«Նման արտահայտություններով նույնիսկ փողոցի խառը կանաչի վաճառողին չես համոզի». Ատոմ Մարգարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ադրբեջանի հարձակումն ի՞նչ է՝ նման էպատաժային, էպիզոդիկ գնահատումներո՞վ պետք է որոշել. Ադրբեջանը հարձակվում է, որ ոչնչացնի Հայաստանը»,- Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական ագրեսիայի «տնտեսական» պատճառների մասին վերջին հայտարարություններին այսպես է արձագանքում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ սահմանային հերթական ագրեսիային անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նախ՝ ԱԺ-ում, ապա՝ Կառավարությունում նշել էր, թե Ադրբեջանի հարձակումը հարձակում է Հայաստանի տնտեսական դինամիկայի վրա:

«Այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան միայն վիճակագրական թվեր չեն, դրանք նաև որոշակի հնարավորություններ են զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու,- սեպտեմբերի 14-ին ասել էր նա խորհրդարանում, ապա սեպտեմբերի 16-ին՝ կառավարությունում վերահաստատել, – Իմ գնահատմամբ՝ նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում էր՝ այդ թվում՝ 2020 թվականին տեղի ունեցածը»:

168.am-ի հետ զրույցում Ատոմ Մարգարյանն իշխանություններին հորդորեց իրերը կոչել իրենց անուններով և քայլեր ձեռնարկել:

Կարդացեք նաև

«Եթե ի վիճակի չեն, թող թողնեն-հեռանան: Նման արտահայտություններ անելով՝ նույնիսկ փողոցի խառը կանաչի վաճառողին չես համոզի: Բոլոր դեպքերում, այդ արտահայտությունները հնչում են իր լսարանի, իր կուսակիցների, պատգամավորների համար, և ես զարմանում եմ ընդդիմություն կոչված այդ հավաքույթի վրա՝ կա՛մ դրեք մանդատները, կա՛մ գնացեք այնտեղ, որտեղ նոմինալ գրանցված է ձեր հանրային քաղաքական ստատուսը,- հավելեց տնտեսագետը՝ հարցադրումով,- Եթե տնտեսական առաջընթացն ու ազատությունը կա, որտե՞ղ է դրա արդյունքը, այդ պաշտպանական համակարգն ու անվտանգությունը: Այդ զարգացումը, առաջընթացը բորենիների այս տարածաշրջանում առաջին հերթին պետք է դրսևորվեր հզոր պաշտպանական համակարգերի և անվտանգության բարձր աստիճանի միջոցով. ոչ մի նման բան մենք չենք տեսնում: Ես նույնիսկ լուրջ էլ չեմ համարում նման դիսկուրսը. այսօր օրակարգը լրիվ այլ պահանջներ է դնում»:

Ի դեպ, տնտեսական ազատությունների ինդեքսում մեր «ձեռքբերումները», որի մասին առաջինն «ավետել էր» Վահան Քերոբյանը, ապա կրկնել էին իշխանական պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը և, ի վերջո, նաև նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, պարզվում է՝ «ժամկետանց են»:

Վերջինի մասին տեղեկացրել էր, «ԼՈՒՅՍ» հիմնադրամը՝ արձանագրելով, որ ներկայացված տեղեկատվությունը չի պատկերում Հայաստանի տնտեսության ազատության 2022թ.-ի իրական մակարդակը:

«2022թ․ տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի՝ Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեև զեկույցը հրապարակվել է 2022թ․-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ․ դրությամբ»,- նշված էր հիմնադրամի վերլուծության մեջ:

Սա, սակայն, ամենը չէ. տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ իր հերթին է նկատում, որ տնտեսական ազատության ինդեքսի մասին ամենամյա զեկույցը, որն ընդունված է աշխարհում, Heritage Foundation-ի ուսումնասիրությունն է:

«Heritage Foundation-ի ցուցանիշով ՀՀ-ն 58-րդ տեղում է: Այլ կազմակերպություններ կարող են իրենց գնահատականները տալ, բայց դա կապ չունի տնտեսական ազատության այն ինդեքսի հետ, որն ընդունված է աշխարհում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս