Ինչ վիճակում է առողջապահական համակարգը. Ավանեսյանը պարզաբանում է
«Առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Մենք թե՛ մեր մարզային բժշկական կենտրոններում, թե՛ Երևան քաղաքում ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը: Բոլոր ԲԿ-ները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության անհրաժեշտ պարագաներով, մասնագիտական թիմերով, շտապօգնության բրիգադներով, և մենք այս պահին որևէ կարիք չունենք հավելյալ՝ ոչ մեր համակարգի ներսում, բաշխվածություն ապահովելու»,- ԱԺ-ում պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցադրումներին ի պատասխան՝ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի հավաստմամբ՝ իրենք ակտիվ կապի մեջ են սփյուռքի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների հետ. բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված, իսկ արդյունքները կներկայացվեն:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ բոլոր վիրավորները մարզային կենտրոններում ստանում են համապատախան բուժօգնություն, այնուհետև մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի բկ-ներ՝ ստանալու ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բուժօգնություն:
«Այսօր ես այցելել եմ Երևանում կենտրոններ, այցելելու եմ նաև բոլոր մարզերում բկ-ներ, որոնք սպասարկում են մեր վիրավորներին»,- ասաց նախարարը:
Պատգամավորի՝ սննդի կազմակերպման, արյան պաշարների մասին հստակեցնող հարցին ի պատասխան էլ՝ նախարարն արձագանքեց. «Մեր արյան պաշարները բավարար են, անընդհատ համալրվում են, բայց դա չի նշանակում, որ մենք ժամանակ առ ժամանակ չենք իրականացնում լրացուցիչ պաշարների համալրում. սա նորմալ, բնական ընթացք է»:
Սննդի հետ կապված հարցերին անդրադառնալով՝ նա հավելեց, որ դրանք համակարգված են և ամբողջ ծավալով իրականացվում են՝ համատեղ ՊՆ գործընկերների հետ: