«Մոտավորապես պարզ է դառնում՝ ՀՀ սահմանագծի ո՞ր ուղղությամբ կարող է լինել Ադրբեջանի ենթադրելի հարվածային ուղղությունը»

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի իր անօրինական ջանքերը և ստեղծի էքստրատերիտորիալ միջանցք Հայաստանի սուվերեն տարածքով:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, դա չպետք է նորություն լիներ ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ այս իշխանությունների համար։

«Դանակը հասել է ոսկորին, նոր փորձում են վտանգների ու սպասվող նորանոր ագրեսիաների մասին բարձրաձայնել ի լուր աշխարհի։ Սակայն լավ է ուշ, քան երբեք։ Ես կարող եմ ասել, որ այդ ժամանակավոր հրադադարը շատ փխրուն է, ու ցանկացած պահի կարող է պայթել։ Ադրբեջանական կողմը երկօրյա ագրեսիայից հետո իր պլանը նվազագույնը կատարել է, հիմա զորքերի, սպառազինության վերախմբավորումներ է անում ու պատրաստվում է, իմ կարծիքով, նոր հարվածի»,- նշեց փորձագետը:

Ըստ Շիրազ Խաչատրյանի, մշտադիտարկումներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիների կողմից կուտակումներ կան և՛ նախիջևանյան, և՛ հայ-ադրբեջանական արևելյան սահմանների ուղղություններով: Ավելին, մոտավորապես պարզ է դառնում՝ ՀՀ սահմանագծի ո՞ր ուղղությամբ կարող է լինել ենթադրելի հարվածային ուղղությունը:

«Կարծում եմ, դա կարող է լինել այն ուղղություններով, որտեղով վերջին 2-3 օրը թշնամին փորձել է առաջխաղացում ապահովել, հատկապես՝ Ջերմուկի, Գորայք-Իշխանասար ուղղություններով։ Այդ հատվածները ՀՀ ամենանեղ հատվածներն են, և երկու կողմից թշնամին կարող է սեղմել ու կտրել-անցնել նշածս հատվածներից որևէ մեկի ուղղությամբ։ Սակայն այլ՝ ավելի բարդ հարվածի ուղղությունները ևս հավանական են՝ Վերին Շորժայից դեպի Նախիջևանի Արփաչայի ջրամբար:

Ի դեպ, վերը նշածս բնակավայրերի ուղղությունը լրիվ համընկնում է այն վերջին քայլերի հաջորդականության հետ, ինչ փորձում են անել ադրբեջանցիները: Մի պահ Արցախի ու Հայաստանի քարտեզին եմ նայում, և շատ հետաքրքիր փազլ է հավաքվում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը երկար է պատրաստվել այս գործողություններին, և հիմա, երբ հետհայացք է գցում, պարզ է դառնում՝ 44-օրյա պատերազմից առաջ և դրանից հետո թշնամին ինչպիսի երկարատև պլաններ է մշակել իր ուզածին հասնելու համար:

«Պարզ դառնում, թե վերջերս ինչու են շտապում Լաչինի ճանապարհի հանձնման հարցում (վերջին մարտական գործողությունների ժամանակ հատկապես հարվածներ էր հասցվում նաև Լաչինի ուղղությունից)։ Պատրաստվել են այս օրվան։ Եվ ընդհանրապես, Արցախ այցելողները հավանաբար մինչև Շուշի հասնելը նկատած կլինեն, թե Ադրբեջանն ինչպիսի ենթակառուցվածքներ է կառուցել այդ հատվածներում՝ թունելներ, երկաթգծեր, կամուրջներ։

Իրենց «Հաղթանակի ճանապարհի» թունելներն անցնում են նաև Ստեփանակերտ տանող ճանապարհի «տակով»՝ դեպի Լաչինի ուղղությամբ։ Այսինքն, միլիարդավոր դոլարներ ծախսել են հաստատ ոչ մինչև Շուշի հասնելու համար վերջնակետը Շուշին չէ, պլաններում ավելի երկար ճանապարհային քարտեզ է՝ դեպի Լաչին, Քարվաճառ, այսօրվա իրենց տեղակայված վայրեր՝ Գորայք, Ջերմուկ, Վերին Շորժա հատվածներ, որտեղից էլ կփորձեն ամենահավանական հարվածի ուղղություններից մեկով ռազմական ճանապարհով ի կատար ածել, այսպես ասած, միջանցքի գաղափարը։ Այդ միջանցքային տարբերակն այս պահին ավելի հավանական է թվում, քան հարավով անցնող Մեղրիի տարբերակը, քանի որ այնտեղ կա Իրան, որը բազմիցս հայտարարել է հայ-իրանական սահմանի փոփոխության անընդունելիության մասին»:

Տեսանյութեր

Լրահոս