ոչ բարենպաստ վիճակ:

Բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է բլեֆային «թռիչքներից» խոսել, որին ավելացել է նաև պարտադրված «խաղաղության դարաշրջանի օրակարգը»: Դեռ չենք խոսում 44-օրյա պատերազմը հրահրող Փաշինյանի հայտարարություններից և այսօր իրավիճակի պատճառ՝ նրա արտաքին քաղաքական խոստում-գործարքներից:

 «Հողերի հանձնման» մասին զգուշացնող «դավադիրների» փնտրտուք

2020-ին սեպտեմբերին 21-ին, երբ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ներկայացնում էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, մեկ էլ «Պաշտպանված Հայաստան» խորագրի համատեքստում հայտարարեց.

«Իմիջիայլոց, կարևոր է նաև տեղեկատվական պաշտպանությունը: Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է: Օրինակ, կարող է մեկը դրսից նպատակով ասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը: Մեկը ինչ-որ տեղից, մի օտար երկրից, հավաստի աղբյուրից, և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ ոնց, էդ ով: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակներից»:

44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակեց «դավադիրների», «դավաճանների» փնտրել:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց.

«Սիրելի հայրենակիցներ.

Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:

Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել

Ազգային անվտանգության ծառայություն:

Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:

Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանո՛ւն հայրենիքի»:

Ի դեպ, այս գրառումը Նիկոլ Փաշինյանը ևս խմբագրումների էր ենթարկել, այս դեպքում՝ կատարել էր ավելացում, թե «նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում»:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց.

«Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է»:

Թե ինչ եղավ այս անձը, պարզ չէ: Բայց ՀՀ դատախազությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չի հարուցվել»։

168.am-ին էլ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում դասալքության դրվագներով հունիսի 1-ի դրությամբ իրենց մոտ առկա են հետևյալ տվյալները.

«Համաձայն վերջինիս՝ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով հարուցվել է 214 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 59 զինծառայող, այդ թվում՝ 1 շարքային և 58 պահեստազորային:

Դատարան է ուղարկվել նշված հոդվածով 1 քրեական գործ, իսկ 11 գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է:

Բացի այդ, ՀՀ քրեական նախկին (տվյալ ժամանակահատվածում գործող) օրենսգրքի 361-րդ հոդվածի 6-րդ մասի (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) հատկանիշներով հարուցվել է 192 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 71 զինծառայող, այդ թվում՝ 2 սպա, 12 պայմանագրային, 50 շարքային և սերժանտ, 7 պահեստազորային: Նշված քրեական գործերից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 47 քրեական գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է»:

Ըստ էության, դասալիքների թիվն այնքան էլ մեծ չի ստացվում, որքան որ ներկայացվում էր: Չմոռանանք, որ Ալիևը հղում տալով հայկական որոշակի շրջանակներին՝ խոսում էր 10.000 «դասալիքի» մասին:

Իսկ թե ովքեր էին խոսում համատարած դասալքությունից, կարծում ենք՝ անիմաստ է հիշեցնելը:

Այս պատերազմական լարված օրերին իշխանությունները դարձյալ իրենց դեմ դավադրություններից են խոսում:

Օրեր առաջ ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու մասին իրարամերժ հայտարարությունների ֆոնին, ասել էր. «Երևանից մարդկանց զանգում էին մարզեր, ասում էին՝ հողերը հանձնել են, թուղթը ստորագրած ա, եկեք ավտոներով հասեք Երևան»:

Նույն միտքը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանը, թե զինվորները զանգել են իրեն ու հարցրել՝ «ճի՞շտ է, որ թուղթ է ստորագրվել, էլ մեր սահմանը չենք պահո՞ւմ»:

Դուք պատկերացնո՞ւմ եք զինվորները պատերազմական թեժ կետում և պահին կարողանում են զանգել, ավելին, նման հարց տալ:

Փաշինյանը և նրա թիմը շարունակում են ռազմական գաղտնիքներ հրապարակել

168.amուսումնասիրել և հավաքել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում տեղադրված տարբեր գրառումները, հրապարակային ելույթները, հարցազրույցները, ուղերձներն ու կոչերը, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր: Այս ամենը նորից չենք մանրամասնի, միայն մեկ դրվագ կնշեմ, որը դուրս է մնացել վերը նշված հանրագումարից, որից հետո կանդրադառնանք նոր «բացահայտումներին»: Եվ այսպես՝ 2021-ի մայիսի 28-ին կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ տարածքում 6 զինծառայողների գերեվարվելու միջադեպին՝ հայտարարել էր, թե նրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ:

«Ի՞նչ նկատի ունենք՝ պետական սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն՝ դրանք իրականացվել են ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով»,- ասել էր նա:

Երկրի ղեկավարը շատ հանգիստ կարող էր ասել՝ իրականացրել են ինժեներական աշխատանքներ՝ ըստ էության, թշնամուն «իշմար» անելով, որ այդտեղ ականներ են դրված:

Այսօր նույն գործելաոճը շարունակվում է: ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀՀ-ն ֆինանսական բոլոր հնարավորություններն ունի ձեռք բերելու անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք, բայց ոչ մեկը չի վաճառում:

«Զենք ձեռք բերելն ունի 4 բաղադրիչ` ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- նշեց Փաշինյանը` հավելելով, որ որոշ երկրներ էլ պատրաստ են ՀՀ-ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենքը, իսկ Հայաստանն էլ չունի ելք դեպի ծով, որպեսզի կարողանա զենք գնել միջազգային վաճառողից և բերել երկիր։

Սրանից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարում է՝ «միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է»:

Հիշեցնենք, որ օրենքով պետական գաղտնիք է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին:

Հետաքրքիր է՝ երբ անցած տարի առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին նոր սպառազինությունների և զինված ուժերի վերազինման մասին, այդ թվում՝ ՌԴ-ից զենքի մատակարարման մասին, նա պատասխանել էր.

«Ես մեր և իմ անձամբ նախկինում թույլ տրված սխալը չեմ կրկնի։ Ես հրաժարվում եմ հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որևէ հարց»:

Իսկ հիմա հրապարակայնացնում ենք մեր զինված ուժերի զինվածության մակարդակը և սպառազինական խնդիրները: Գուցե կասեք՝ ով չգիտի: Այո, մեծ հաշվով, պարզ է: Բայց երկրի ղեկավարը չի կարող օրենք խախտել: Եթե չկա խախտում, ապա ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին անցած տարի պատասխանել ՌԴ-ից զենքի մատակարարումների մասին հարցին: Իսկ գուցե ոչինչ էլ չկար, դրա համար էլ լռե՞ց՝ ցույց տալով, թե իբր գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ հայտնող չէ:

Հոդվածն ամփոփենք վերջին փաստը նշելով՝ ինչպես 44-օրյա պատերազմը, այնպես էլ ադրբեջանական վերջին գործողությունների մասին իշխանությունները գիտեին՝ առնվազն 2-3 օր առաջ, բայց դարձյալ եղել են դեպքեր, երբ զինվորները զորամասից դուրս չեն հանվել, զորքը չի ծավալվել, ռազմական տեխնիկան չի քողարկվել, տեղը չի փոխվել, դիրքերը չեն կահավորվել, ինչպես որ պետք է, և այլն: Այսինքն, 44-օրյա պատերազմից պրոֆեսիոնալ բանակից խոսող իշխանությունը դասեր չի քաղել: Եվ հուսանք, որ 44-օրյա պատերազմի օրինակով «Լելե-Թեփեի» կրկնություն չենք ունենա՝ բանակին նոր զոհողությունների տանելով՝ հանուն սեփական փիառի:

Տեսանյութեր

Լրահոս