Ի՞նչ է ընտրել Մոսկվան
Հայ-ադրբեջանական պատերազմի երկրորդ օրը ՀՀ ռազմավարական դաշնակից և անվտանգության երաշխավոր համարվող Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ընդգծված չեզոքություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ դիվանագիտական բառապաշարը կենտրոնացնելով ՌԴ միջնորդական, հրադադարին ուղղված ջանքերի ու կողմերի հետ մշտական կապ պահպանելու վրա:
Ի՞նչ է հայտարարել ու արել Ռուսաստանը
Ռազմագործողությունների երկու օրերի ընթացքում տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին, Միրզոյան-Լավրով, Պապիկյան-Շոյգու հեռախոսազրույցներ: ՀՀ-ն դիմել էր նաև օգնության խնդրանքով ՌԴ-ին՝ երկկողմ փաստաթղթային բազայի համաձայն, ու ՀԱՊԿ-ին: ՌԴ-ն նաև պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ «կոչ անելով կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների»։
«Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է դիմում՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով»,- ասված էր հաղորդագրությունում։ ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ ինչպես նախկինում, ելնում են նրանից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի դեպքում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
Անդրադարձ էր եղել նաև ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի կողմից, ով նշել էր՝ Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի շուտափույթ կայունացման համար։
Ի դեպ, նա նաև նշել էր, թե Ռուսաստանն Ադրբեջանի երեք խոշոր տնտեսական գործընկերներից մեկն է։ Նրա խոսքով՝ այս տարվա հունվարից հունիս ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,67 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,9 տոկոսով։
«Ռուսաստանն Ադրբեջանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերների եռյակում է։ Ռուսական հիմնական արտահանումը ներառում է պարենային ապրանքներ, մեքենաներ, սարքավորումներ, փայտանյութ ու մետաղներ»,- ասել է նա։
ՀԱՊԿ-ն իր հերթին՝ նախօրեին նիստ անցկացրեց, որի արդյունքում որոշում է կայացվել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում, կազմում են լինելու ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։
Մինչ ՀԱՊԿ առաքելության ժամանումը Հայաստանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ով հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Արմեն Գրիգորյանի հետ: Չի բացառվում, որ Խովաևի այցը ծրագրված էր ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցին զուգահեռ և պարզապես համընկնում է հայ-ադրբեջանական ռազմագործողությունների հետ:
Արևմտյան արձագանքները
Ռուսական դիվանագիտական չեզոք ձևակերպումների ֆոնին այս շրջափուլում արևմտյան արձագանքները՝ ավելի հասցեական, իսկ դիվանագիտական ջանքերն ավելի ինտենսիվ են թվում, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով և Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակադրմամբ, որի ուղղությամբ ջանքերն էլ ավելի ինտենսիվացել են ուկրաինական մարտական գործողությունների թատերաբեմում ռուսական կողմի անհաջողություններից հետո:
Հարկ է նախ հիշեցնել, որ դեպի Մոսկվա հայկական հեռախոսազանգերից հետո ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը կապ չի հաստատել Բաքու՝ Իլհամ Ալիևի, Ջեյհուն Բայրամովի կամ Զաքիր Հասանովի հետ:
Այս հարապատկերին ուշագրավ է հետևել, որ Փաշինյան-Մակրոն, Փաշինյան-Բլինքեն, Փաշինյան-Միշել հեռախոսազրույցներից հետո արևմտյան երեք պաշտոնյաները կապ են հաստատել Իլհամ Ալիևի հետ, իսկ Բլինքենի ու Մակրոնի՝ Ալիևին ուղղված խոսքում եղել են հասցեական կոչեր՝ դադարեցնել մարտական գործողությունները:
Բացի այդ, ԱՄՆ-ի դեպքում աշխատանք է սկսվել նաև ԱԳ նախարարների հետ. ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ: Ավանդական բրիֆինգում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայ-ադրբեջանական թեմատիկային նվիրել էր միանգամից մի քանի հարց: Նա մասնավորապես նշել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահին կոչ էր արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում։
Փրայսը նաև ասել էր, որ Միացյալ Նահանգներն էական փաստեր է տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքն ու զգալի վնաս հասցնում երկրի ենթակառուցվածքներին:
