ՊՆ-ն պետք է հստակեցնի՝ ո՞վ է ապատեղեկատվություն տարածում՝ Ալեն Սիմոնյա՞նը, թե՞ Քրիստիննե Գրիգորյանը

Պաշտպանության նախարարությունը երեկ, ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ցանկանում էին լռեցնել լրատվամիջոցներին, որ Արցախում տեղի ունեցողի իրական պատկերը հանրության համար հասանելի չլինի, հայտարարություն է տարածել, որում մեկ անգամ ևս հորդորել էր հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Ապա ևս մեկ հայտարարություն էր տարածել՝ այս անգամ խորհուրդ տալով ձեռնպահ մնալ տեսանյութեր հրապարակելուց:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։

Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»,- ասված էր ՊՆ հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Նման կոչով Ազգային ժողովում հանդես եկավ նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ հորդորելով հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Հիմա անդրադառնանք պաշտոնական լրահոսին:

13:11 րոպե- «Արմենպրեսը» հրապարակում է կատարում այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ ադրբեջանական ուժերը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում դրանք:

«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:

Այսինքն՝ Ազգային ժողովի նախագահը պաշտոնապես միջազգային գործընկերներին տեղեկացնում է, որ զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում: Իսկ այն, որ ԱԺ նախագահը պաշտոնական աղբյուր է, կարծում ենք, ոչ ոք չի կասկածում:

Այս հրապարակումից րոպեներ անց՝ ժամը 13:55-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է. «Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում»:

Թերևս անկասկած է, որ ՄԻՊ-ի հայտնած տեղեկությունը ևս համարվում է պաշտոնական աղբյուրից ստացված տեղեկություն:

Սրա վառ ապացույցն է այն, որ մինչև իր նախորդի՝ Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտը սահմանամերձ գոտիների ու թշնամու առաջխաղացումների, սադրանքների, հարձակումների մասին ստույգ տեղեկատվություն հայ հասարակությունը ստանում էր հենց նրանից, և անգամ ՊՆ-ն, որը շտապում էր հերքել դրանք, հետո ընդունում է Պաշտպանի տեղեկությունների իրավացիությունը:

Ինչևէ, հիմա մեր հասարակությունը խնդիր ունի հասկանալ՝ ի վերջո, ո՞ր պաշտոնական աղբյուրին վստահել, եթե ԱԺ նախագահը մի բան է ասում, ՄԻՊ-ը՝ մեկ այլ բան, երբ ԱԺ նախագահը խոսում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդամենը 4 վիրավորի մասին: Միգուցե ՊՆ-ն նախ պետական գերատեսչություններին ու նրա ղեկավարներին հորդորի ապատեղեկատվություն չտարածել, որովհետև պարզ չէ՝ ով է, այնուամենայնիվ, ստում՝ Ալեն Սիմոնյա՞նը, թե՞ Քրիստիննե Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս