«Թշնամին հիմա ավելի կարևոր կետերում է նստած, գյուղը թիրախի տակ է, կարող է 5 րոպե հետո էլ բան փոխվի»․ Հակոբ Ավետյան

Սեպտեմբերի 13-ին, թշնամու սանձազերծած հարձակումից հետո, արդեն 2-րդ օրն է՝ իրավիճակը սահմանին հարաբերական հանգիստ է։

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած հարաբերական հանգիստ վիճակին՝ գյուղի բնակիչները դեռ տարհանված են.

«Մասնավորապես, Սոթք գյուղը դատարկված, լքված վիճակում է, ով անասուն ունի՝ գալիս է խոտ գցում, ամենքը իր տանը նայում՝ գնում, ընտանիքներ չկան գյուղում, մարդիկ գնում-գալիս են»։

Թշնամին դեռ 1.5 տարի առաջ՝ 2021 թվականի մայիսի 12-ին էր ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դիրքավորվել։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ էր եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ, որտեղ վերջին օրերին թեժ մարտեր էին ընթանում։

Կարդացեք նաև

Ուստի Հակոբ Ավետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք թշնամին նույն տեղում է, որտեղ 1.5 տարի առաջ ներխուժել և տեղակայվել էր, թե՞ հետ է գնացել․

«Չէ՛, հետ գնալը մոռացե՛ք, այդպիսի հասկացողություն չկա,  ավելին՝ շատ տեղեր էլ առաջ են եկել, ի՞նչ հետ գնալ։ Դուք մոռացեք, որ թուրքն առաջ գա ու մի քայլ հետ գնա, այդպիսի բան չկա։ Հետ չեն գնում, հետ շպրտում են»:

Այսինքն՝ գյուղերն այս պահին թշնամու ուղիղ նշանառության տա՞կ են, ամեն պահի կարող են կրակե՞լ, հարցրեցինք Ավետյանին։

«Թշնամին հիմա ավելի կարևոր կետերում է նստած։ Այնպես է, որ գյուղը թիրախի տակ է, կարող է 5 րոպե հետո էլ բան փոխվի։ Անվտանգ վիճակում չենք մենք, բայց մնում ենք, չգիտենք՝ ինչ է լինելու։ Դարձել է ֆիդայիների թիվը, ավտոմատներն ուսներիս գցած գյուղի մեջ ման ենք գալիս, բայց էս թվին այդպես չի լինում․․․»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց․

«Այն բնակավայրերը, որտեղ վտանգ կա ներխուժման և գտնվում են անմիջականորեն սահմանին մոտ, գործողություններ են իրականացվում, մարդկանց զենք և համապատասխան ամեն ինչ բաժանվում է․․․»։

Գեղամասարի նախկին ղեկավարին հարցրեցինք՝ արդյոք սահմանամերձ Սոթք գյուղի բնակիչներին զենք բաժանվե՞լ է․

«Ոչ բոլորն են զենք ստացել, բայց որոշ մարդիկ ստացել են, բայց չգիտեմ՝ խի մի մասին չեն տվել։ Իհարկե, մարդ կա, որ իրեն չի հասնում, ամեն մարդու չպետք է զենք տան էլ, բայց նորմալ մարդիկ կան, որ չեն կարողացել զենք ստանալ, չեն տվել։ Գյուղում պետք է բոլոր նորմալ մարդկանց մոտ զենք լինի․․․»։

Տեսանյութեր

Լրահոս