Ըստ խոսնակի՝ ամերիկյան կողմի համար ամենակարևոր այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը։ Ի դեպ, նշենք, որ զորքերի հետքաշման մասին կոչ ամերիկյան կողմը հղել է նաև ՀՀ-ին, միևնույն ժամանակ հայկական կողմին վստահեցնելով, որ ԱՄՆ-ը կպնդի անհապաղ դադարեցնել մարտերը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ևս հեռախոսազրույցներ է ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ: Ի դեպ, նախօրեին Ելիսեյան պալատը տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի և կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցում, ըստ ֆրանսիական կողմի, Մակրոնը շարունակել էր կոչ անել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն էլ նախօրեին նշել էր, որ խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում և՝ Հայաստանի տարածքում բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ, կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը:
Դիվանագիտական ակտիվությունը Հարավային Կովկասի շուրջ չի դադարել, անդրադարձերը շարունակվում են, և ըստ էության հայտարարությունները՝ հատկապես դիվանագիտական, մեծամասամբ կապ չունեն իրական քաղաքականության և ընթացող գործընթացների հետ: Սակայն դիվանագիտական արձագանքներն այնուամենայնիվ նաև կարևոր են, քանի որ դրանք արտացոլում են տվյալ պահին երկրների շահերը, տրամադրվածությունը, քաղաքականությունը, հնարավորությունները, երկկողմ հարաբերությունների կարևորությունը և հակառակ կողմի դիվանագիտական աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև ցույց են տալիս աշխարհաքաղաքական գործընթացի վեկտորները: Ակնհայտորեն Հարավային Կովկասի «գինն» Արևմուտքի համար բարձրացել է Ուկրաինայում սկսված պատերազմից հետո: 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին չհնչեց աջակցության որևէ խոսք՝ ուղղված Հայաստանին ու Արցախին, հայ ժողովուրդն ըստ էության միայնակ է մնացել ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ: Այսօր ըստ էության ևս իրավիճակն այդպիսին է, մեկ տարբերությամբ, որ Հայաստանն աշխարհաքաղաքական գործընթացներում անհրաժեշտ է Արևմուտքին: Դժվար չէ կանխատեսել, թե որ գործընթացներում, քանի որ արևմտյան ողջ ռեսուրսն այսօր աշխարհում ուղղվում է Ռուսաստանի դեմ:
Հակառուսական տրամադրություններն ու ՌԴ ընտրությունը
Քննարկման առանձին թեմա է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը հենց վերջերս՝ մի քանի շաբաթ առաջ, բողոքի նոտայով բողոքեց Հայաստանում հրահրվող հակառուսական տրամադրություններից: Սակայն հակառուսական տրամադրությունները ոչ միայն հրահրվում են, այլև ձևավորվում օբյեկտիվ իրողությունների ներքո:
Անկախ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունից, որը գոյություն չունի՝ որպես ՀՀ ազգային շահերն ու անվտանգությունն ապահովող, արտացոլող քաղաքականություն, ՀՀ քաղաքացուն դժվար է բացատրել, թե ինչ շահեր ունի Հարավային Կովկասում Ռուսաստանը, ինչ իրավիճակում է Ուկրաինայում ու աշխարհում և ինչու է հավասարության նշան դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ ՀՀ-ն չունի անվտանգություն, որտե՞ղ փնտրել անվտանգություն:
Այնուամենայնիվ ներկայացնենք նաև, թե հիմնականում ինչ կարծիքներ են շրջանառվում ռուսական փորձագիտական, համացանցային ու դիվանագիտական շրջանակներում, ինչպես է մեկնաբանվում ՌԴ պահվածքը և ինչ հանգամանքներ է հաշվի առնում Ռուսաստանը:
Ըստ կարծիքների և ընդհանուր առմամբ գերիշխող գնահատականների, իրավիճակը դիտարկվում է՝ որպես մարտահրավերային, ծուղակային, քանի որ դրան միջամտելու ցանկացած սցենար իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար:
Ի դեպ, դիտարկվում է նաև, որ մեծ ռիսկեր է պարունակում նաև չմիջամտելը, քանի որ կա ընկալում, որ Փաշինյանը և նրան հարող արևմտամետ շրջանակները, քարոզիչները «աշխատում են ՀՀ-ից ՌԴ-ին հանելու» համար, և սա լավ առիթ կլինի ՀՀ-ին ՀԱՊԿ-ից և եվրասիական ինտեգրացիոն կառույցներից դուրս բերելու գործընթաց սկսելու, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական վերակողմնորոշման համար դեպի Արևմուտք:
Միջամտությունն իր հերթին՝ ամենամեծ ռիսկն է, քանի որ դա լի է Թուրքիայի հետ սրման վտանգով, որը ՌԴ-ում ուկրաինական պատերազմի իրավիճակում թույլ տալ, ըստ կարծիքների, չեն կարող:
Գաղտնիք չէ, որ Թուրքիան աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանի համար դարձել է հենակետային երկիր, և որքան էլ, ըստ վերլուծաբանների՝ հարաբերությունները բարդ են, կա նաև համագործակցություն, փոխըմբռնում և գործարքներ մի շարք ռեգիոններում: Ուստի Ռուսաստանը կարծես ընտրել է չմիջամտելու և միջնորդական ջանքեր ցուցադրելու տարբերակը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման գնով: Իսկ վատթարացումն ունի՝ ինչպես ուղղորդվող, այնպես էլ՝ օբյեկտիվ բնույթ: