Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է

Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:  Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:

Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև: Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս