Երբ ձախողումները փորձում են արդարացնել կեղծիքով, չեղած տնտեսական «վերելքով»

Հանդես գալով Ազգային ժողովում՝ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի առիթով, Նիկոլ Փաշինյանը կրկին չվարանեց դիմել իր սիրած զբաղմունքին, խաբել ու մոլորեցնել հասարակությանը։

Իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգի ձախողումներն արդարացնելու համար Փաշինյանը հայտարարեց, իբրև թե ադրբեջանական ագրեսիայի պատճառներից մեկն էլ Հայաստանի տնտեսության «վերելքն է» ու արձանագրվող հաջողությունները, որոնք հավանաբար սարսափեցրել են հակառակորդին։ Ուստի դրանով փորձում են կոտրել մեր տնտեսության զարգացման դինամիկան։

«Ի հեճուկս գլոբալ դժվարությունների, Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ, և նաև այս համատեքսում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակված տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Եվ այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան միայն վիճակագրական թվեր չեն, դրանք նաև որոշակի հնարավորություններ են զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես ասում են՝ ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ:

Կարդացեք նաև

Թե Հայաստանի տնտեսության ազատության ինդեքսն ինչքանո՞վ է բարելավվել, երևում է հնչող մեկնաբանությունների հետ կապված «Լույս» հիմնադրամի անցած օրը արած հայտարարությունից։ Ըստ այդ հայտարարության, ներկայացված տեղեկատվությունը չի պատկերում Հայաստանի տնտեսության ազատության 2022թ. իրական մակարդակը: Ճիշտ է, զեկույցը հրապարակվել է օրերս, բայց այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ․-ի դրությամբ:

«Ավելորդ չէ նշել, որ տվյալ կազմակերպության կողմից հրապարակված տվյալները, մեղմ ասած, շատ լավատեսական են։ 1995թ.-ից ի վեր հայտնի «Հերիթեյջ» հիմնադրամը հրապարակում է «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը՝ միտված տնտեսական ազատության մակարդակի գնահատմանը աշխարհի ավելի քան 177  երկրներում: Ինդեքսի չորս հենասյուներն են՝ օրենքի գերակայությունը, պետական հատվածի մեծությունը, պետական կարգավորումների արդյունավետությունը և շուկայի բացությունը: Համաձայն այս հիմնադրամի կողմից հրապարակված տվյալների՝ 2020թ․-ին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվել է 70,6 միավոր: Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ինդեքսի առավել թարմ տվյալներին, ապա վերջիններս պետք է փնտրել կրկին «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից արդեն 2022 թվականին հրապարակված զեկույցում։

Այսպես, համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի, Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով, կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, և նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում:

2001 թվականից ի վեր տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանում այսպիսի խոր հետընթաց չի գրանցել և չի հայտնվել նման ցածր մակարդակում:

Ի դեպ, ՀՀ դիրքը ևս միջազգային վարկանիշային աղյուսակում նշված ժամանակահատվածում երբեք չի եղել այսքան ցածր: 2022 թվականին տնտեսապես հիմնականում ազատ երկրների խմբից Հայաստանը հայտնվել է չափավոր ազատ երկրների շարքում: Այս հետընթացը Հայաստանում բազմագործոն է և արտացոլում է տնտեսական ազատության տարբեր սկզբունքների խախտման արդյունքները,-վերջին օրերին տնտեսության ազատության ինդեքսի վերաբերյալ իշխանությունների ոգևորված հայտարարությունների վրա սառը ջուր լցրեց «Լույս» հիմնադրամը։

Պաշտոնական տվյալներով, իհարկե, այս տարի մեր տնտեսության աճը բարձր է։ Բայց կարևորը ոչ թե այդ աճն է, այլ աճի իրական որակը։

Հայաստանի տնտեսության աճը բացարձակ որակ չունի։ Այն նստած է հիմնականում առևտրի ու ծառայությունների վրա։ Տնտեսական աճի 80 տոկոսից ավելին ապահովում են հենց այդ ոլորտները, ինչն էլ թելադրված է ոչ թե ներքին, այլ գերազանցապես արտաքին գործոններով, մասնավորապես՝ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանից ստացվող ֆինանսական հոսքերով ու մարդկանց տեղաշխարժերով։

Սրանք գործոններ են, որոնք մեր տնտեսության իրական զարգացումների հետ քիչ կապ ունեն և ցանկացած պահի կարող են դադարել։

Արդեն նկատվում են նաև առաջին արձագանքները՝ ֆինանսական հոսքերի աճը սկսել է դանդաղել։

Այն անվտանգային իրավիճակը, որն այս իշխանությունների անմիջական ջանքերով ստեղծվել է Հայաստանում ու Հայաստանի շուրջ, առաջիկայում ոչ մի լավ բան չի խոստանում։ Տնտեսության համար ստեղծված արտաքին բարենպաստ հնարավորություններն էլ են չորանալու։ 

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև զինվորների ու գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացումներից։ Հայտարարեց, թե «էականորեն և շոշափելիորեն բարձրացել են զինվորների աշխատավարձերը, բայց բազան այնպիսին է, որ ինչքան բարձրացնում ես, չնախատեսված չափերի գնաճ է լինում, հետո պարզվում է, որ այդ բարձրացումներով այդքան էլ չես հասցնում»։

Երեք-չորս տարվա ընթացքում զինվորների աշխատավարձը մի քանի հազար դրամով բարձրացրել են ու համարում են, թե մեծ բան են արել։ Այն դեպքում, երբ իրենց հարյուր-հազարավոր դրամների պարգևավճարներ են տալիս, միլիոնավոր դոլարներ մսխում պետական բյուջեից ու կրկնապատկում աշխատավարձերը, որոնք առանց այն էլ քիչ չեն։

Լավ է, գոնե խոստովանում են, որ զինվորների աշխատավարձի բարձրացումն էլ արձանագրվող գնաճն է «ուտում», ու մարդիկ չեն հասցնում գնաճի հետևից։

Տպավորություն են ստեղծել, որ իրենք կապ չունեն գնաճի հետ, որ գնաճը գալիս է դրսից, ու դրա դեմ իրենք ոչինչ անել չեն կարող։ Բայց մոռանում են, որ գնաճի հիմնական բաղադրիչը թելադրված է հենց ներքին տնտեսությունից ու կապված է իշխանությունների իրականացրած տնտեսական քաղաքականության հետ։ Վկա՝ գյուղմթերքների բարձր գները, որոնք արտադրության անկման հետևանք են։

Գիտության ոլորտում աշխատավարձերի կրկնապատկումից ու եռապատկումից են խոսում։ Չեն ասում, որ գիտության ոլորտում խղճուկ աշխատավարձ են տալիս։

Հիմնական աշխատավարձերը տատանվում են 100-150 հազար դրամի, գուցե նաև 200 հազար դրամի սահմաններում։ Ասենք՝ ավագ լաբորանտին տալիս են ընդամենը 110 հազար դրամ, իսկ կրտսեր գիտաշխատողին՝ 120 հազար դրամ։ Ու այսպիսի աշխատավարձերով ուզում են գիտություն զարգացնել և բարձրացնել ռազմարդյունաբերական համալիրի պոտենցիալը։

Ամփոփելով՝ արձանագրենք. ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց հերթական կեղծիքի չափաբաժինը՝ կրկին անգամ փորձելով մոլորեցնել հասարակությանը, որոնք ամեն օր իրենց կյանքում առերեսվում են աղքատության, գնաճի, սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների հետ:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս